ԱՄՆ-ի ամենահայտնի հայազգի քույրերը՝ Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, իրենց աստղային ազգանունն օգտագործելու համար պատրաստվում են դատի տալ Միչիգան նահանգում գործող հայկական Kardashian Bakery & Grill ռեստորանին:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, քույրերն արդեն լրացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի թույլ չտան ռեստորանին իրենց՝ արդեն ապրանքանիշ դարձած ազգանունն օգտագործել:
Սակայն ռեստորանի համասեփականատեր Սանդրա Քարդաչյանը (Kardachian) դատական գործի համար որևէ հիմք չի տեսնում:
«Դա իմ ազգանունն է, ուստի՝ ես իրավասու եմ իմ բիզնեսում ազգանունս կիրառել»,-պարզաբանել է կինը:
Նա մանրամասնել է, որ իր ու ամուսնու՝ Հրաչ Քարդաչյանի ազգանունը թեև գրվում է «c» տառով, այնուհանդերձ` այն ճիշտ է գրել ու կարդալ «s»-ով, ինչպես որ Քարդաշյան (Каrdashian) քույրերի դեպքում է: Սանդրան հավելել է, որ իրականում իր ամուսինը Քարդաշյան քույրերի հետ արյունակցական կապ ունի:
«Չեմ կարծում, որ նրանք տեղյակ են դրանից, բայց ամուսնուս հայրը նրանց պապիկի բարեկամն է: Կուզենայի, որ հարցը դատարանից դուրս լուծվեր, ամեն դեպքում մենք ընտանիք ենք»,-շարունակել է Սանդրան:
Աղբյուրը նշում է, որ հայկական ռեստորանը բացվել է 2017թ. մարտին: Այն մատուցում է հայկական կերակրատեսակներ:
Հայտնի է, որ Քարդաշյան քույրերը դատական հայց ներկայացնելու մասին որոշումը պետք է կայացնեն մինչ 2018թ. փետրվար: