Չնայած միջազգային ֆինանսական շուկայում բավական բարդ իրավիճակին, Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ միջազգային ներդրողների համար. «Ամերիաբանկ»-ը և DEG-ը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել։
«Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ «Ամերիաբանկ»-ի վերաբերյալ երեք կարևոր նորություն ունեն:
Լոնդոնում մայիսի 12-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և DEG-ի (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) ստորագրված՝ 6 տարի մարման ժամկետով 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրին անդրադառնալով՝ նա նշեց, որ վարկն ուղղվելու է ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը։
«Մենք կարևորում ենք այս գործարքը, որովհետև, ինչպես մենք բազմիցս նշել ենք, փոքր և միջին ձեռնարկությունները մեզ համար մնում են կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, և ամեն տարի փորձում ենք մեր վարկային պորտֆելում այդ ներդրումների ծավալն ավելացնել»,-ասաց նա և նշեց, որ քանի որ այս միջոցները երկարաժամկետ են, հնարավորություն կունենան բիզնեսի ներկայացուցիչներին ավելի գրավիչ պայմաններով վարկ տրամադրել, որը կթեթևացնի նրանց ամսական վճարումների բեռը:
Նա հայտնեց, որ երեք հարյուր միլիարդ դրամից ավելի վարկային պորտֆել ունեն, որի մեկ երրորդը կազմում են մանրածախ, փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերը:
Նա նշեց, որ «Ամերիաբանկ»-DEG համագործակցությունը սկսվել է դեռևս 2009թ.-ից, հետագայում համագործակցությունը վերածվել է ռազմավարական գործընկերության, իսկ 2012թ. նոյեմբերին ստորագրվել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
Գևորգ Թառումյանի ներկայացրած երկրորդ կարևոր իրադարձությունն այն է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Ամերիաբանկ»-ին շնորհել է «Տարվա գործարք՝ էներգաարդյունավետություն» մրցանակը (Deal of the Year- Energy Efficiency)` 2015թ-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար:
«Ջերմոցային տնտեսությունները մեզ համար ևս հանդիսանում են ռազմավարական ուղղություն, որը հնարավորություն է տալիս տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը, դարձնել անկախ եղանակային պայմաններից և ամբողջ տարին բերք տրամադրել»,-ասաց նա և հայտնեց, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների նախագծերի ավելի քան 70 տոկոսի ֆինանսավորումն իրականացվում է «Ամերիաբանկ»-ի կողմից:
«Մենք գրեթե բոլոր խոշոր ջերմոցային տնտեսություններին ֆինանսավորել ենք, որ հնարավորություն տանք նրանց մեծ ծավալներով ապրանք արտադրել և արտահանել Հայաստանից դուրս»,-ասաց նա:
Ֆինանսական տնօրենը նշեց, որ «Ամերիաբանկ»-ն «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որը հաստատվել և ֆինանսավորվել է «Կոմերցբանկ»-ի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ։ Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է 2,3 մլն ԱՄՆ դոլար, որից 1,91 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն իրականացվել է «Ամերիաբանկ»-ի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:
Նա հայտնեց, որ ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսել 390,000 ԱՄՆ դոլարի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաև կրճատել բնական գազի օգտագործումը 1,950,000 մ³-ի չափով:
«Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում»,-ասաց նա:
Գևորգ Թառումյանը հայտնեց նաև, որ Fitch միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է «Ամերիաբանկ»-ին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:
«Այս ռեյտինգի համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Ամերիաբանկն ունի բավարար իրացվելիություն, կարողանում է կառավարել իր ռիսկերը և ունի մեծ պոտենցիալ՝ տնտեսության հնարավոր զարգացումներին դիմակայելու համար: Մեծ դեր է խաղացել այն, որ Ամերիաբանկը հանդիսանում է համակարգի խոշորագույն բանկը, որը մոտավորապես շուկայի 15 տոկոս մասնաբաժին ունի»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս ռեյտինգը կարևոր է այն առումով, որ հնարավորություն է տալիս ամրապնդել դիրքերը օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում:
«Այն հնարավորություն է տալիս ապացուցել, որ մենք հուսալի կազմակերպություններ ենք և ավելի խորացնել մեր հարաբերությունները»,-ասաց նա և հայտնեց, որ վարկանիշի հեռանկարը վերանայելով Կայուն՝ Fitch-ն ակնկալում է, որ «Ամերիաբանկ»-ը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին:
Բացի այդ, Բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված 30 մլն ԱՄՆ դոլար միջոցների հաշվին: