Մոսկվայի ժամանակով ժամը 14:47-ից «Яндекс»-ի արժեթղթերի վաճառքը բերվել է դիսկրետ աճուրդի ռեժիմի՝ ավելի քան 20 տոկոսով գնաճի առնչությամբ: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հինգշաբթի «Яндекс»-ի արժեթղթերը կտրուկ թանկացել են և պատմական առավելագույնի հասել Uber-ի հետ տաքսու առցանց ծառայությունների միավորման մասին լուրերի առնչությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական Яндекс և ամերիկյան Uber ընկերությունները համաձայնագիր են կնքել Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում և Ղազախստանում տաքսու առցանց պատվերի բիզնեսը և ծառայությունները միավորելու մասին:
Համատեղ ընկերության ստեղծման գործարքը հավանության են արժանացրել Яндекс և Uber ընկերությունների տնօրենների խորհուրդները: Այժմ այն պետք է համաձայնեցվի կարգավորող մարմինների հետ, իսկ գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա չորրորդ եռամսյակում:
Uber-ը նոր ընկերությունում ներդնելու է 225 միլիոն դոլար, իսկ Яндекс-ը՝ 100 միլիոն: Ստեղծվող ընկերությունը կողմերը գնահատում են 3,725 միլիարդ դոլար: Գործարքի ավարտից հետո ընկերության 59,3 տոկոսը պատկանելու է Яндекс-ին, 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին: Նոր ընկերությունը կգլխավորի «Яндекс. Такси»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: