Ռուսաստան թուրքական լոլիկի մատակարարումների մեկնարկը կտրվի այս տարվա վերջին։ Նախատեսվում է, որ Թուրքիան ՌԴ կարտահանի տարեկան մոտ 50-60 հազ. տոննա լոլիկ, այս մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովի արած հայտարարությանը:
«Այո։ Այս տարվա վերջին կբացենք մի փոքր մասը՝ 50.000-60.000 տոննա լոլիկ դեպի Ռուսաստան: Դրանք փոքր ծավալներ են, աննշան։ Բացի այդ, մենք մեր թուրք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դա կլինի սեզոնային ներկրում, երբ մեզ մոտ, ցավոք, եղանակային պայմաններից ելնելով այդ մթերքը չի աճում», - ասել է ռուս նախարարը:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը նշել էր, որ երկրի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է շուկա թողնել տարեկան 50.000 տոննա թուրքական լոլիկ, դրա հետ մեկտեղ փոխվարչապետը շեշտել էր, որ նման որոշում կարող է կայացվել ոչ ավելի վաղ, քան 2018թ.:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
↧
Ռուսաստանը վերացրել է թուրքական լոլիկների ներկրման արգելքը. առաջին մատակարարումները կվերսկսվեն այս տարվա վերջին
↧