Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերության նոր ղեկավար Ջիմ Հեքեթը հայտարարել է առաջիկա ծրագրերի մասին, որոնց շնորհիվ սրընթաց զարգացող շուկայում ավտոբրենդը մրցունակ կլինի:
Ինչպես նշում է BBC-ն, Հեքեթը նշել է, որ Ford-ն ավանդական մեքենաների արտադրությունից զատ կկենտրոնանա ամենագնացների ու բեռնատարների վրա, ինչպես նաև ներդրումներ կանի էլեկտրական մեքենաների ու առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:
Հեքեթը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է 2020թ. դրությամբ իր մեքենաների 90%-ը դարձնել տեխնոլոգիապես ավելի առաջադեմ ու կապի միջոցներով ապահովված: Նրա կարծիքով՝ մեքենաներում հեռախոսների ու այլ սարքերի առկայությունը կգրավի գնորդներին:
Բացի այդ, ընկերությունը մտադիր է ավելի շատ ավտոմատացնել արտադրական գործընթացը, ինչի շնորհիվ ծախսերը կկրճատվեն 14 մլրդ դոլարով:
Հայտնի է, որ Հեքեթը ղեկավարի պաշտոնում է նշանակվել մայիսին: