Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձգտումն՝ ավելի շատ իշխանություն վերցնել իր ձեռքը, հանգեցրեց նրան, որ իր ընտրած վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրաժարական տվեց՝ ֆինանսական շուկաներում տատանումներ առաջացնելով և նոր քաղաքական ցնցումներով սպառնալով, գրում է The Bloomberg-ը:
Լրատվամիջոցը ներկայացրել է, թե ինչու է վարչապետի հրաժարականը կարևոր՝ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններից մինչև քուրդ անջատողականների հետ իշխանությունների շարունակվող պայքարը:
Դավութօղլուի հայտարարությունն արվել է Սահմանադրության փոփոխությամբ նախագահի դերն ընդլայնելու և տարակարծությունը ճնշելու ջանքերի ֆոնին: Նա նաև ձգտում է վերացնել որոշ քուրդ օրենսդիրների անձեռնմխելիությունը՝ ահաբեկչության մեղադրանքներ ներկայացնելու համար:
Ինչպես Bloomberg-ին հայտնել է Վաշինգտոնում Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Այքան Էրդեմիրը, էրդողանը կարող է արտահերթ ընտրություններ հրավիրել և փորձել ստանալ ճնշող մեծամասնության ձայները, որն անհրաժեշտ է Սահմանադրությունը փոխելու համար:
«Դավութօղլուի հրաժարականը շրջադարձային պահ է Թուրքիայի քաղաքական պատմության մեջ, դա միապետական իշխանության անցնելու նշան է»,- ասել է Էրդեմիրը:
Ինչպես նշել է վերլուծաբան Նիհաթ Ալի Օզջանը, Էրդողանի ռազմավարության մաս է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությունները շարունակելը, մինչդեռ Դավութօղլուն պարտադիր չէր համարում այդ քաղաքականությունը:
Բացի այդ, Դավութօղլուն համարվում էր Եվրամիության հետ փախստականների հարցով համաձայնության ճարտարապետը, և նրա հեռանալը կասկածներ է առաջացրել համաձայնագրի իրականացման վերաբերյալ, գրում է Bloomberg-ը: