Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ՀՀ վարչապետի հայտարարած ներդրումների շուրջ 40%-ը 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում արդեն իսկ իրականացվել է. Հ. Ազիզյան

$
0
0

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-17թթ. ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց՝ զուտ հոսքերի ծավալը կազմել է 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 35.6 միլիոն ԱՄՆ դոլար: Զուտ հոսքերի, ներդրումների ծավալի, բացասական կամ դրական հետևանքների ու հրապարակած տվյալների մասին Tert.am-ը զրուցեց ՀՀ տնտեսական ներդրումների և զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ:

-Պարո՛ն Ազիզյան, ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն ՝օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Ջերսիից՝ 65.3 մլն ԱՄՆ դոլար, Կիպրոսից՝ 13.7 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 1.1 մլն ԱՄՆ դոլար և Կուբայից՝ 729 հազ. ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքեր են արձանագրվել Գերմանիայից՝ 15.7 մլն ԱՄՆ դոլար և Միացյալ Թագավորությունից՝ 3.4 մլն ԱՄՆ դոլար: Սրանք ընդհանո՞ւր ներդրումներ են:

- Դրանք իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն են։ Ի՞նչ է դա նշանակում․ այդ հոսքերը ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները՝ մասնավորապես, վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, ստացված կամ տրված կանխավճարները:

- Այդ դեպքում ի՞նչ է իրենից ենթադրում ներդրումների բացասական մեծությունը։ Մամուլում այս օրերին շատ շրջանառվեց, թե ներդրումները, հակառակ խոստումների, նվազել են։

- Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների ներհոսքը Հայաստան:

- Որքա՞ն է կազմում ստացումների ծավալը վերջին տվյալներով, ծավալի ավելացո՞ւմ է նկատվում, թե՞ հակառակը:

- Նշեմ, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում: Վերջինս հաշվարկվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից՝ օգտագործելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալները:

Համաձայն մեր հաշվարկների՝ 2017թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ 024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի ներդրումները` շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականի հունվար-հունիսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ընդհանուր և ուղղակի ստացումներն ավելացել են համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով:

2016 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների աճողական տվյալները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը թույլ է տալիս ենթադրել, որ 2017թ․ համապատասխան ժամանակահատվածներում ևս կունենանք ստացումների ավելացումներ, ինչը կարող է պայմանավորված լինել ընկերությունների գործունեության սեզոնայնությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ստացումների աճ է արձանագրվել՝ հետևաբար զուտ ներդրումների ցածր մակարդակը պայմանավորված է ներդրումների մարումներով:

-Ասացիք, որ պայմանավորված է ներդրումների մարումներով: Հետևաբար` օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չե՞ն ունեցել, վճարունա՞կ են:

- Մեր նախնական գնահատականներով կարելի է փաստել, որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով: Սա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել են կանխավճարային փոխանցումներ: Միաժամանակ, կարծում ենք, որ վերցրած վարկերի մարումները հետագա ներդրումների գրավականն են:

- Առավել շատ տնտեսության ո՞ր ոլորտում է ակտիվություն նկատվում մարումների մասով, կա՞ն խոշոր մարումներ:

- Պարտքային գործիքների գծով մարումները բացահայտելու նպատակով վերլուծվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ներդրումներն ըստ երկիր-ոլորտ կտրվածքի, ինչի արդյունքում պարզվել է, որ խոշոր մարումներ են տեղի ունեցել խմիչքների արտադրության (Ֆրանսիա), հեռահաղորդակցության (Լիբանան) և էներգետիկայի (Ռուսաստան) ոլորտներում:

Այս ոլորտներում գործող ընկերությունները վերջին տարիներին հնարավոր է ունենային որոշակի դժվարություններ (վնասներ) և դրանց հաղթահարման նպատակով հնարավոր է հիմնական ներդրողից հավելյալ միջոցներ են ներգրավվել, իսկ ներկայումս դրանք մարվում են:

Այս դեպքում նույնպես ներդրումների մարումը խոսում է այն մասին, որ ընկերությունները վճարունակ են և մարումներից հետո կսկսեն ներդրումների նոր փուլ:

- Ներդրումների վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարություն էր արել, որ 2017 թվականի համար հնարավոր է իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր: Մինչ այժմ քանի՞ տոկոսն է իրականացվել:

- Քանի որ այս թեման շատ է արծարծվում, այդ թվում նաև լրատվամիջոցներում, ուզում եմ, որ բոլորը հստակ պատկերացում կազմեն, թե ինչի մասին է խոսքը ու փորձեն հնարավորինս զերծ մնալ այս հարցի շուրջ շահարկումներից ու պոպուլիստական հայտարարություններից:

Խոսքը 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին է, որոնք, ինչպես նշել էր վարչապետը, նախատեսվում է իրականացվել 2017թ․: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ, ինչպես նաև խորհրդատվական աջակցություն։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է։

Ուզում եմ ընդգծել, որ ներդրումների ներգրավումը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս նպատակով մենք հետամուտ ենք ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, շուտով ավարտին կմոտենան նաև օրենսդրական դաշտի բարեփոխումներն այս ոլորտում։ Իսկ արձանագրված ցուցանիշների վրա կանգ չենք առնելու, այլ շարունակելու ենք թե՛ պետական աջակցության առկա գործիքակազմով, թե՛ յուրաքանչյուր ներդրողի հետ անհատական վերաբերմունքով օժանդակել և խթանել օտարերկրյա ու տեղական ներդրումների իրականացումը Հայաստանում։

-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ևս բազմիցս հայտարարել է, որ 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում: Ներդրումային ի՞նչ ծրագրեր են դրանք, իրականացման որ փուլում են:

- ՀՀ-ում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին՝ ըստ իրենց կարիքների, տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն։ Այսպես, ՀՀ ՏԶՆՆ կողմից ներկայացվել է 66 այդպիսի ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կկատարվի 492.8 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի 7298 նոր աշխատատեղ: ՀՀ ՏԶՆՆ գրեթե օնլայն ռեժիմում աշխատում է ծրագրերի իրականացնողների հետ, անհրաժեշտության դեպքում աջակցելով խոչընդոտների վերացմանը և իրականացնում է ծրագրերի մոնիտորինգ։ Այս ծրագրերի մի մասն իրականացվում է օտարերկրյա ներդրողների կողմից։

Տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով արդեն իսկ իրականացվել է շուրջ 247 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է 3150 նոր աշխատատեղ:

ՀՀ ՏԶՆՆ կողմից հրապարակված ներդրումների թիվը ՀՀ վարչապետի հնչեցված ծավալի ընդամենը մի մասն է, քանի որ այստեղ չեն ներառված, օրինակ՝ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական և նրանց կողմից համակարգվող մասնավոր ծրագրերը։

-Բացի այդ, ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները կոռելացվո՞ւմ են ՀՀ վարչապետի կամ ՀՀ ՏԶՆՆ կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ:

-Ինչ վերաբերում է կոռելացմանը, ապա ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել ՀՀ վարչապետի կամ ՀՀ ՏԶՆՆ կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը, հաշվարկվում են հատուկ՝ ԱՄՀ կողմից մշակված և միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ և հրապարակվում են զուտ մեծություններով:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>