Բրիտանական կառավարությունը Boeing ընկերության հետ պայմանագիր է կնքել 9 P-8A Poseidon հակասուզանավային ինքնաթիռ ձեռք բերելու մասին: BBC-ի հաղորդմամբ` գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 3 մլրդ ֆունտ ստերլինգ (3,9 մլրդ դոլար):
Պայմանագրի համաձայն` Boeing-ը հաջորդ 10 տարվա ընթացքում պարտավորվում է Մեծ Բրիտանիային մատակարարել 9 P-8A Poseidon մակնիշի ինքնաթիռ, որոնք նախատեսված են սուզանավերի որոնման և ոչնչացման համար: Պայմանագրի արժեքի մեջ ներառված է նաև անձնակազմի վերապատրաստման և ինքնաթիռների տեխսպասարկման համար ծախսվելիք գումարը:
Բացի այդ ամերիկյան ընկերությունը կվճարի Շոտլանդիայում «Լոսիմուտ» ռազմաբազայում ենթակառուցվածքների շինարարության ծախսերը, որոնք անհրաժեշտ են այնտեղ նոր օդանավերը տեղակայելու համար: