Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 15857 articles
Browse latest View live

Պարեն ու աղքատություն․ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում. Արա Գալոյան

$
0
0

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, անդրադառնալով տնտեսական վիճակագրությանը, նշել է, որ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում և փորձում են չնկատել «ոչ նպաստավոր» վիճակագրություն արձանագրող տվյալները:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:

Դրանցից մեկը, օրինակ, «Պարենային ապահովություն և աղքատություն. 2019 թ․ հունվար-դեկտեմբեր» ամփոփագիրն է: Վերնագրից իսկ հասկանալի է, որ այն իր մեջ կարող է պարունակել տվյալներ, որ հակասության մեջ են իշխանությունների տնտեսական պատկերացումների հետ: Ուստի պարզապես թվարկենք այն տվյալները, որոնք մեր իշխանությունները կգերադասեն չնկատելու տալ:

Նախ ճշտենք` վերնագրում նշվող 2019 տարեթիվը մի փոքր չափազանցություն է: Վիճակագրական տարեգրերի տվյալների մեծ մասը ամփոփված է 2018-ի թվերով: 2019-ի մասին այս հաշվետվությունում կարելի է ընդգծել, որ մեր արտաքին առևտուրը աննախադեպ էր: Պատմական իմաստով աննախադեպ էր գրանցած բացասական հաշվեկշռի ծավալ-չափով: Արտաքին առևտրում հաշվեկշիռը բացասական է անվանվում, երբ ներմուծումները գերազանցում են արտահանումներին: Մեր պատմության ողջ ընթացքում այս հաշվեկշիռը բացասական է եղել: Անցած տարի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 873.5 մլն դոլար, որ երբևէ արձանագրված ամենամեծ տարբերությունն է:

Հետաքրքիր մեկ փաստ` վերջին 2 տարում մեր գյուղատնտեսությունը կրճատվում է: Մինչդեռ արտահանումների մեջ ավելանում է սննդամթերքի մասնաբաժինը: 2019-ին սննդամթերքի կշիռն արտահանման ծավալում 30 տոկոս էր՝ 2018-ի 29 տոկոսի դիմաց:

Այս փաստաթղթի գործազրկության մասին տվյալը մեր իշխանությունները բազմիցս ցիտել են:

2017-ին գործազրկության միջին տարեկան գործակիցը 20.8 տոկոս էր, 2018-ինը` 20.5 տոկոս: Բայց երբեք չեն նշի, որ գործազրկության միջին մակարդակից բարձր ցուցանիշով առաջինը Տավուշի մարզն է` 30.3 տոկոս, ապա Երևանը` 27.4, Կոտայքի մարզը` 25.5, Շիրակի մարզը` 22.9 և Վայոց ձորի մարզը՝ 21.8 տոկոս:

Ամփոփագիրը հայտարարում է, որ 2019-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ: Այնուհետև նշվում է, որ միայն Սյունիքի մարզում և մայրաքաղաքում է միջին աշխատավարձը գերազանցում հանրապետական միջին ցուցանիշը` 266,8 հազար և 201.5 հազար դրամ համապատասխանաբար: Աշխատավարձի չափով երրորդը Արարատի մարզն է` 168 հազար դրամ, որ արդեն պակաս է միջին հանրապետականից: Մյուս մարզերում ավելի ցածր է։

Մյուս տվյալները, որով մեր իշխանությունները չեն հպարտանա, վերաբերում են կրթության ոլորտին: Տարրական դասարաններում ընդգրկված է այդ տարիքի երեխաների 91.1 տոկոսը (2015թ․ այդ ցուցանիշը 91.6 էր): Իսկ հանրակրթության համակարգում ընդգրկված երեխաների քանակը կազմել է 83 տոկոս (2015-ի 86.4 տոկոսի փոխարեն): Այս թվերի կողքին կարելի է տեսնել, որ միանվագ օգնություն ստացող ընտանիքների քանակը մոտ 11.1 հազար է (2015-ին մոտ 15.8 հազար ընտանիք էր):

Պարենային ապահովության և աղքատության մակարդակը նկարագրող հաշվետվության մեջ, բնականաբար, բազմաշերտ տվյալներ կան: Այստեղ կան տվյալներ այն մասին, որ աղքատության մակարդակը նվազում է` 2018-ին կազմել է 23.5 տոկոս (2017-ին 25.7 էր), և աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

Հետաքրքիր են նաև թույլատրված ծառահատումների մասին տվյալները: 2015-ին ծառահատումներ թույլատրվել են 1501 հա տարածքի վրա, 2016-ին` 1940, 2017-ին` 2010, 2018-ին` 2015: Վիճակագրությունը նաև անողոքաբար հրապարակում է, որ 2016-ին ապօրինի հատվել է մոտ 2.2 հազար ծառ, 2017-ին` 30,7 հազար ծառ, իսկ 2018-ին` 12.8 հազար: Սրան զուգահեռ բերվում են տվյալներ, թե անտառվերականգման նպատակով քանի տնկի է արտադրվել ու տնկվել: 2017-ին արտադրվել է 44.2 հազար տնկի, իսկ 2018-ին ընդամենը 12 հազար 821 տնկի (hիշո՞ւմ եք, թե քանի ծառ են խոստանում տնկել մեր իշխանություններն անցյալ և ապագա ծառատունկների բանավոր ծրագրերում: Եթե հիշում եք, ապա պատկերացրեք, թե ինչ բարդ է լինելու վիճակագիրների համար այդ թվերը գրավոր հաշվետվության մեջ տեղադրելու համար)»:


2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան

$
0
0

Ծրագրի նախնական փուլում ներկայացված անհամապատասխանությունների մասով և մեր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվում են և աշխատանքներ իրականացվում են: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե Ամուլսարի հարցի վերաբերյալ որ կետում ենք գտնվում:

Ներկաները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինչպե՞ս են անդրադառնալու ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, այն պարագայում, երբ 2019-ի ընթացքում նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման ժամկետի երկարացման 34 թույլտվություն, սակայն դրանցից մի քանիսն իրավական հիմքերի առկայության պայմաններում դուրս են մնացել: Նախարարն ասաց, որ ջրային տնտեսման աշխատանքները շարունակվելու են:

«2019 թվականին նախարարությունն սկսեց Արարատյան դաշտի արտեզյան  ինքնաշատրվանով լուծարվող հորերի կոնսերվացման լուծարման աշխատանքները, որի շնորհիվ տարեկան 1.8  մետր խորանարդ/վայրկյան ջուր տնտեսվեց և ևս 1.2-խորանարդ նվազեցվեց օգտագործողների մոտ: Տարեկան դա կազմում է 100 մլն խորանարդ մետր ջուր: Դա ավելին է, քան Երևանում օգտագործվող ջրի ծավալը ավելի քան մեկ միլիոն բնակչի կողմից»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով  անտնտեսվար և անտերության մատնված խորքային հորերի լիկվիդացման հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության  կողմից 2018-ի մայիսից հետո որևէ ձկնաբուծական կազմակերպությանը Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել և այն թույլտվությունները, որոնք տրված են եղել նախկինում, դրանք կարգավորվում են օրենսգրքով:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ն, թեև համաշխարհային արտանետումների ծավալում մեծ կշիռ չունի, բայց կլիմայի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանում համարվում է 4-րդ ամենախոցելի երկիրը:

«Խոցելի են շատ ոլորտներ՝ անտառներ, ջրային պաշարներ, էկոհամակարգեր, գյուղատնտեսություն: Արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացում և տեղումների նվազում՝ 9%-ով:

Սա նշանակում է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը մենք արդեն կրում ենք  և ակտիվ ներգրավված ենք, այդ թվում՝ ԵՄ-ի աշխատանքներում: Մեծ աշխատանք պետք է տարվի, որպեսզի ՀՀ տնտեսությունը հարմարվի կլիմայի փոփոխությանը: Բոլոր ոլորտների համար մշակելու ենք ճանապարհային քարտեզ: Գյուղատնտեսության ոլորտն, օրինակ, կիրազեկվի, թե կլիմայի փոփոխությունների հետևանքով ինչ ազդեցություն է կրելու»,- նշեց նախարարը:

Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում

$
0
0

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց երկու մրցանակ` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» մրցանակը և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ» մրցանակը: «Կովկասում և Կենտրոնական Ասիայում լավագույն թողարկող բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

Մրցանակները վկայում են առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի հաջողության մասին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ թողարկված վարկային նամակների ներքո Ամերիաբանկը ներգրավել է կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորում, որն ուղղվել է գյուղատնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերությունների կողմից գերժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը:

Մրցանակներն Ամերիաբանկին Երևանում շնորհեց IFC-ի` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջորջինա Բեյքերը, որը նշեց. «IFC-ն շատ է կարևորում առևտրի ֆինանսավորումը որպես մի ոլորտ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության և զարգացման համար: Հայաստանում մեր վաղեմի գործընկեր Ամերիաբանկը մեր աջակցությամբ ֆինանսավորում է ջերմոցային տնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերություններին, նրանց աջակցում էներգախնայող սարքավորումների ձեռքբերման հարցում` նպաստելով տնտեսական աճին և ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս երկու մրցանակներն իրավամբ վկայում են Ամերիաբանկի մեծ հաջողության մասին, որին բանկը հասել է` համագործակցելով IFC-ի հետ»:  

«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով լավագույն գործընկեր-բանկ» մրցանակն IFC-ն այս տարի շնորհում է առաջին անգամ: Մրցանակի նպատակն է խրախուսել Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի` միջնաժամկետ (մինչև 5 տարով) գործարքների գծով պարտավորությունները երաշխավորող հատվածի լավագույն և ամենաակտիվ գործընկերներին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի միջնաժամկետ հատվածի շահառուներն են կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված սարքավորումներ ձեռք բերող ձեռնարկությունները:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում IFC-ի կողմից շնորհված մրցանակները: Մեզ համար մեծ պատիվ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արժանանալ մրցանակի, որը շնորհվում է առաջին անգամ: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք IFC-ի հետ դեռևս 2009թ-ից և դրա շնորհիվ կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը: Ես վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում մեր համատեղ ջանքերը էլ ավելի կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2019թ. բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

IFC-ի Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրը հիմնադրվել է 2005թ-ին և նպատակ ունի` զսպել տնտեսվարող սուբյեկտների առևտրային ռիսկերը պարտավորությունների երաշխավորման միջոցով: Ծրագրին մասնակցում է 285 ֆինանսական հաստատություն: Ծրագրի ընդհանուր արժեքն է 5 մլրդ ԱՄՆ դոլար: 2014թ-ին գործարկված` 500 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ միջնաժամկետ հատվածով` Սարքավորումների ֆինանսավորման համաշխարհային ծրագրով մինչև 5 տարի ժամկետով երաշխավորվում է որոշակի գործընկեր բանկերի և ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը` ուղղված կլիմայի փոփոխությունը կանխելու համար նախատեսված սարքավորումների ձեռքբերմանը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ifc.org:

Հայտնի է, թե որ երկրում են բնակվում ամենամեծ թվով միլիարդատերերը

$
0
0

 ամենամեծ թվով երկրների ցանկը: 2019թ. Չինաստանում երեք անգամ ավելի շատ մեծահարուստներ են գրանցվել, քան ԱՄՆ-ում: Այս մասին երևում է Hurun չինական հետազոտական ընկերության հաշվետվությունից:

Վերլուծաբանները հաշվարկել են, որ 2020թ. հունվարի 31-ի դրությամբ Չինաստանում, այդ թվում՝ Հոնկոնգում և Թայվանում, միլիարդատերերի թիվը եղել է 799, մեկ տարում ավելանալով 182-ով: ԱՄՆ-ում միլիարդատերերի թիվը կազմում է 626 մարդ՝ նախորդ տարվանից 59-ով ավելի:

Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, ներկա պահին Չինաստանում ավելի շատ միլիարդատերեր են բնակվում, քան ԱՄՆ-ում և Հնդկաստանում միասին վերցրած:

Ինչպես հետևում է ընկերության ներկայացրած հաշվետվությունից, Հնդկաստանում միլիարդատեր է համարվում 137 մարդ:

2019թ. տնտեսական ցուցանիշներն աննախադեպ են, ընդդիմադիրներն ասում են՝ տնտեսության առնվազն ստագնացիա է ապրում, ոմանք էլ նշում են, թե անկում է ապրում. Տիգրան Ավինյան

$
0
0

Սա իրականության այնքան ակնհայտ խեղաթյուրում է, նույնն է, ոնց որ ասես՝ «մածունը սև է», որովհետև 2007թ. հետո ՀՀ-ում 2019թ. արձանագրվել է համախառն ներքին արդյունքի ամենաբարձր աճը, և ես կարող եմ հստակ պնդել, որ այդ աճն իսկապես դիվերսիֆիկացված և որակյալ աճ է: Այս մասին ShantTV-ի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունն ասում է, որ 2019թ. տնտեսական ցուցանիշներն աննախադեպ են, ընդդիմադիրներն ասում են՝ տնտեսության առնվազն ստագնացիա է ապրում, ոմանք էլ նշում են, թե անկում է ապրում:

«Հիմնական կոմպոնենտներից մեկը, որ նպաստել է այդ աճին, եղել է մշակվող արդյունաբերությունը՝ 7,6 տոկոսից 1,36 տոկոսն ընկնում է դրան: Զուտ համեմատելով 2018թ. հետ՝ դրա մասնաբաժինը 10,8 տոկոսից հասել է 12,1 տոկոսի: Սա աննախադեպ որակական աճ է և նշանակում է, որ իրականում ավելացված արժեք ստեղծող հատվածը 2019թ. էական աճ է գրանցել»,-ասել է նա՝ նշելով, որ շատ կոնկրետ աճ է գրանցել տուրիստական բոլոր տիպի ծառայությունների մատուցման և ՏՏ ոլորտում:

Դիտարկմանը, թե ըստ ընդդիմադիրների՝ հեղափոխությունից հետո խոշոր ներդրումներ չեն եղել, Ավինյանն արձագանքել է, որ անիմաստ է համարում դա մեկնաբանել:

«Տարատեսակ խոշոր ներդրումների մասին եղել են կոնկրետ համաձայնագրերի ստորագրություններ, և այս պահի դրությամբ գնում են բազմաթիվ շինարարություններ: Ամենախոշորներից մեկը ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրն էր: Տեղեկացնեմ նաև, որ Չինաստանում խնդիրների հետ կապված որոշ խոշոր գործարարներ և խոշոր ներդրումային ծրագրեր նույնպես տուժում են, որովհետև տարբեր սարքավորումներ այս պահի դրությամբ չեն կարողանում ներկրել Չինաստանից, բայց, այնուամենայնիվ, խոշոր ներդրումների հետ կապված այդ հայտարարությունները սին են»,-նշել է փոխվարչապետը:

Նա ընդգծել է՝ ներդրումները կան, առկա են. «Միգուցե կարող էին ավելի մեծ քանակի լինել, բայց կարծում եմ՝ մեր տնտեսության չափ տնտեսության համար շատ քանակի խոշոր ներդրումները պետք է նաև կարողանալ «մարսել», որովհետև կապիտալի ներհոսքը՝ մի քիչ նույնիսկ ագրեսիվ, նաև որոշ վտանգներ է իր մեջ պարունակում, որովհետև նման ծրագրերը նաև որոշակի պարտավորություններ են ենթադրում պետության կողմից, և այս առումով, ես կարծում եմ, մենք բավականին կշռադատված և փաստարկված ենք որոշումներ կայացնում:

Հարցին՝ հնարավո՞ր է «Լիդիան Արմենիայի» և «Սանիթեք»-ի հետ եղած խնդիրները բերեն ներդրումների կրճատման, Ավինյանը պատասխանել է, թե չի կարծում. «Մենք կարող ենք ունենալ նմանատիպ խնդիրներ, բայց ոչ այդ պատճառներով:

Անդրադառնալով Ամուլսարին՝ Ավինյանն ասաց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության պահպանման կողմնակիցն է և օրենքի տառի պահպանման կողմնակիցը, որովհետև պետք է ընդունել, որ կան դեպքեր, կա պարտավորություն, որը ստանձնել է պետությունը. «Ամուլսարի ծրագրում ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է. մասնավորապես, արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, որ այնտեղ որոշակի տրամադրություններ կան, որ դեմ են Ամուլսարի շահագործմանը, «Լիդիանը» ունի ֆինանսական խնդիրներ, և դրանց լուծումը նույնպես խնդրահարույց է, որովհետև մենք ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ բոլոր կողմերի հետ, բայց խնդիրներն ավելի խորքային են»:

 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ անդամ-պետությունների հերթական խորհրդակցությանը

$
0
0

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է  Մոսկվա՝ մասնակցելու  փետրվարի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավակիրառ փորձի, անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի, ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, բորսային առևտրի զարգացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման ընթացքի, կենսական կարևորություն ունեցող դեղամիջոցների շուկայում մրցակցության զարգացման և այլ հարցեր:

ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի, մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է. վարչապետ

$
0
0

2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է և պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կառավարության, նախարարությունների հաշվետվողականությունը:

«2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»,- ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա առաջին տարին է, որ մշակվող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում գյուղատնտեսությունից ավելին է: Վարչապետը տեղեկացրեց, որ տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտը, ապրանքների և ծառայությունների արտահանումը 10.3 տոկոսով աճել է:

«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքիր պրոցեսներ են գնում, մենք պետք է աջակցենք նրանց, քանի որ նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Աշխարհում  նռան գինին սկսում է ավելի դուր գալ մարդկանց և այս համատեքստում արժե մտածել մեր ինտելեկտուալ սեփականությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որն 15 տոկոս զբոսաշրջության աճ ունենք, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով:

«Նախկինում արված քաղաքական հայտարարության շրջանակներում,  բյուջեի եկամուտները աճել է 43.6 տոկոսով, 1 միլիարդ 60 միլիոն դոլարով: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե որտեղ եք ուզում գցեք, մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»,-ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի, և մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է:

 

Հաստատվել է Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը

$
0
0

Ներկայացնելով նախագիծը՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելել է, որ այս արգելքը մասնավորապես վերաբերում է վառելափայտին և գերաններին (ապրանքների սպառիչ ցանկը սահմանված է որոշմամբ): Այս մասին տեղեկացնում եմ Շրջակա միջավայրի նախարարությունը:

Էրիկ Գրիգորյանն ընդգծել է նաև, որ արգելքը գործելու է 6 ամսով, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման։ ԵԱՏՄ երկրների կողմից հաստատվելու դեպքում՝ կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։


Նիկոլ Փաշինյանը 1,5 տարի է չի կարողանում կարգավորել Մեղրիի ազատ տնտեսական գոտու չշահագործման խնդիրը․ Բաբկեն Հարությունյան

$
0
0

«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն ՝ ստանալու տեղեկատվություն, թե ի՞նչու մինչ օրս չեն գործում Մեղրիի և Գյումրու ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և ե՞րբ կսկսեն գործել՝ խնդրելով նշել հստակ ժամկետներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մեղրիի ԱՏԳ-ի մասով նախարարությունը տեղեկացնում է, որ տնտեսական գործունեություն չի իրականացվում մի շարք պատճառներով. առկա են որոշակի խնդիրներ՝ կապված ԱՏԳ հարակից հողատարածքների, ԱՏԳ մուտք-ելք ընթացակարգերի և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերության և շինարարական կազմակերպության միջև առկա
անհամաձայնության հետ։ Վերոնշյալ խնդիրները գտնվում են լուծման փուլում, և դրանց վերջնական լուծման արդյունքում առավել որոշակի կդառնա ԱՏԳ գործարկման հստակ ժամանակացույցը։

Գյումրու ԱՏԳ մասով նշված է՝ Կառավարության համապատասխան որոշումը՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությանն ազատ տնտեսական գոտի ճանաչելու նպատակով, ընդունվել է, և ներկայումս Ընկերության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա իրականացվում են Ընկերության հետ կնքվելիք պայմանագրի դրույթների վերաբերյալ քննարկումներ, և դրա կնքումից հետո հստակորեն կարձանագրվեն ԱՏԳ
գործարկման ժամկետները։

Ստացված պատասխանից ակնհայտ է դառնում, որ դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏԳ-ները, որոնք մեծ հնարավորություններ կստեղծեն երկրի զարգացման համար , և որ տնտեսական հեղափոխության հազար անգամ մեկնարկ տված կառավարությունը 1,5 տարի է չի կարողանում կարգավորել Մեղրիի ԱՏԳ խնդիրները։ Մինչդեռ չկատարած աշխատանքի համար կառավարության անդամները ինքնապարգևատրվում են աստղաբաշխական թվերով։ Դմփ, դմփ, հու․․․»

Brent ապրանքանիշի նավթի գինը 2018թ. դեկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 51 դոլարի շեմից

$
0
0

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդում անկում է գրանցել:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, վկայակոչելով աճուրդի տվյալները, նավթի գինը նվազել է 3.52 տոկոսով՝ հասնելով 50.95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Վերջին անգամ այս տեսակի նավթի գինը 51 դոլարից ցածր է եղել 2018թ. դեկտեմբերին:

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը նվազել է 4.6 տոկոսով՝ կազմելով 46.47 դոլար:

CNN-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ֆոնդային շուկան կանգնած է խոշորագույն անկման շեմին շաբաթվա կտրվածքով, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած մտավախություններով:

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 481.50, մեկ եվրոն՝ 531 դրամ առավելագույն փոխարժեքով

$
0
0

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 28-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 476 դրամ նվազագույն և 478 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 479 դրամ նվազագույն և 481.50 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 517 դրամ նվազագույն և 524 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 525 դրամ նվազագույն և 531 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7 դրամ նվազագույն և 7.25 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.25 դրամ նվազագույն և 7.43 դրամ առավելագույն փոխարժեքով:

VivaroBet-ը՝ Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն. ԲՎ

$
0
0

VivaroBet-ը Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերությունն է: Ընկերությունը համանուն անվանակարգի հաղթող է ճանաչվել փետրվարի 27-ին Մոսկվայում կայացած «Բուքմեյքերների վարկանիշ» հեղինակավոր տեղեկատվական-վերլուծական պորտալի կազմակերպած սպորտի և բուքմեյքերական ոլորտի մրցանակաբաշխության ընթացքում:

Նշենք, որ VivaroBet-ից զատ, այս անվանակարգում Հայաստանից նոմինացված է եղել ևս երեք բուքմեյքերական ընկերություն:

Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը. Բաբկեն Թունյան (տեսանյութ)

$
0
0

2019թ. տնտեսական ցուցանիշների մասին արդեն բավականին խոսվել է և տարին տնտեսական առումով բավականին լավն՝ 7,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով, որը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հավելեց, որ մեր երկիրն այս առումով առաջատար է տարածաշրջանում:

Նա նշեց, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է. «Մենք հստակ տեսնում ենք, որ ամենաշատ տնտեսական աճին նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում` ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, իսկ կոնկրետ խաղային ոլորտը և այդ մշակույթը, զվարճությունները, հանգիստը՝ տնտեսական աճին  նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»,-ասաց նա:

Բաբկեն Թունյանը նշեց, որ տարվա ընթացքում նաև իրականացվել են որոշակի քայլեր, որոնց արդյունավետությունը տեսանելի կլինի այս տարվա սկզբից, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը:

Այս 2 տարում կոռուպցիան կրթական ոլորտում ավելի է խորացել, քանի որ չկան համակարգային փոփոխություններ, չկա այն վերացնելու պահանջ. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

$
0
0

2019 թվականը Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, որը ունի իր բնութագրումը, սակայն անցած տարվա զարգացումների մեջ մեծ նշանակություն ունեին հասարակական սպասումները, այս մասին «2019 թ. տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Ունենք 7,6 % տնտեսական աճ և առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որոնցում հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ որտեղ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորումներ են ունենում: Սա իշխանության առաջ ավելի լրջանալու պահանջ դնելու հայտ է»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանը նշեց, որ երբ նայում է բովանդակային առումով զարգացմանը, ապա չէր ասի, որ 2019-ի առանձին հատվածների զարգացումները պետք է հիացմունքի առարկա լինեն: Նա նկատեց, որ արդյունաբերության մեջ առաջնային տեղում է հանքարդյունաբերությունը, իսկ վերամշակող արդյունաբերության աճն ավելի ցածր է եղել:

Տնտեսագետը նշեց, որ գյուղատնտեսությունը մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում, մենք 17-րդ դարից քիչ ենք տարբերվում: Նա մտահոգիչ համարեց այն, որ ներմուծման ծավալները գերազանցեցին արտահանմանը:

«Մեր մեծագույն նվաճումներից մեկը մակրոտնտեսական կայունությունն է, սա նախապայմանն է, սակայն մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք: Գնաճը տնտեսական աճի բաղադրիչներից մեկն է, և պետք է ուշադիր, հետևողական լինենք, որ այդ ցուցանիշները համապատասխանեն տնտեսական աճին»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանը համաձայնեց, որ այսօր նախարարները, կառույցների ղեկավարները կաշառք չեն վերցնում, սակայն նշեց, որ կոռուպցիայի խնդիրը համակարգային է:

«Մենք համակարգված գողության հետ ենք գործ ունեցել, հիմա այս երևույթները չկան, բայց ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ համակարգային փոփոխություններ լինեն: Կոռուպցիան մշակութային երևույթ է, այդ մշակույթը չի փոխվել: Ես հավատացնում եմ, որ կոռուպցիան կրթական համակարգում ավելի է խորացել այս երկու տարիների ընթացքում, քանի որ համակարգային փոփոխություններ չկան, պահանջը չկա, այդ կառույցները չեն աշխատում, այսօր ուսանողը գալիս է համալսարան ոչ թե սովորելու, այլ չսովորելու համար, այսօր փող են տալիս չսովորելու համար»,-ասաց նա:

ՊԵԿ-ը 2019-ին տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ԱԱՀ-ի գումար

$
0
0

Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ  161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն  դրամով կամ 80.3%-ով, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ընդհանուր առմամբ,  վերադարձվել է 170 միլիարդ 438 միլիոն դրամ (այդ թվում՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկը՝ շուրջ 7.9 միլիարդ դրամ), ինչը  79.7 % -ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը:  Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

Հարկային oրենսգրքի փոփոխություններով 2019 թվականի ընթացքում պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը՝ առավել բարենպաստ պայմաններ սահմանելով տնտեսվարողների համար: Մասնավորապես՝ 2019թ-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները):

Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները (պայմանական` նոր դեբետ) միասնական հաշվին մուտքագրվելու դրույթը մինչ այդ կիրառվում էր սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից, մինչդեռ այդ ժամկետից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում էր միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Փոփոխությամբ հնարավորություն ընձեռվեց տարիներով կուտակված բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները մուտքագրել հարկ վճարողի միասնական հաշվին (ընդ որում, այս պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացման պահին տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը):

Մեկ այլ փոփոխությամբ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության, 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով  1 միլիարդ 575 միլիոն դրամի գումար:

Թելման Ասատրյանի տեղեկացմամբ՝ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային փոխհատուցվող գումարների (հին ու նոր դեբետների) համար նույնպես (նախկինում միայն 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով էր) սահմանվել է պարզեցված ընթացակարգ, գործում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով և հարկ վճարողներին գումարները վերադարձվում են (միասնական հաշիվ են մուտքագրվում)  դիմումը մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: (Եթե հարկ վճարողի տվյալները համապատասխանում են կառավարության համապատասխան որոշումներով սահմանված չափանիշներին): Բարձրացվել է պարզեցված ընթա­ցա­կարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը՝ 20 մլն-ից դարձնելով 40 մլն դրամ:

Դյուրացվել է պարզեցված ընթա­ցա­կարգով վերադարձման կարգը ևս: Հարկ վճարողի կողմից բոլոր հաշվարկների, հաշվետվությունների ներկայացված լինելու և հարկային պարտավորությունների կատարված լինելու պահանջի փոխարեն այժմ սահմանվել է միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացված լինելու չափանիշը: Փոփոխությամբ` հարկային պարտավորության առկայության պարագայում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները պարզեցված ընթացակարգով մուտքագրվում են միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով մարվում են հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի (միասնական հաշվին մուտքագրման) ժամանակահատված է սահմանվել եռամսյակը՝ նախկին կիսամյակի փոխարեն:  Հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց առավել հաճախակի պարբերականությամբ դիմելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների, յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցող գումարները միասնական հաշվին մուտքագրելու նպատակով 2019թ-ին իրականացվել է 2356 ուսումնասիրություն, իսկ 2018թ-ի ցուցանիշը գերազանցել է  1258-ով կամ 114.6%-ով:

Բիզնեսին նման ծավալով գումարների վերադարձը մուլտիպլիկատիվ էֆեկտ է առաջացնում տնտեսության բոլոր ոլորտներում՝ այդ միջոցների շրջանառության ամբողջ շղթայում: Տնտեսվարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները: Միաժամանակ միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներով հնարավորություն են ստանում մարել ինչպես այլ հարկերի ու վճարների գծով պարտավորություններն:

2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար, ինչը 2018 թվականի ցուցանիշը (4,683,712.8 դրամ) գերազանցել է ավելի քան  3 միլիարդ դրամով կամ 68.7%-ով: Գործընթացում ներգրավված է եղել 7152 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 4021-ի դիմաց, աճը՝ 77.9 տոկոս:

ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ, 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է ավտոմատացնել հիփոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման (վերադարձման) գործընթացը: Ինչը նշանակում է, որ դիմումների, եզրակացությունների ու տեղեկանքների համակարգչային ձևերի ստեղծումը, դրանց հաշվառման և շրջանառման պայմանների ապահովումը կիրականացվի ավտոմատ: Արդյունքում էականորեն կկրճատվի՝ դիմումի ստացման օրվանից մինչև ֆիզիկական անձի բանկային հաշվին գումարի մուտքագրելու ժամանակի տևողությունը, կբացառվեն մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներն ու բացթողումները, կհեշտացվի վերահսկողությունն ու հաշվառումը:

Միասնական հաշվին մուտքագրված գումարների և հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների համադրությունն ըստ տարիների


Երբ տնտեսական լրագրող էի, երբեմն վիճպետկոմի տվյալներին թերահավատորեն էի վերաբերվում, բայց կոմիտեն որևէ շահագրգռվածություն չունի թվեր նկարելու. Բաբկեն Թունյան

$
0
0

Այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խոսելով տնտեսության աճի մասին և համաձայնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում անցած տարի աճի տեմպն ավելի նկատելի է եղել, քան մյուս ոլորտներում: Նա նշեց, որ դա պայմանավորված է նախորդ տարվա բազային անկումային ցուցանիշներով:

Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ արձանագրված ցուցանիշների մասին ցանկացած կառավարություն հպարտությամբ կխոսեր: Ինչ վերաբերում է վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին, պատգամավորն ասաց. «Ես երբ տնտեսական լրագրությամբ էի զբաղվում, երբեմն թերահավատությամբ էի վերաբերում վիճակագրական կոմիտեի տվյալներին, բայց վիճակագրական կոմիտեն՝ որպես կառույց, որևէ շահագրգռվածություն չունի թվերը նկարելու, ուռճացնելու կամ փոքրացնելու, նման բան լինում է, երբ քաղաքական պատվեր կա, իսկ ես համոզված եմ, որ այսօր քաղաքական պատվեր չկա: Դուք գրեք 10, 15 կամ զրո տնտեսական աճ և եթե քաղաքացին այդ աճի ազդեցությունը չզգաց, իր համար այդ թվերը միևնույնն են»,- ասաց նա և նշեց, որ ամենակարևոր ինդիկատորը աղքատության մակարդակն է, որը նվազում է:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ առկա խնդիրների մեծ մասն անհնար է կարճ ժամանակում լուծել և համաձայնեց, որ ներդրումների առումով ինստիտուցիոնալ փոփոխություններ են հարկավոր: Պատգամավորը հայտնեց, որ այս պահին կառավարությունում քննարկվում է նաև գլոբալ կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգը:

«Անցյալ տարի կապիտալ ծախսերի թերակատարում է եղել, սակայն այս տարի նախատեսված է աննախադեպ բարձր մակարդակի կապիտալ ծախսեր ու համոզված եմ, որ դրանք ամբողջ ծավալով կիրականացվեն»,-ասաց նա և նշեց, որ վերջնական փուլում է Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման ռազմավարությունը, որտեղ հստակ թիրախային ցուցանիշներ կան:

«Շինարարությունը վերջին տասը տարում միշտ եղել է անկումային փուլում ու անցած տարի կարելի է ասել վերականգնման փուլ էր, և հիմա ակտիվ շինարարություն է ընթանում: Պաշտոնական ցուցանիշներով հունվարին 8 տոկոսանոց աճ կա և վստահ եմ, որ դա պահպանվելու է»,- ասաց նա և ընդունեց նաև, որ  ունենք բնակֆոնդի մաշվածության խնդիր:

Անդրադառնալով հանրաքվեի ազդեցությանը տնտեսության վրա՝ Բաբկեն Թունյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ հանրաքվեն տնտեսությանը որևէ կերպ բացասաբար վնասի, և եթե մենք նկատի ունենք, որ կարող են լինել անհանգստություններ, բողոքի ցույցեր, որոնք սովորաբար վատ ազդեցություն են թողնում, համոզված եմ, որ նման բան չի լինելու, քանի որ հասարակության մեջ չկա այդ թերահավատ մոտեցումը կամ կասկածը, որ հանրաքվեն, ընտրությունները կարող են կեղծվել»:

Բաբկեն Թունյանը նշեց, որ այս ամենը համարում է, որ ոչ թե դատական համակարգի վրա է ճնշում, այլ ընդհակառակը՝ համարում է դատական համակարգի առողջացում: «Համաձայն եմ, որ եթե դատական համակարգի վրա ճնշում լինի, ապա տնտեսության վրա վատ կազդի, բայց նաև փաստ է, որ եթե մի երկրում դատական համակարգի հանդեպ վստահություն չկա, այն վատ է ազդում տնտեսության վրա, իսկ եթե մեր երկրում դատական համակարգի նկատմամբ վստահություն չի եղել և այսօր էլ շատ ցածր մակարդակի վրա է, կարծում եմ, որ դա ապացուցման կարիք չունի»,-ասաց Թունյանը:

 

Կառավարությունում քննարկվել են ՀՀ–ում կենսավառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը: Եվ այս հարցերի քննարկման համատեքստում է, որ ինձ համար գոնե զարմանալի կերպով իմացա, որ բավական տարածված պրակտիկա է նաև Եվրոպայում, այսինքն՝ զարգացած երկրներում, ընդհուպ Մեծ յոթնյակի անդամ հանդիսացող երկրներում:

Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը՝ այն մասին, որ հիմա մեզ արդեն հայտնի ջեռուցման կաթսաները կամ այդ պարամետրերին համապատասխանող կաթսաներն օգտագործվում են ոչ թե բնական գազով կամ հեղուկ վառելիքով, այլ կենսավառելիքով: Տվյալ դեպքում կենսավառելիք ասելով նկատի ունենք բրիկետները, պելետները: Իհարկե, պելետների և բրիկետների օգտագործման այլ մեթոդներ էլ կան, և այսօր մենք կփորձենք  հասկանալ, թե ինչ եզրակացությունների ենք հանգել և ինչքանով ենք հավանական համարում Հայաստանում այդ մեթոդի կիրառելիությունը: Հիմնականում մեթոդի կիրառելիություն ասելով նկատի է առնվում դրա շուկայական մրցակցությունը մինչ այժմ մեր ունեցած մյուս մեթոդների նկատմամբ: Համենայն դեպս, եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար»:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրման ուղղությամբ կատարված նախնական աշխատանքներին: Նա ներկայացրել է համեմատական վերլուծություն կենսավառելիքի՝ բրիկետային և պելետային վառելիքի արտադրության տեխնոլոգիաների, հիմնական առավելությունների, արժեք/ջերմատվություն հարաբերակցության, այլ տեսակի վառելիքի հետ համատեղելիության/փոխարինելության, արտադրության համար անհրաժեշտ հումքային պաշարների վերաբերյալ:

Նախարարի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարևոր փոփոխություն կարող է լինել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքակիրթ ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների և բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման և էներգետիկ անվտանգության առումով: Նա նշել է, որ ծրագրի իրականացվելիության և ֆինանսական գնահատականի ամբողջական ուսումնասիրությունը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները, շահավետ բիզնես մոդելների տարբերակները, պետական ներգրավվածության մեխանիզմները և այլ հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ հետագա անելիքների շրջանակում յուրաքանչյուրն իր մասով մշակել առաջարկությունների փաթեթ քննարկված հարցերի վերաբերյալ և ներկայացնել դրանք ծրագրի ամբողջական գնահատականի հետ մեկտեղ:





2019 թ. դեկտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ. ԱՎԾ նախագահ. artsakhpress.am

$
0
0

Արցախի սպառողական շուկայում 2019թ. դեկտեմբերին, 2018թ. դեկտեմբերի նկատմամբ, արձանագրվել է գնաճ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքով՝ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ:

«2018 թվականի համեմատ, 2019 թվականին Արցախում սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.1 %, ոչ պարենային ապրանքներինը` 100.2 %, ծառայությունների սակագներինը` 98.7 %»,- ավելացրել է Մ. Մինասյանը:

Օտարերկրացի զբոսաշրջիկների 2019-ի թիվն ուռճացված է առնվազն մոտ 600,000-ով. Արա Գալոյան

$
0
0

Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ Վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139):

Այդ որոշ տվյալներից մեկը պնդում է, որ 2019թթ․ Հայաստան ժամանել է 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Իսկ մեկնել՝ 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ: Պաշտոնական փաստաթղթում գրված այս լուրը նախ հայտնվեց ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում, ապա՝ կառավարության կայքում: Այս թիվը հարցազրույցներով տարածեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու նրա համապատասխան տեղակալը: Այլ կերպ ասած՝ փաստը բազմիցս տիրաժավորված է:

Սկզբում մեջբերենք այն պարզաբանումը, թե ինչ չափանիշներով են որոշվում՝ ովքեր են միջազգային զբոսաշրջիկները և ինչպես են հաշվում նրանց: Այն, որ հաշվարկման համար «հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով», ակնհայտ է: Բայց պարզ է, որ բոլոր ժամանողները չեն զբոսաշրջիկ: Վիճկոմի այս ոլորտի տվյալներ պարունակող բոլոր հաշվետվություններում կա հաշվարկի մեթոդաբանական բացատրությունը: «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով» (տես նույն տեղում):

Հիմա վերադառնանք զբոսաշրջիկների քանակին: Վիճկոմի հիշատակված հաշվետվությունը ծավալուն է: Ինչպես վայել է տարին ամփոփող բոլոր նման փաստաթղթերին: 2018թ․ համեմատ զբոսաշրջիկների քանակի 14.7 տոկոսանոց աճի նկատմամբ կասկած ունեցողները կարող են նույն հաշվետվությունում գտնել հետևյալ՝ «Սահմանահատում կատարած անձանց նույնականացման տվյալների բաշխումը ըստ քաղաքացիության երկրի, մուտքերի, ելքերի և սահմանահատումների քանակի, 2019թ.» անունով փաստաթուղթը: Պետք է ասել, որ մեր Վիճկոմը ամեն տարի չէ, որ հրապարակում է այս սահմանահատումների տվյալները: Սակայն հակառակի պես այս տարի հրապարակել է (տես նույն տեղում, էջ 256): Ըստ այս փաստաթղթի՝ 2019թ․ ՀՀ սահմանային անցակետերով մեր երկիր մուտքերի քանակը կազմել է 2 մլն 232 հազար 302 դեպք: Այս թվից պետք է հանել երկիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հատումների քանակը: Այն պարզ պատճառով, որ ոչ մի տրամաբանությամբ ու նորմատիվ որևէ ակտով հնարավոր չէ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացուն համարել միջազգային զբոսաշրջիկ: Նույնիսկ ամենավառ երևակայությունն ունենալու պարագային։ Իսկ 2019-ին Հայաստան վերադարձ-հատումների քանակը 938 հազար 615 է: Երբ մուտք-հատումների ընդհանուր քանակից հանում ենք ՀՀ քաղաքացիների հատման քանակությունը, ստացվում է, որ օտար քաղաքացիություն ունեցողների հատումների քանակը կազմել է 1 մլն 293 հազար 687: Այսինքն 2019թ․ Հայաստան ժամանող օտարերկրացիների (նրանց, ում ցանկության դեպքում մեր պաշտոնյաները ամբողջ կազմով կարող են համարել միջազգային զբոսաշրջիկ) քանակը չի կարող գերազանցել այս թիվը: Ընդ որում` երկիր այցելող մարդկանց հաշվառումը բարդ մեթոդաբանություն չի պահանջում: Ի վերջո, պաշտոնապես հայտարարված է աղբյուրը` «ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը»: Եվ այդ ոչ բարդ մեթոդաբանության արդյունքում ստացվում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600 հազարով: Առնվազն:

«Ինչո՞վ է նույն փաստաթղթի 256-րդ էջում հրապարակված տվյալն ավելի վստահելի, քան 139-րդում հրապարակվածը»․ հարցը պարզ պատասխան ունի: Սահմանահատումների քանակի թիվն ուռճացնելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն որևէ շահ չէր կարող ունենալ: Ժողովրդական բառուբանով ասած` «Մեջը օգուտ չունի»: Նաև այն պատճառով, որ վերադասից համապատասխան հրահանգ չի ստացել: Ասածից չի կարելի միանշանակ եզրակացնել, որ եկող տարի նման հրահանգ կտրվի: Շատ ավելի հավանական է, որ այս տվյալները պարունակող փաստաթուղթ չհայտնվի 2020թ․-ի հաշվետվություններում: Թաքցնելը միշտ ավելի ազնիվ է, քան` կեղծելը:

Ավելացնենք նաև, որ սահմանահատումների թվական տվյալները հրապարակող փաստաթուղթը ուշադրության արժանի այլ տվյալներ էլ է պարունակում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում 444 միլիարդ դոլար են կորցրել

$
0
0

Այս շաբաթվա ընթացքում, Bloomberg գործակալության տվյալներով, մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 444 միլիարդ դոլար են կորցրել:

Դա տեղի է ունեցել մոլորակի վրա նոր տեսակի կորոնավիրուսի տարածման և դրան հետևած ֆոնդային շուկաներում իրավիճակի վատթարացման պատճառով:

Ֆինանսական վերլուծության համաձայն` ամենամեծ գումարները կորցրել են Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը և ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy ֆրանսիական ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն: Նրանք միասին կորցրել են շուրջ 30 միլիարդ դոլար: Ամենաշատը կորցրել է Բեզոսը` շուրջ 12 միլիարդ դոլար:

Զգալի կորուստ է ունեցել նաև Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունը կրճատվել է շուրջ 9 միլիարդ դոլարով:

Viewing all 15857 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>