Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Հայաստանում նկատվող գնաճը պայմանավորված է 5 պատճառով:
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հիմնական պատճառը կապված է եվրոյի և դոլարի թանկացման հետ. «70 դրամով եվրոն է թանկացել, դոլարն էլ՝ առնվազն 50 դրամով, այսինքն` որևէ բիզնեսի շահութաբերությունը այսօր 10 տոկոսից պակաս է: Բազմաթիվ ներկրողներ ամիսներ շարունակ դեռ չէին թանկացնում, այնուհետև դա արեցին»։
Գագիկ Մակարյանը նշեց, որ թանկացման երկրորդ պատճառը կարող է կապված լինել տուրիզմի հետ։
«Այս տարի մենք աննախադեպ թվով այցելուներ ունեցանք. նրանք օգտվում են հյուրանոցներից, ռեստորաններից, սնվում են: Բացի այդ, Հայաստանում անընդհատ կոնֆերանսներ, միջոցառումներ են լինում, որոնք բավականին հյուրեր են բերում, և ընդհանուր պահանջարկը կարող է դրանից ակտիվանալ և ազդել շուկայի վրա»,-ասաց նա:
Հայաստանում նկատվող գնաճը նա կապեց նաև միջազգային շուկայում ապրանքի գների բարձրացման հետ:
«Պետք է ուշադրություն դարձնել, թե բերվող ապրանքները միայն ԵՄ-ի՞ց են, որոնք կարող էին եվրոյի պատճառով թանկանալ, թե՞ այլ շուկաներից: Օրինակ՝ շատ ապրանքներ բերվում են Ռուսաստանից, և ռուսական ռուբլու կուրսը, ընդհակառակը, լավանում է, սակայն մարդիկ որոշել են թանկացնել, ինչը համարում եմ չհիմնավորված»,-ասաց նա:
Ըստ նրա` չորրորդ պատճառը կարող է լինել այն, որ գնողունակությունը որոշակիորեն բարձրացել է, քանի որ տրանսֆերտների վիճակը բարելավվել է, և ռուսական ռուբլին կայունանում է:
«Գնողունակության բարձրացման հետևանքով կարող է լինել թանկացում, ինչը տրամաբանական է»,-ասաց նա և հինգերորդ պատճառը համարեց Նոր տարվա օրերի մոտենալը, ինչի հետևանքով ևս կարող է թանկացում լինել՝ կապված ներկրողների դրսևորումների հետ:
Գագիկ Մակարյանը նշեց, որ չի կարծում, թե գնաճը բյուջեն լցնելու համար է: Հարցին, թե հաշվի առնելով, որ առաջին անհրաժեշտության ապրանքներն են հիմնականում թանկանում, արդյո՞ք հնարավոր եք համարում, որ որոշ ներկրողներ պարզապես անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում, և այս պարագայում պետության վերահսկողությունն ինչպե՞ս եք գնահատում, Գագիկ Մակարյանն ասաց, որ միշտ պետք է պետության վերահսկողությունը լինի ժամանակին: Նա նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միշտ պետք է կանխատեսումներով հանդես գա, ոչ թե ուշացած արձագանքի, ինչը հաճախ լինում է:
«Պետք է հաշվի առնել, որ տեղական արտադրողները, որոնք հազիվ իրենց գոյությունը պահում էին, հիմա տեսնում են, որ գնողունակություն կա, ապրանքների գները բարձրանում են, մտածում են, որ իրենք էլ կարող են մի քիչ թանկացնել, մի փոքր շահութաբերություն ունենալու համար»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ պետք է միշտ հաշվի առնել, որ եթե պահանջարկն ավելանում է, գնողունակությունն ավելանում է, դա ժամանակավոր կարող է բերել գների բարձրացման, որը ժամանակի ընթացքում կկարգավորվի: Նա ասաց, որ զրուցել է սուպերմարկետների ղեկավարների հետ, ովքեր ասել են, որ 4-5 ամիս սպասել են, այնուհետև որոշել են թանկացնել, քանի որ եվրոն թանկացել է 13 տոկոսի չափ, իսկ դոլարը՝ 10 տոկոսով:
Նա նկատեց, որ ներմուծվող ապրանքների կեսից ավելին սննդամթերք է, որ Եվրոպայից և այլ երկրներից է ներկրվում. ԵԱՏՄ-ից սնունդ համեմատաբար քիչ է ներկրվում:
Գագիկ Մակարյանը նշեց, որ ներկայում ԵԱՏՄ-ից ներկրվող ալյուրի գինը էժանացել է, սակայն մեզ մոտ հացը չի էժանացել, քանի որ հաց արտադրողները հազիվ էին գոյատևում, հիմա մտածում են գոնե մի քիչ շահութաբերություն ունենալու մասին: Ըստ նրա` առաջիկայում ևս սպասվում են թանկացումներ, առավելևս, երբ 2018 թվականին, ԵԱՏՄ-ի պայմանագրերով պայմանավորված, որոշակի թանկացումներ կլինեն:
«Մենք երկու տարի արձակուրդի շրջան ունեինք, որ նախապատրաստվեինք, հասարակությունը, բիզնեսը, էկոնոմիկան զարգանար, սակայն քանի որ չհասցրեցինք շատ զարգանալ, ուժեղանալ, հիմա այդ տնտեսական երևույթները կազդեն սոցիալականի վրա»,-ասաց նա:
↧
ՀՀ-ում նկատվող գնաճը բյուջեն լցնելու համար չէ. այն պայմանավորված է 5 պատճառով. տնտեսագետ
↧