Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 15857 articles
Browse latest View live

Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:

Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը:  Պատասխանատուներն ընդգծել են՝ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան հայեցակարգ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու կարծիքները:


Ադրբեջանը Բելառուս է ուղարկել նավթի առաջին խմբաքանակը

$
0
0

Ադրբեջանը թուրքական Ջեյհան նավահանգստից Բելառուս է ուղարկել առաջին 90 հազար տոննա նավթը: Այս մասին, ինչպես հայտնում է minval.az կայքը, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

«Բելնավթքիմ» կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն փետրվարի վերջին ասել էր, որ SOCAR-ը մարտին Բելառուս նավթ կմատակարարի` նախ երկու նավթային լցանավ ուղարկելով Օդեսայի նավահանգիստ, այնտեղից Օդեսա-Բրոդի նավթամուղով այն հասցնելով Բելառուս: 

«Ուղարկել ենք երեկ երեկոյան` 90 հազար տոննա Azeri Light նավթ»,- հայտնել է Ահմեդովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը 2020 թվականին հնարավոր է մինչև 1 միլիոն տոննա նավթ մատակարարի Բելառուս:

Բելառուսն ակտիվորեն հնարավորություն է փնտրում ռուսական նավթին այլընտրանք գտնելու համար: Երկրի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը վերջերս հայտարարել էր, որ դիտարկվում է նավթի մատակարարման հավանականությունն Ուկրաինայից, Լեհաստանից, Մերձբալթյան երկրներից, Ղազախստանից, Ադրբեջանից:

Հանրային պահանջ կա, որ բոլոր հասարակական կազմակերպությունները լինեն թափանցիկ և հաշվետվություն ներկայացնեն. Դավիթ Անանյան

$
0
0

Այսօր Ազգային ժողովում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Գործող օրենքով ունենք այնպիսի իրավիճակ, որ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ: Այսինքն՝ մի կողմից ունենք ՀԿ-ներ, որոնք չեն ստանում հանրային միջոցներ և ընդհանրապես թափանցիկ չեն և հաշվետվողականության առումով հանրությանը որևէ հաշվետու տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ գործող պահանջով՝ հանրային միջոցներ ստացողները պետք է լինեն թափանցիկ»,-ասաց նա և նշեց, որ իրենք հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանում են բոլոր ՀԿ-ների համար, որպեսզի լինի լիարժեք թափանցիկություն:

Դավիթ Անանյանը նշեց, որն ՀԿ-ների համար էլեկտրոնային հարթակ են ստեղծել և ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով Taxservice.am կայքի համապատասխան հարթակում: «Մի կողմից դյուրացրել են հաշվետվություն ներկայացնելու մեխանիզմը և գործիքակազմը, մյուս կողմից սահմանել են պահանջ՝ բոլոր ՀԿ-ների համար: ՀԿ-ները ներկայացնում են տեղեկատվություն իրենց անդամների և կամավորների թվի վերաբերյալ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ»,-ասաց նա և նշեց, որ մեկ տարի հետո ներկայացված տեղեկատվությունը օգտակար չէ, ինչի համար էլ առաջարկում են, որ տեղեկատվությունը ներկայացվի հաշվետու տարվա վերջի դրությամբ:

«Հանրային պահանջ կա, որ բոլոր հասարակական կազմակերպությունները լինեն թափանցիկ, և հաշվետվողականության պահանջն իրականացվի: Այսինքն՝ չլինի խտրականություն, որ միայն հանրային միջոց ստացողները լինեն հաշվետու, այլ բոլորը»,-ասաց նա:

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն անարդյունավետ է. սրա պատասխանատվությունը կրելու է նաև այս իշխանությունը, որ հրաժարվեց իր՝ նախկինում տված խոստումներից. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

$
0
0

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն անարդար, անարդյունավետ համակարգ է, որը պետք է օր առաջ վերացնել: Այն քաղաքական, բարոյական պատասխանատվություն է, որ կրելու են դրա հեղինակները և այս իշխանությունը, որոնք ամբողջ ծավալով ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ հրաժարվելով իրենց՝ նախկինում տված խոստումներից: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Մեզ մոտ կենսաթոշակային բարեփոխումները բավականին բուռն տեղի ունեցան, և ամենատարօրինակ և առանձնահատուկ երևույթներից մեկն այն է, որ կենսաթոշակային բարեփոխումները նախաձեռնեց Կենտրոնական բանկը, որը ո՛չ օրենսդրական, ո՛չ սահմանադրական մակարդակով գործառույթ չունի այս ոլորտում»,-ասաց նա՝ ընդգծելով, թե համակարգի վերաբերյալ ՀՅԴ տեսակետը նույնն է եղել թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում եղած ժամանակ:

«Սա այն կարմիր գծերից մեկն է, որի դեմ տարիներ շարունակ պայքարել ենք»,-նշեց նա:

Տնտեսագետի պնդմամբ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ առաջին միֆն այն է, թե այդ միջոցները ապահովված են, երաշխավորված են, և քաղաքացիներն այդ գումարներն ստանալու են:

«Նշեմ, որ 2019թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է 244 մլրդ դրամ գումար, և պետությունը չի կարող երաշխիք տալ այդ գումարի համար, նույնիսկ դրա կեսի համար չի կարող երաշխիք տալ՝ հաշվի առնելով, որ այդ գումարներն աճելու են տարիներ շարունակ: Սա լուրջ ֆինանսական ռիսկեր է պարունակում»,-ասաց Պարսյանը:

Նա նշեց, թե տարբեր երկրների օրինակով կա այդ համակարգի անարդյունավետության մասին ապացույցը: «Լավագույն օրինակներից մեկը Չիլին է, որը 2008 թ.-ին, երբ արդեն կենսաթոշակը պետք է փոխանցեր, պարզվեց, որ կենսաթոշակառուների 88 տոկոսն ստանալու է նվազագույն աշխատավարձից ցածր, երբ նախատեսվում էր տրամադրել միջին աշխատավարձի 40 տոկոսը»,-ներկայացրեց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով՝ հատկապես ցածր կենսաթոշակ են ստանալու կանայք. «Երեք և ավելի երեխա ունեցող կանայք ուղղակի դատապարտված են աղքատ ծերության, քանի որ այդ տարիների ընթացքում իրենք գումար չեն կուտակում և, բնականաբար, ոչինչ էլ չեն ստանալու»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

2018-ին զբաղվածության պետական ծրագրերը թերակատարվել են 75 տոկոսով. Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց իշխանության չկատարած խոստումները և առկա խնդիրները (տեսանյութ)

$
0
0

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պարբերաբար իրականացնում է մասնագիտական վերլուծություններ, որոնք վերաբերում են տնտեսության ներառական զարգացմանը: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Նա ներկայացրեց իրենց հետազոտություններից որոշ արձանագրումներ և խոսելով «Չկատավրող խոստումներ, առկա խնդիրներ» սոցիալական պաշտպանությանը վերաբերող վերլուծության մասին՝ նշեց, որ սկզբում կառավարության գերակա հռչակած նպատակադրումներ են, որոնք վերաբերում են սոցիալական պաշտպանությանը՝ զբաղվածության շարունակական աճ, 2050-ին 2.5 մլն զբաղված մարդ, 20 տարում բնակչության կրկնապատկում, 2050-ին 5 մլն բնակչություն, արժանապատիվ աշխատանք, ցածր եկամուտի առաջանցիկ աճ.

«Սրանք կառավարության նոր ծրագրերից վերցված խոստումներ են, ինչպես նաև՝ կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, ծնելիության խրախուսում և այլն: Զբաղվածության տեսանկյունից ունենք հետևյալ պատկերը՝ 2018-ին զբաղվածության պետական ծրագրերը թերակատարվել են 75 տոկոսով, ընդամենը 1.7 մլրդի ծրագրեր, որոնք պետք է առնչվեին շուրջ 3-4 հազար մարդու: Վերացվել են ծրագրերի նպատակային կառավարման մի շարք գործիքներ, աշխատողների թիվը վիճակագրության համաձայն 2018-ին աճել է 50 հազարով, որի 60 տոկոսը՝ մինչև 2018-ի ապրիլ, իսկ այստեղից ընդամենը 2 տոկոսն են, որ նոր ստեղծած աշխատատեղեր են»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ 2019-ին թիվն այդ իմաստով շատ չի տարբերվում. «Ֆինանսավորման աճը չի եղել 2019 թվականին, թերակատարումը՝ 50 տոկոս, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ծրագրերին 4 անգամ է կրճատվել, աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 51.500-ով պաշտոնական վիճակագրությամբ, գործառույթների թիվը, որը մտնում է այդ թվի մեջ՝ 26 400-ով: Աշխատանքի տեղավորում՝ ամսեկան 100 մարդ ընդամենը, որից 140-ը՝ պետական ծրագրերով, չմոռանանք, որ 240 հազար գործազուրկ ունենք այս պահին»,- շեշտեց նա:

Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ Ավետիսյանը նշեց, որ այստեղ ևս առկա է կրճատում:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՓՄՁ-ների զարգացումը կարևոր նշանակություն ունի տնտեսական հեղափոխության հայեցակարգը կյանքի կոչելու առումով. վարչապետ

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունն ի սկզբանե ձևակերպել է  աղքատության և բարեկեցության հարցերն աշխատանքով լուծելու հայեցակարգը: «Այս հայեցակարգից բխող առաջին միտքն, իհարկե, կապվում է փոքր և միջին ձեռնարկատիրության հետ: Այս ընթացքում ամբողջ աշխարհում փոխվել է փոքր և միջին ձեռնարկատիրության ընկալումը, որովհետև նախկինում ՓՄՁ-ն ընկալվում էր որպես տնտեսության որոշակի օժանդակ դաշտ և համակարգ, բայց մի քանի ճգնաժամերի միջով անցնելով՝ համաշխարհային տնտեսությունը որոշակի վերաձևակերպումներ է արել այն առումով, որ ճգնաժամերը ցույց են տվել՝ ՓՄՁ օբյեկտներն ավելի ճկուն են և տնտեսական կոլապսներին դիմակայունության ավելի բարձր մակարդակ ունեն»,- նշել է վարչապետը:

Նա նաև հավելել է՝ մի շարք եվրոպական երկրներ իր կատարած այցերի ընթացքում ունեցած շփումների ժամանակ արձանագրել է, որ հիմա որոշ զարգացած երկրներ իրականացնում են խոշոր ձեռնարկությունների մասնատման ծրագիր: Վարչապետի խոսքով՝ փորձ է արվում խոշոր կորպորացիաները վերածել մոտավորապես այնպիսի մի բանի, ինչը բարձր տեխնոլոգիական ոլորտում ընդունված է անվանել էկո համակարգ, այսինքն՝ հնարավորինս մասնատել խոշոր օբյեկտները, հնարավորինս ապահովել նրանց փոխգործելիության մեխանիզմները, գործունեության ճկունությունը, բազմաֆունկցիոնալությունը, որպեսզի ընկերությունները հնարավորինս քիչ կախված լինեն գործունեության նեղ տեսակներից, ճկուն լինեն՝ կողմնորոշվելով շուկայի պահանջներին համապատասխան: «Այս առումով, կարծում եմ, որ ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունը շատ կարևոր նշանակություն ունի ընդհանրապես մեր տնտեսության հետագա զարգացման գործում, նաև տնտեսական հեղափոխության մեր հայեցակարգը կյանքի կոչելու առումով: Այնպես որ, մենք պետք է կառողջանանք աշխատել, որակյալ ռազմավարություն ունենալ և այն նաև որակով կյանքի կոչել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ ռազմավարության թիրախներն են՝ ՓՄՁ-ներում արտադրողականության, զբաղվածների աճի ապահովումը, շուկաների ընդլայնումը, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը՝ պետական աջակցության գործիքակազմերի միջոցով: Ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերով ակնկալվում է նաև ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության մակարդակի բարձրացում: Իրականացվելու են նաև  ՓՄՁ աշխատակիցների համար ֆինանսական գրագիտության բարձրացման և թափանցիկ գործունեության խրախուսմանը, կորպորատիվ մշակույթի կիրառելիության խթանմանը, տեխնոլոգիական լուծումների խրախուսմանն ուղղված միջոցառումներ:

Ռազմավարության նպատակների և նախատեսվող միջոցառումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Ամերիաբանկ. Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` հաշված րոպեների ընթացքում

$
0
0

Մեծ վարկեր` մեծ արագությամբ.

Ամերիաբանկն  առաջարկում է մինչև 10 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` առանց գրավի և երաշխավորության: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը և ստանալ պատասխանը` մի քանի րոպեի ընթացքում:

Կարևորելով բանկային ծառայությունների ոլորտում նորարար մոտեցումները, Ամերիաբանկը ներդրել է վարկերի տրամադրման թվային համակարգ. հայտի ընդունումից  մինչև ռիսկերի գնահատում ու որոշման կայացում ավտոմատացված է և իրականացվում է թվայնացված տվյալների հիման վրա, ինչի շնորհիվ էլ վարկի հայտի լրացման ժամանակ հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում: Դիմում ներկայացնելու համար անձնագրի և սոցիալական քարտի տվյալների առկայությունը բավարար է:

Ամերիաբանկի բոլոր ակտիվ քարտապանները, վարկի հաստատման դեպքում գումարը կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու, այն կփոխանցվի միանգամից հաճախորդի քարտին:

Տեղեկացնենք նաև, որ օնլայն եղանակով հասանելի է ոչ միայն սպառողական վարկը,  այլ նաև օվերդրաֆտը, որը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

Վարկի տրամադրման վերաբերյալ մանրամասները այստեղ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Ոսկու համաշխարհային գները վերջին 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշ են գրանցել

$
0
0

Ոսկու համաշխարհային գները վերջին 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշ են գրանցել՝ պարտատոմսերի եկամտաբերության անկման և կորոնավիրուսի տարածման մասշտաբի հետ կապված մտավախությունների ֆոնին, գրում է CNBC-ն:

Հաղորդվում է, որ ոսկու գինը կազմել է 1681,1 դոլար մեկ ունցիայի համար, ինչը 0,6 տոկոսով բարձր է նախորդ նստաշրջանի փակման մակարդակից: Որոշակի պահի ոսկու գինը բարձրացել է 1,1 տոկոսով՝ մինչև 1690 դոլար մեկ ունցիայի համար՝ 2013 թվականի հունվարից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:

Պլատինի և պալադիումի գները նույնպես բարձրացել են այն պատճառով, որ Anglo American Platinum-ը` պլատինի խոշորագույն համաշխարհային արտադրողը, հայտարարել է պլատինոիդների թողարկման ֆորս-մաժորային իրավիճակի մասին՝ Anglo Converter Plant-ի զտման գործարանի աշխատանքի դադարեցման պատճառով:

Պլատինի արժեքը շուկայում կազմում է 905,22 դոլար մեկ ունցիայի համար: 


Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը կարող է հանգեցնել կապիտալի վերաբաշխման, կուլակաթափության և լրացուցիչ միգրացիոն ռիսկեր առաջացնել. տնտեսագետ

$
0
0

Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը կիրառության տեսանկյունից խնդրահարույց է և հղի լուրջ, անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: Նա ընդգծեց, որ նշված խնդրով ոչ թե դատախազությունը, այլ հարկայինը պետք է զբաղվի և անհրաժեշտ է կիրառել տնտեսական մեխանիզմներ:

«Համատարած ծախսերի, եկամուտների հայտարարագրման դեպքում՝ գործընթացը պետք է սկսի հարկայինը՝ համադրելով ծախսերն ու եկամուտները, ոչ թե դատախազությունը: Եթե հարկայինի ուսումնասիրելուց հետո խնդրահարույց երևույթներ ի հայտ կգան, հիմքեր կլինեն, որ քրեական տեսք ստանա, նոր միայն կդիմեն իրավասու մարմնին: Միանգամից սկսել իրավապահ մարմնից՝ ճիշտ չէ: Եկամուտների վերահսկումը ճիշտ բան է, բայց հիմնականում հարկային մարմինների գործն է»,-ասաց նա:

Տնտեսագետը սխալ է համարում այն, որ օրենքը հետադարձ ուժ պետք է ունանա: Ըստ նրա՝ հասկանալի չէ, թե ինչպես է որոշվել նաև 25 մլն դրամ կամ 50 000 դոլարը գերազանցող շեմի սահմանումը:

«Եթե խոսքը վերաբերում է անկախությունից ի վեր վերանայումներին, ապա հետևանքներն անկանխատեսելի կլինեն, և հետո կապիտալի նախասկզբնական կուտակման հարց կառաջանա: Հենրի Ֆորդն էր ասում չէ՝ առաջին միլիոնը ինձ մի հարցրեք որտեղից, մնացածը կասեմ: Կրկնում եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարն անհրաժեշտ է, բայց հարկավոր է ճիշտ մեխանիզմ ընտրել: Ունեցվածքի բռնագանձումը ցավալի պրոցես է, չգիտես էլ, թե ուր է տանելու»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այն կարող է հանգեցնել խոշոր կապիտալի վերաբաշխման՝ կուլակաթափության տնտեսագետն ասաց.

«Կարող են բիզնեսների հետ կապված խնդիրներ առաջացնել, ինչպես եղավ հայտնի հյուրանոցի պարագայում, որը ճիշտ է, կամավոր հանձնվեց, բայց բիզնեսը կանգնեց, հիմա անգործության է մատնված: Այսինքն՝ կարելի է այդպիսի բիզնեսները կանգնեցնել կամ վերցնել: Ռիսկերը պետք է հաշվարկել. Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի, ինչպես որ ԽՍՀՄ-ն ուներ, որ կարող էր կուլակաթափություն անել, այն ժամանակ էլ ահագին տնտեսական անկում եղավ: Համաձայն եմ ապօրինի եկամուտների դեմն առնել է պետք, բայց հետո դառնալ ու համատարած գույքագրում անել՝ ռացիոնալ չէ, ամենառացիոնալ ճանապարհը պրոգրեսիվ հարկման մեխանիզմն է, ով ունի մեծ ունեցվածք, գույք, թող բարձր գույքահարկ տա»,-նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հնչեցրած տեսակետին, թե ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը քաոսի ներուժ ունի, որոշակիորեն լինելու է խնդրահարույց տնտեսության զարգացման տեսակետից, որովհետև երբևէ ներդրումները չեն գալիս այսպես ասած՝ կանաչ դաշտ, իրենք գալիս են բիզնես գործընկերոջ հետ՝ տնտեսագետն ասաց, որ համակարծիք է մտահոգությանը:

«Աշխարհի ոչ մի բիզնես, աշխարհի ոչ մի երկրում միայն երևացող, թափանցիկ կողմը չէ, խորքային բաներ կան: Վերջերս խոշոր կոռուպցիոն դեպք եղավ «Էյերբաս»-ի հետ կապված: Աշխարհով մեկ տարածված է դա, ես չեմ ասում ողջունելի է, բայց այնպես չլինի, որ սեփականության իրավունքները ոտնահարվեն, տարբերակված մոտեցում կիրառվի՝ հատկապես, այն պարագայում, երբ իրավունքները նախկինում տրված են եղել օրենքով և սահմանադրությամբ»,- ընդգծեց նա:

Գագիկ Վարդանյանի խոսքով, եթե օրենքը հետադարձ ուժով չկիրառվեր և շեմի սահմանման հետ կապված հարցերը լուծվեին, ապա այն գովելի նախագիծ կլիներ:

«Եթե 90-ականներից են սկսելու, միայն դատախազությունը չէ, այլ մոտ 10-15 հազար մարդ պետք է զբաղված լինի այդ գործերով, այդ ռեսուրսը որտեղից, իսկ եթե ընտրանքային պետք է անեն, դա ընդհանարապես սարսափելի բան է, չեմ կարծում, որ օրենքը կիրառություն կունենա»,-նկատեց նա:

Տնտեսագետը կարծում է, որ օրենքի կիրառումը կարող է նաև միգրացիոն լրացուցիչ ռիսկեր առաջացնել:

 

Միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 73 ռուբլին

$
0
0

Ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքները միջազգային արժութային շուկայում նավթի գների 30% անկումից հետո բարձրացել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով վաճառքի տվյալներին:

Դոլարի փոխարժեքը բարձրացել է և կազմում է 73,29 ռուբլի (ամենամեծ աճը 2016-ի մարտից ի վեր),  եվրոն` մինչև 82,2 ռուբլի (ամենամեծ աճը 2016 թվականի փետրվարից ի վեր):

Այժմ դոլարը վաճառվում է 72,77 ռուբլով, եվրոն ՝ 83,79:

Մոսկովյան բորսայի փակ լինելու պահին Forex շուկան միշտ չէ, որ ճիշտ է արտացոլում արժույթների իրական արժեքները:

Brent նավթի գինը շուկայում նվազել է 30%-ով. միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են շուկայում «սկսված պատերազմին»

$
0
0

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են նավթի շուկայում գների կտրուկ անկմանն ու մտահոգություն հայտնել հավանական տնտեսական հետևանքների առնչությամբ:

Երկուշաբթի ՕՊԵԿ+-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, ինչից հետո միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով:

Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել:

Financial Times-ն իր հերթին նախազգուշացնում է, որ նավթային պատերազմը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ-ում «աղբային պարտատոմսերի» շուկայի համար:

Խոսելով նավթի գների կտրուկ նվազման հետևանքների մասին՝ փորձագետներից մեկն ասել է, որ երկուշաբթի շուկայում արյուն կթափվի:

Մինչդեռ Rapidan Energy Group-ի աշխատակիցներից մեկը նախազգուշացրել է, որ սա ընդամենը նավթի գների կտրուկ անկման սկիզբն է միայն:

Wall Street Journal-ը նկատում է, որ վերջին անգամ նավթի գներն այսպես կտրուկ նվազել էին 2016թ.: Ամերիկյան հանդեսի փոխանցմամբ՝ տվյալ իրավիճակը ստեղծվել է Saudi Aramco ընկերության՝ նավթի գները նվազեցնելու վերաբերյալ հայտարարության ֆոնին:

Աղբյուրը նկատում է, որ սա ոչ միայն կվատացնի Սաուդյան Արաբիայի և Մոսկվայի հարաբերությունները: Wall Street Journal-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում և Սաուդյան Արաբիայում իր աղբյուրներին, գրում է, որ իրականացվում է ագրեսիվ արշավ, որի նպատակն է նավթի շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի զավթումը: Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիան հաջորդ ամսվանից պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև տասը միլիոն բարել ցուցանիշի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ 12 մլն բարելի:

New York Times պարբերականը նշում է, որ  նավթի գինը նվազել է ավելի քան 20%-ով և չի բացառում, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը կարող են փոխզիջման գալ. բայց եթե գնանկումը նոր տեմպերով շարունակվի,  ոչինչ չի կարող կանխել նավթի գների՝ ցածրագույն ցուցանիշներին հասնելուն:

Պարբերականն ընդգծում է, որ նավթի նման գնանկումը համաշխարհային մասշտաբի վնաս կհասցնի, սակայն առավելապես կտուժեն Վենեսուելան և Իրանը, որոնց նավթային տնտեսությունները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ:

Washington Post-ն էլ գրում է, որ նավթային նոր պատերազմը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Աղյուրը պնդում է, որ նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ գործարքը դեռևս կարող է կնքվել. ՕՊԵԿ-ը մարտի վերջին խորհրդատվական մակարդակով ժողով է ծրագրել:

Աղբյուրը եզրափակում է Exxon ընկերության նախկին փորձագետ Ալի Հեդերիի այն գրառմամբ, որ 20 դոլար արժեքով նավթը միանգամայն իրատեսական է 2020թ. համար: Նա ընդգծել է, որ նավթային շուկայի գնանկումն ահռելի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա: 

Ադրբեջանը տուժելու է նավթի գների կտրուկ անկման հետևանքով, և կարող է ագրեսիվանալ. պետք է ավելացնել զգոնությունը. Անդրանիկ Թևանյան

$
0
0

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով նավթի շուկայում գների կտրուկ անկմանը: Նա մասնավորապես նշել է, որ նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումները որպես կանոն զուգահեռվում են քաղաքական կտրուկ տատանումներով։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումները որպես կանոն զուգահեռվում են քաղաքական կտրուկ տատանումներով։

Այսօր այդ կտրուկ տատանումն արձանագրվել է։ 1 բարելի դիմաց «բրենտ» տեսակի նավթի գինը միանգամից իջել է 14 դոլարով։ Պատճառն այն է, որ ՕՊԵԿ–ի անդամ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկի ծավալը մեծ է լինելու, ինչն էլ շուկայական օրենքներով հանգեցրել է գնի անկման։ Ֆյուչերսային գործարքները կնքվում են այն հաշվարկով, որ գինն ընկնելու է, ինչն էլ իր հերթին բերում է որոշակի խուճապի ու գնի է՛լ ավելի անկման։

Նավթի գնի անկման արդյունքում, օրինակ, ռուբլին դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվել է։ ՌԴ–ն տարբեր հաշվարկներով օրական 100–ից 150 միլիոն դոլար կարող է կորցնել նավթի գների այսպիսի կտրուկ իջեցման պատճառով։

Կանխատեսվում է, որ նավթի գինը կարող է իջնել մինչև 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Ռուսական ռուբլու թուլացումը և ՌԴ տնտեսության ստանալիք հարվածներն ազդելու են մեր տնտեսության վրա նախևառաջ այն պատճառով, որ մասնավոր դրամական փոխանցումները, կամ ավելի պարզ լեզվով ասած՝ խոպանչիների ուղարկած փողերը հիմնականում Ռուսաստանից են։

Նավթի գինը մեզ այլ առումով էլ պետք է հետաքրքրի։ Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետևանքով, բայց դա չպետք է մեզ թուլանալու և ուրախանալու առիթ տա։ Ճիշտ հակառակը՝ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը կարող է ագրեսիվանալ գների անկման հետևանքով։ Պետք է, հետևաբար, ավելացնել զգոնությունը։

Եվ այսպես, համաշխարհային տուրբուլենտության նոր փուլ ենք մտնում։ Նաև կորոնավիրուսի գործոնը հաշվի առնելով։ Վիրուսն, ի դեպ, կարող է այնպես փլուզել տուրիզմի, ավիափոխադրումների, վառելիքի, սննդի և այլ շուկաները, որ 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը փոքրիկ ցնցում կարող է թվալ»։

Միջազգային շուկայում պղնձի գինը զգալի նվազել է, մինչդեռ ոսկու պահանջարկն աճել է

$
0
0

Միջազգային շուկայում պղնձի գինը զգալի նվազել է (-2.4%) և կարող է իջնել մինչև մեկ տոննայի դիմաց 5300 դոլար ցուցանիշի: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Citi Global Markets
ընկերության վերլուծաբան Մաքս Լեյթոնը՝ մանրամասնելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:

«Մոտակա շաբաթներին ԱՄՆ-ում և Եվրոպայում սպասվում է կորոնավիրուսով ախտահարման դեպքերի զգալի աճ, ինչն էլ կարող է հանգեցնել Չինաստանի սահմաններից դուրս պահանջարկի հավանական կոլապսի»,-նշել է փորձագետը:

Հայտնի է, որ մարտի իննի դրությամբ՝ Շանհայի ֆյուչերսների բորսայում հիմնական մետաղների, բացառությամբ կապարի, գինը կտրուկ նվազել է: Դա պայմանավորված է Չինաստանում տնտեսական ակտիվության նվազմամբ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:

Ստեղծված իրավիճակը ներդրողների մոտ անվստահություն է առաջացրել: Թարմ տվյալների հրապարակումից պարզ է դարձել, որ Չինաստանում արտահանման ծավալը հունվար-փետրվար ամիսներին երկնիշ նվազում է արձանագրել:

Պղնձից բացի էականորեն նվազել են նաև ցինկի, նիկելի, ալյումինի գները: 

Ինչ վերաբերում է ոսկու շուկային, ապա այստեղ հակառակ պատկերն է: Reuters-ի տվյալներով՝ նավթի կտրուկ գնանկման ֆոնին, ոսկու գինն արձանագրել է վերջին ութ տարում ամենաբարձր ցուցանիշը՝ մեկ ունցիայի դիմաց 1700 դոլար:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ՕՊԵԿ+-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, ինչից հետո միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով:

Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել:

Հայտնի են աշխարհում խոշորագույն զենք արտահանող երկրները

$
0
0

2015-2019 թվականներին զենքի վաճառքի համաշխարհային ցուցանիշը նախորդ հնգամյակի համեմատ աճել է 5,5%-ով, այս ցուցանիշով ամենամեծ աճը գրանցել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին:

Զենքի արտահանման մասշտաբներով երկրների առաջատար հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: 2010-2014 թվականների համեմատ ԱՄՆ-ն գրանցել է զենքի վաճառքի 23% աճ, Ֆրանսիան` 72%: Միևնույն ժամանակ ռուսական զենքի արտահանումը անկում է ապրել 18%-ով:

«Ռուսական զենքի մատակարարման նվազեցումը Հնդկաստանին (այս երկիրը ռուսական զենքի հիմնական գնորդն է) բերել է ռուսական զենքի արտահանման մասշտաբի կտրուկ անկման: Ռուսական զենքի արտահանման աճը դեպի Եգիպտոս և Իրաք չի կարողացել փոխհատուցել 2015-2019 թվականների զենքի արտահանման ընդհանուր անկումը»,-նշել է Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զինամթերքի և ռազմական ծախսերի գծով հետազոտող Ալեքսանդրա Կուիմովան:

Այս զեկույցի տվյալներով համաշխարհային զենքի արտահանման մասշտաբներով առաջին անգամ լավագույն տասնյակում է հայտնվել Հարավային Կորեան, որի զենքի վաճառքի մասշտաբը` համեմատած 2010-2014 թվականների հետ, աճել է 143%-ով: Իսրայելից զենքի արտահանման մակարդակը աճել է 77%-ով և հասել է ռեկորդային ցուցանիշի:

2015-2019 թվականներին 61%-ով աճել է զենքի մատակարարումը դեպի Մերձավոր Արևելք, այս տարածաշրջանին բաժին է հասնում համաշխարհային զենքի արտահանման 35%-ը: Տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խոշորագույն ներկրողը Սաուդյան Արաբիան է, բացի այս պետությունից, հնգյակում են հայտնվել Հնդկաստանը, Եգիպտոսը, Ավստրալիան և Չինաստանը:

Զգալիորեն (48%-ով) անկում է ապրել Թուրքիայի զենքի ներկրումը:

Զեկույցում նշվում է, որ դա կարող է պայմանավորված լինել որոշ զինատեսակների մատակարարման հետաձգման, ինչպես նաև ԱՄՆ-ից կործանիչների մատակարարման պայմանավորվածության չեղարկման հետ:   

Տուրիզմի, սպասարկման ոլորտների կորուստները, մետաղների շուկայում անկումը՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տնտեսությանը սպառնացող ռիսկ է, որը մինչև հիմա հասկացված չէ․ Արմեն Գևորգյան

$
0
0

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա նշում է, որ Կառավարությունը փորձում է բյուջետային միջոցների տնտեսման հարցը լուծել հեռանկարային ծրագրերը դադարեցնելով՝ փոխարենն առաջարկելով այնպիսի նախագծեր, որոնք կրելու են միանգամյա բնույթ և ունենալու են կոռուպցիոն ռիսկեր։ Ըստ նրա՝  բանկային համակարգը, լինելով այսօր պետության հիմնական համակարգաստեղծ կառույցներից, հնարավոր է` կանգնի փլուզման վտանգի առջև։ Հոդվածը կարող եք կարդալ ստորև։

Վերջին շրջանի տեղեկատվական հոսանքում կուզեի առանձնացնել մի քանի կետ, որոնք, ըստ իս, նոր ռիսկեր ու վտանգներ են պարունակում մեր երկրի տնտեսական կայունության ու զարգացման համար։

Ցավոք, նորից ստիպված եմ ընդգծել, որ Կառավարությունն իրականացնում է անհեռատես տնտեսական քաղաքականություն։ Այն մեծ հաշվով պայմանավորված է միջազգային կազմակերպությունների պահանջներով՝ բյուջեի ծախսերը կրճատելու և  նոր բյուջետային մուտքեր ապահովելու մասով։

Այս պահին դեռևս մինչև վերջ չեն հասկացվել մեր տնտեսությանը սպառնացող ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ. տուրիզմի ու սպասարկման ոլորտների կորուստները, մետաղների շուկայում անկումը. այս ամենը մեր բյուջեի համար ուղիղ կորուստների տեսանելի պատճառներ են։

Նավթի գների անկումը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի նվազման պոտենցիալ սպառնալիք է։ Շարունակում է ցածր մնալ օտարերկրյա ուղիղ ներդրումների մակարդակը։ Նման պայմաններում մենք պարտավոր ենք մտածել խթանող միջոցառումների իրականացման, ինչպես նաև՝ պետության համակարգաստեղծ կառուցվածքներում կայունություն պահպանելու մասին։ Իսկ ի՞նչ ենք մենք իրականում անում։

Ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսության կայուն աճի հիմնական խթանարար ոլորտներից է շինարարությունը։ Այդ ճշմարտությունը մեզ մոտ էլ է կիրառելի։ Այն արդիական է նաև հիմա՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի տնտեսության մեջ աճի պոտենցիալ կետերի սահմանափակ ընտրությունը։

Սրա փոխարեն՝ Կառավարությունը քննարկում է եկամտահարկի հաշվին հիպոթեկային վարկերի տոկոսների մարման համակարգից հրաժարումը։ Բացի նրանից, որ գործող այս ծրագիրը շինարարական ոլորտի համար ուղիղ խթան է, մտցված որոշակի հասցեական փոփոխություններից հետո այն դարձավ երկրում միջին խավի ձևավորման ամենագործուն միջոցառումներից մեկը։ Խավի, որը ցանկացած բարգավաճ երկրի հիմքն է հանդիսանում։  

Այս ծրագիրը շուկայական աշխատանքի մեխանիզմներ է նախատեսում՝ քաղաքացու կողմից օբյեկտի ընտրություն, բանկեր և հիպոթեկ, մասնավոր շինարարություն։ Այս ծրագիրն ունենում է նաև բազմակի մուլտիպլիկատիվ ազդեցություն՝ զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով տնտեսության նաև այլ ճյուղերի համար, ինչպիսիք են, օրինակ, առևտրի և սպասարկման ոլորտները։ Առաջարկվող փոփոխությունը՝ սոցիալական բնակարանաշինությունը, բոլորովին այլ թեմա է, իրականացման այլ մեխանիզմներ, այլ սպասումներ ու արդյունքներ։ Մեկը մյուսին չեն կարող և չպետք է խանգարեն և փոխարինեն։

Տնտեսության իրական հատվածում վարկավորվող նախագծերի բացակայության պարագայում մենք ռեալ խնդիրներ ենք ստեղծում նաև բանկային համակարգի համար, այդտեղ կուտակված միջոցների արդյունավետ տեղաբաշխման համար։ Մենք արդեն փլուզել ենք ավտոշուկան, ինչի հետևանքները դեռ զգացվելու են։ Փաստացիորեն՝ Կառավարությունը փորձում է բյուջետային միջոցների տնտեսման հարցը լուծել հեռանկարային ծրագրերը դադարեցնելով՝ փոխարենն առաջարկելով այնպիսի նախագծեր, որոնք կրելու են միանգամյա բնույթ և ունենալու են կոռուպցիոն ռիսկեր՝ սկսած շահառուների ընտրությունից մինչև կապալառու-շինարարի ընտրությունը։

Շինարարական ոլորտը կանգնած է լճացման վտանգի առաջ նաև մեկ այլ պատճառով։ Այս մասին ես գրել եմ որոշ ժամանակ առաջ և ցանկանում եմ կրկնել. գույքահարկի բարձրացումը՝ պետական միջոցներից համայնքներին տրվող դոտացիաների կրճատման նպատակով, չի բերի պետության համար որևէ նշանակալի խնդրի լուծման։ Փոխարենը՝ կստեղծվեն բազմաթիվ նոր նշանակալի խնդիրներ, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այս պատկերին գումարեք նաև առանց մեղադրական դատավճռի սեփականության բռնագանձման մասին օրինագիծը։ Ստանում ենք շինարարական բիզնեսի զարգացման և ներդրումների համար ամբողջովին «բարենպաստ»  մի միջավայր։  Այս հեռանկարին շատ լուրջ է պետք վերաբերվել։

Բանկային համակարգը, լինելով այսօր պետության հիմնական համակարգաստեղծ կառույցներից, հնարավոր է` կանգնի փլուզման վտանգի առջև։ Ինչպես հայտնի է` Նախագահը չստորագրեց բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնող օրինագծերի փաթեթը և այն ուղարկեց ՍԴ։ Այդ նույն ժամանակ Կառավարությունը նախաձեռնում է ՆԳՆ ձևավորման ծրագիրը և դրա շրջանակներում պատրաստվում է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը տեղափոխել նոր ստեղծվող ՆԳՆ ենթակայության տակ։

Սա նշանակում է, որ Կառավարությունը պաշտոնապես ցանկանում է ոչ միայն հեշտացված մուտք ունենալ դեպի քաղաքացիների բանկային գաղտնիք, այլև՝ ամենօրյա ռեժիմով հետևել քաղաքացիների ու իրավաբանական անձանց ֆինանսական շարժին՝ այդ մոնիտորինգային կենտրոնի միջոցով։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Միայն կոռուպցիայի դեմ պայքարով արդարացումն այստեղ ակնհայտորեն բավարար չէ։ Կարծում եմ՝ բոլորը հրաշալի հասկանում են, որ, ցավոք, նաև առանց այս փոփոխությունների, Կառավարությունն այսօր հեշտությամբ կարող է ճշտել՝ Հայաստանում ո՛վ ինչքան գումար ունի իր բանկային հաշիվների վրա։

Խիստ հնարավոր է, որ դա արվում է նաև, որպեսզի հնարավոր լինի հսկել ռուսական ծագման կապիտալի շարժը, ինչպես նաև՝ Իրանի հետ պոտենցիալ գործարքները։ Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանի բանկերում ոչ հայաստանցիների կողմից պահվող ավելի քան 2.1 միլիարդ դոլար կա։ Ընդ որում՝ այդ գումարի մեծ մասը Հայաստան է եկել վերջին երկու տարվա ընթացքում։ Չկա՞ն արդյոք այստեղ Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի համար թաքնված ռիսկեր, ինչպես դա եղավ մեքենաների մաքսազերծման հաշվին, ինչպես հիմա արդեն պարզվեց, բյուջետային «տոքսիկ» ներհոսքի տեսքով։ 

Չմոռանանք, թե ինչպես վերջին մի քանի տարում «ուշքի բերեցին» մերձբալթյան երկրների, Մալթայի և Կիպրոսի բանկային համակարգերը, որտեղ հիմնականում ռուսական կապիտալ էր նստած։ Կարելի է ենթադրել, որ մեզ նույնպես նման մի բան է սպասում։ Բայց եթե այդ երկրները այս կամ այն կերպ դիմացան, ապա մենք, հաշվի առնելով որոշ օբյեկտիվ առանձնահատկություններ, կարող ենք շատ ծանր հետևանքների առաջ կանգնել։

Արդյո՞ք սթափ կերպով գնահատված են բանկային հատվածից քաղաքացիների ներդրումների արտահոսքի իրական ռիսկերը՝ առանց մեղադրական դատավճռի սեփականության բռնագանձման օրենքի ընդունման դեպքում։ Ո՞վ կուզենա հայտնվել մի իրավիճակում, երբ պետք է ստիպված լինի պետությանը բացատրություններ տալ։

Ինձ թվում է՝ Կառավարությունը հայտնվել է հարաբերությունների մի փակ շրջանում՝ Հայաստանի միջազգային գործընկերների հետ, որոնք,էժան բոնդերի ու վարկերի տրամադրման դիմաց, պահանջում են ձեռնարկել հենց այդ քայլերը։ Նմանատիպ ընտրության առջև Հայաստանը կանգնել էր նաև 2000-ականների սկզբին, բայց իշխանությունների բանականությունն ու ադեկվատությունն այն ժամանակ թույլ տվեցին խուսափել պոտենցիալ ռիսկերից ու դուրս գալ իրավիճակից երկնիշ տնտեսական աճի ցուցանիշով, ինչպես նաև՝ կայուն բանկային համակարգի ստեղծմամբ։

Իմ խնդիրն է՝ զգուշացնել պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք եթե սկսեցին աշխատել, կարող են արձանագրվել շղթայական փլուզումներ տնտեսության մեջ։ Ուշադիր է պետք լինել։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ


Կգրանցվի գնաճ, կկրճատվեն արտահանման ծավալները. Սուրեն Պարսյանը՝ ՀՀ տնտեսության վրա պղնձի և նավթի համաշխարհային գների իջեցման ազդեցության մասին

$
0
0

Համաշխարհային շուկայում մետաղների, մասնավորապես, պղնձի գների իջեցումը լուրջ խնդիր կարող է առաջացնել Հայաստանի տնտեսության համար: Կարծում եմ, մետաղների գների իջեցումը կշարունակվի մոտակա շաբաթների ընթացքում և այս տարվա բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ խնդիրներ կլինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա կարծիքով՝ Կառավարությունը պետք է քայլեր անի տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, ոչ թե ավելի խորացնի հանքարդյունաբերությունից ՀՀ տնտեսական կախվածությունը:

«Հայաստանի արտահանման մոտ 29.5 տոկոսը հումքն է՝ մետաղը, մասնավորապես, պղինձը: Ընդ որում, 2018 թ. համեմատ 2019 թ. 5 տոկոսով ավելացել է պղնձի մասնաբաժինն արտահանման մեջ: Նման բարձր ցուցանիշ վերջին տարիներին չէինք ունեցել: Սա ևս մեկ մտահոգություն է, որ մեր տնտեսությունն ըստ էության չի դիվերսիֆիկացվում, ավելին՝ ավելի է խորանում կախվածությունը մետաղներից: Վերջին երկու տարիներին էլ այս ուղղությամբ որևէ շոշափելի ձեռքբերում չունենք»,- ասաց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ պղնձի համաշխարհային գների նվազման պարագայում մեծ քանակությամբ արդյունահանում և արտահանում ՀՀ-ից չի լինի. «Ուղղակի ձեռնտու չի լինի, բայց ուրիշ հետևանքներ կարող է ունենալ գների նվազումը: Հանքարդյունաբերական ընկերությունները կփորձեն արդեն ի հաշիվ բնապահպանական ծախսի և աշխատողների տնտեսումներ անել: Այսինքն, չեն անի իրենց ստանձնած բնապահպանական, սոցիալական պարտավորությունները: Հանքարդյունաբերական ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ կարող է առաջանալ, եթե երկար շարունակվի գնանկման պրոցեսը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Լոնդոնի մետաղների բորսայում մարտի 9-ի դրությամբ պղնձի համաշխարհային գները զգալիորեն նվազել են՝ տոննայի համար դառնալով 5463 դոլար: Այս տարվա ամենաբարձր մակարդակը գրանցվել էր հունվարի 14-ին՝ 6317 դոլար՝ տոննայի համար։ 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ։ Պղինձը առաջատարն է Հայաստանի արտահանման կազմում: 2019 թվականին Հայաստանից ամենաշատն արտահանվել է պղինձ (627 մլն ԱՄՆ դոլար), ծխախոտ (273 մլն դոլար) ու կոնյակ (253 մլն դոլար):

Միջազգային շուկայում պղնձի գների իջեցման պատճառները, ըստ Սուրեն Պարսյանի՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումն է՝ առևտրային պատերազմների և կորոնավիրուսի պատճառով:

«Վերջին ամիսների ընթացում մենք ունենք անկումներ, որի տարբեր պատճառներ կան: Օրինակ, մեկ պատճառն այն է, որ երկրների միջև կան առևտրային պատերազմներ՝ քողարկված և ոչ քողարկված, և դա բնականաբար ազդում է տնտեսական աճի ցուցանիշների վրա: Երկրորդ պատճառը վերջին ամիսների ընթացքում ի հայտ եկած կորոնավիրուսն է, որը մեծ հարված հասցրեց Չինաստանի տնտեսությանը և առանձին շրջաններում ուղղակի տնտեսությունը կանգ էր առել: Այս պայմաններում բնական է, որ նվազում է մետաղների, նավթի համաշխարհային գները, քանի որ պահանջարկի տեմպը չի աճում ավելի արագ, քան առաջարկի տեմպը»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ պղնձի գնով պայմանավորված արտահանման ծավալներից բացի, արտարժույթի հոսքի նվազմանը զուգահեռ սպասվում է նաև գնաճ:

«Պղնձի գնի նվազումը, նավթի գների կտրուկ անկում՝ 30 տոկոսի չափով: Այս իրավիճակում պետք է սպասել Հայաստանի տնտեսության վրա սրանց բացասական ազդեցությունը: Առաջին հետևանքը մետաղների գների կտրուկ իջեցումն է, որի արդյունքում արտահանման ծավալները կնվազեն: Երկրորդը՝ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը, որն արդեն իսկ տեղի է ունեցել՝ 1 դոլարը 72 ռուբլի է դարձել, իսկ դոլարը 482 դարձավ: Եթե այս պրոցեսները շարունակվեն, բնականաբար, դրանք կարող են հանգեցնել ներկրվող ապրանքների գնաճի, եթե արժույթի արժեզրկում ունենանք: Կստացվի, որ անցած տարի ցածր աշխատավարձով մարդիկ կարող էին ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել, քան այս տարի 5-10 տոկոս բարձրացած աշխատավարձով»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Ամուլսարը շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ․ Էրիկ Գրիգորյան (տեսանյութ)

$
0
0

Մենք կրկին խնդիրներ ենք տեսել, խնդիրներն ուղարկել ենք քրեական գործի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` խոսելով Ամուլսարի հանքի շահագործման և խնդիրների հանգուցալուծման մասին։

«Ի՞նչը պետք է հանգուցալուծվի։ Շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ այս պահին։ Խնդիրներն ուսումնասիրվում են, որպեսզի տեսնենք կազմակերպությունը կեղծ տվյալնե՞ր է ներկայացրել, թե ոչ, եթե կեղծ է, ապա ինչի հետևանք է, եթե կեղծ չէ, ապա պետական մարմիններն ինչ-որ բան ճիշտ չեն արել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք նախարարությունը գործի ընթացքին հետևո՞ւմ է, նախարարը պատասխանեց, որ նրանց մասնագետները որպես փորձագիտական ներուժ, ներգրավված են այդ գործում։

Անդրադառնալով տարածքների ապօրինի սեփականաշնորման հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ անտառային օրենսգիրքը հստակ արգելում է անտառային հողերի օտարումը ֆիզիկական և իրավաբանական անձանց, բայց կար ընթացակարգ, որի միջոցով հնարավոր էր հողի կատեգորիան փոխել և հետո վաճառել։

«Կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում անտառային հողերի կատեգորիա չի փոխվել։ Նախկինում քրեական գործեր կային, մենք նաև ուսումնասիրություններ ենք արել, ՊՎԾ-ն էլ է աշխատել բոլոր այն տեղերում, որտեղ հիմքերը բավարար չեն եղել, մենք մեծ ուրախությամբ այդ հողերը հետ կընդունենք»,- ասաց Գրիգորյանը։

 

 

 

Եթե միջազգային ճգնաժամ պայթեց, ՀՀ-ն կարող է հայտնվել ծանրագույն տնտեսական իրավիճակում. պետք է վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը. Արման Աբովյան

$
0
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնի նվազման՝ համաշխարհային տնտեսության կայունության վրա ունեցած և ունենալիք ազդեցությանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին ԱԺ նիստերի ժամանակ հարց է բարձրացրել առ այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի համաճարակը համաշխարհային տնտեսական կայունության վրա, և արդյո՞ք պատրաստ է Հայաստանի տնտեսությունը դիմակայել բացասական տնտեսական զարգացումներին։

«Իմ այս հարցին կառավարությունը, կարծես թե, լուրջ չվերաբերեց և պատասխանեց, որ «ամեն ինչ լավ է, ոչ մի բան մեզ չի սպառնում և ընդհանրապես եկեք լինենք լավատես»,- գրել է Աբովյանը և հավելել, որ լավատեսությունը լավ բան է, բայց միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն ռեզերվներ և հստակ տեսլական առ այն, թե ինչ ենք անելու, եթե հանկարծ միջազգային տնտեսական կայունությունը հանկարծակի պայթի։

«Կորոնավիրուսի պատճառով նվազել է նաֆթի պահանջարկը միջազգային շուկայում (սկսեց ամեն ինչ Չինաստանի տնտեսական աճի դանդաղելու պատճառով): Սաուդյան Արաբիան որոշել է կտրուկ ավելացնել նաֆթի արտահանումը միջազգային շուկա, ռուսները նույնպես չեն պատրաստվում կրճատել նաֆթի արտահանումը, ամերիկացիները նունիսկ ստիպված են իջեցնել ֆինանսական տոկոսային դրույքները, եվրոպացիները շատ ակտիվ պատրաստվում են ֆինանսական փոթորկին։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում միջազգային տնտեսությունը կորցրել է 6 տրիլլիոն դոլար, ամբողջ աշխարհով նկատվում է հնարավոր տնտեսական ճգնաժամի բացահայտ ազդակներ»,- գրել է Աբովյանը՝ նշելով՝ դա նշանակում է, որ պետությունները շատ ակտիվ պատրաստվում են լրջագույն տնտեսական ճգնաժամի՝ կոնսոլիդացնելով ռեզերվները և, փաստացի, հավաքելով մի բռունքի մեջ իրենց տնտեսական ներուժը։

«Իսկ մենք այս ամենի մեջ, կարծես թե, ապրում ենք աշխարհից լրիվ կտրված իրավիճակում, վատնելով թե՛ ռեսուրսները, թե՛ ժամանակը: Պետք չէ լինել հանճար, որ հասկանալ, եթե միջազգային ճգնաժամ պայթեց, իսկ այդ վատագույն սցենարը օրեցօր ավելի իրատեսական է դառնում, մենք կարող ենք հայտնվել ծանրագույն տնտեսական իրավիճակում, որից դուրս գալ կլինի ահռելի դժվար»,- նշել է նա և հավելել, որ պետք է անհապաղ վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը և լրջագույնս պատրաստվել հնարավոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին։

Եվրոպական ֆոնդային բորսաները 6-9 տոկոսով անկում են գրանցել՝ նավթի գնանկման ֆոնին

$
0
0

Եվրոպայի ֆոնդային բորսաները նավթի գների անկման և կորոնավիրուսի տարածման մտավախության պատճառով անկում են գրանցել 6-9 տոկոսով:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, աճուրդի տվյալների համաձայն՝ մարտի 9-ին FTSE 100 բրիտանական ինդեքսը նվազել է 8.69 տոկոսով, ֆրանսիական CAC 40-ը՝ 6.25 տոկոսով, գերմանական DAX-ը՝ 7.41 տոկոսով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ իտալական FTSE MIB ինդեքսը 9 տոկոսի կորուստ է գրանցել:

Հիմնական եվրոպական STOXX 600 ինդեքսը օրվա սկզբում 6 տոկոսով անկում է գրանցել, որն ամենաուժեղ նվազումն է 2016թ. հունիսից ի վեր:

Մինչդեռ Tadawul Սաուդյան բորսայի ինդեքսը մարտի 9-ի աճուրդները բացել է 9.5 տոկոսով անկմամբ: Բորսայում ներկայացված սաուդական Saudi Aramco պետական նավթային ընկերության բաժնետոմսի գինը միանգամից նվազել է առավելագույն թույլատրելի 10 տոկոսով՝ հասնելով 7.2 դոլարի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Brent նավթի գինը շուկայում նվազել է 30%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի

Բացի այդ, ոսկու համաշխարհային գները վերջին 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշ են գրանցել՝ պարտատոմսերի եկամտաբերության անկման և կորոնավիրուսի տարածման մասշտաբի հետ կապված մտավախությունների ֆոնին:

Հայաստանում բնակարանային ապահովումը խնդիր է և չի կարելի արդյունավետ ծրագիրը փոխարինել այլ բանով․ տնտեսագետը` եկամտահարկի վերադարձի ծրագիրը վերանայելու մասին

$
0
0

Երկու ծրագրերը՝ կառուցապատողից հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու և սոցիալական բնակարանաշինություն, մեկը մյուսով հնավոր չէ, նաև ճիշտ չէ փոխարինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը:

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ սոցիալական բնակարանաշինության ծրագիրն ուղղված է սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային ապահովմանը, որտեղ պետությունը նաև ունի օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ:

«Այսպիսի ծրագրերը, մանկատան երեխաներին, հեռավոր բնակավայրերի ընտանիքներին, անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերն աշխարհի շատ երկրներում տարածված են: Սոցիալական բնակարանները, ըստ էության, ամբողջությամբ որպես սեփականություն չեն  փոխանցվում ընտանիքներին, այլ փոխանցվում են անժամկետ ապրելու իրավունքով: Բացի այդ սոցիալական բնակարանները որոշակի ստանդարտ պայմաններով են և բացի բնակարարանային ապահավոումից, որպես նպատակային ծրագիր միտված են նաև սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ հիպոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը, կամ զիջումը կամ պետական աջակացությունն ավելի շատ միտված են երիտասարդներին, երիտասարդ ընտանիքներին օգնելու, ժողովրդագրական խնդիրների լուծմանը: «Այստեղ պետությունը, որպես նպատակային ծրագիր, ստանձնում է հենց այդ դերը, որ խթանի այս խումբ շահառուներին, այսինքն՝ մարդկանց, որոնք աշխատում են: Իսկ մյուս ծրագրի հիմնական շահառուները կարող են լինել ընտանիքներ, որտեղ չկա աշխատանքային տարիքի մարդ, չեն աշխատում, ընտանիքը բաղկացած է սոցիալապես անապահովներից, հաշմանդամություն ունեցող անձանցից, երեխաներից և այլն: Պետության խնդիրը նաև իրենց աջակցելն է: Այնպես որ, այս երկու ծրագրերը տաբեր նպատակների են միտված և տարբեր խնդիրներ լուծող ու տարբեր շահառուների խմբերին են ուղղված և մեկը մյուսով անհնար է ուղղակի փոխարինել»,- ընդգծեց բանախոսը:

Բացի այդ, ըստ նրա, օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պայմաններով պայմանավորված այսօր մենք երկու ուղղությամբ էլ ունենք շահառուներ: «Բնակարանային ապահովման շատ ցածր մակարդակ ունենք. և բնակարանային ապահովման կամ բնակարան չունենալու խնդիրը և ժողովրդագրական խնդիրը շատ կայուն գործոն է և՛ սոցիալական և՛ նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից: Այս ծագիրն օբյեկտիվ, առարկայական պահանջարկ ունի և մյուս ծրագիրը, որը պետք է մեկնարկի, չպետք է լինի մյուսի հաշվին, այլ պետք է լինի ի լրումն նրա: Սոցիալապես անապհով ընտանիքները, որոնք այստեղ սոցիալական բնակարաշինության պայմաններում պետք է լինեն առաջնանյին շահառուներ, չեն կարող մյուս գործիքից օգտվել, իսկ մյուս խումբը կարող է, օգտվում են և շատ լավ է, որ այդ ծրագիրն արդեն ունի արդյունքներ»,- հայտարարեց նա:

Բանախոսի խոսքով՝ առանց համապարփակ գնահատման նմանատիպ ծրագրերը կասեցնելը, դադարեցնելը կամ պայմաններն ավելի վատացնելը կառաջացնի նաև որոշակի բացասական հետևանք այն մարդկանց՝ հատկապես երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների շրջանում, որոնք այս պահին չեն օգտվում այդ ծրագրից, բայց պատրաստվում են օգտվել: «Ասածս այն է, որ բոլորի պահանջարկը չենք բավարարել, որ այդ ծրագիրը չպետք է դադարեցվի, դու պետք է թողնես շահառուների թիվը գնալով նվազի, նվազի և ինքն իրեն մարի: Բայց քանի դեռ կան այդ ծրագրից օգտվող մարդիկ, քանի դեռ մեր երկրում բնակարանային ապահովումը խնդիր է և՛ ժողովրդագրական, և՛ սոցիալական, և՛ նաև տարածքային համաչափ զարգացման, ու այս ծրագրերը, եթե ունեն օբյեկտիվ անհրաժեշտություն, չի կարելի մի դրականը փոխել մեկ այլ դրականով: Այն էլ ունի նաև օբյեկտիվ անհարաժեշտություն, բայց պետք է ձևը գտնել, զուգահեռել, այլ ոչ թե մեկը մյուսով փոխարինել»,- նշեց նա:

Ըստ Ավետիսյանի՝ հնարավոր է, մեկ ծրագիրը մյուսով փոխարինելով ռեսուսրի խնդիր է լուծվում: «Այսինքն՝ եթե այստեղ պետությունը որոշակի ծախս է անում, ի վերջո, այդպիսի ծրագրերը պետության բյուջեի համար ենթադրում է որոշակի ծախս, ենթադրում եմ, որ այս ծախսն ուզում են այս ծրագրին ուղղել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե հիպոթեքային վարկերն աճել են, նա նշեց, որ  ասելու բան միշտ էլ կարելի է գտնել. «Վաղն էլ կասեն, օրինակ, սոցիալական բնակարաններն ավելացել են այսքանով: Միշտ ցանկացած ծրագիր  ունենում է որոշակի արդյունք: Այստեղ ամբողջության մեջ պետք է հարցը նայվի՝ այդ արդյունքը մենք ինչի՞ հաշվին ենք ստանում. եթե որպես լրացուցիչ արդյունք ենք ստանում, շատ լավ, բայց եթե մենք արդյունքը զրոյացնում են մեկ այլ արդյունք ստանալու համար, այստեղ օբյեկտիվ հարց է առաջանում՝ թե ինչի այս մեկը մյուսի հաշվին և արդյոք այդ փոփոխության հետևանքով մենք ավելի մեծ դրական ազդեցություն կունենանք ծրագրերի առաջ ծառացած խդնիրների լուծման առումով»,- նշեց նա:

 

Viewing all 15857 articles
Browse latest View live