Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման աշխատանքների հարցը, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որը ենթադրում է Սև ծովի հատակով գազատար խողովակաշարի երկու ճյուղի կառուցում: Հայտնի է, որ առաջին ճյուղը նախատեսված է գազը թուրքական շուկա մատակարարելու, իսկ 2-րդը՝ վառելիքը Եվրոպա հասցնելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցմանը. ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմն այս նախագծում կներդնի 22 մլրդ դոլար:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նաև հաստատել են, որ 2017թ.-ին ձգտելու են ակտիվացնել կապերը մշակութային և զբոսաշրջային ոլորտներում:
Հայտնի է, որ Թուրքիան և Ռուսաստանը չեղարկում են սննդամթերքի ներկրման սահմանափակումները: ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել է, որ Թուրքիա ներկրվող սննդամթերքի սահմանափակումների վերացումը վերաբերում է նաև ռուսական հացահատիկին:
Ռուս գործիչը հավելել է, որ տարբեր են լինելու պատժամիջոցների վերացման ժամկետները` մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։