Երեկ հեղինակավոր Christie's աճուրդի տունը Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ 450.3 մլն դոլարով վաճառել է Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոանարդո դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը:
Ինչպես նշում է The Guardian-ը, այսպիսով՝ հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչվել է երբևէ աշխարհում վաճառված ամենաթանկարժեք արվեստի գործը:
Ընդհանուր առմամբ, աճուրդը տևել է 20 րոպե: Արդյունքում այն ձեռք է բերել մի անհայտ գնորդ:
Հինգ հարյուր տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում է Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը:
Նշվում է, որ «Սալվատոր Մունդի»-ն հանճարեղ իտալացու այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:
Christie's-ի ներկայացուցիչ Լյուկ Գուզերն ընդգծել է, որ նման կտավն աճուրդի հանելը կյանքում ընդամենը մեկ անգամ ընձեռվող պատիվ է:
Հայտնի է, որ «Սալվատոր Մունդի» կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար: