Այսօր Երևանում իր աշխատանքները սկսեց Միջազգային խորհրդատվական միության տարեկան համաժողովը, որի հյուրընկալ կողմը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է: Համաժողովին մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու աշխարհի շուրջ 30 երկրից, մասնավորապես՝ Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Մադագասկարից, Կիպրոսից, Իտալիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, ՌԴ-ից, Ուգանդայից, Զիմբաբվեից, Ղրղըզստանից, Չինաստանից, Մակեդոնիայից և մի շարք այլ երկրներից:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել միջազգային խորհրդատվական ընկերակցության համաժողովը, ընկերակցությունն ընդգրկում է 64 երկրների ներկայացուցիչների, որոնք հիմնականում մասնագիտանում են զարգացման ուղղության վրա»,-ասաց նա և կարևորեց մասնավորապես IBF ընկերության դերը, որը շատ մեծ փորձ ունի:
«Մեզ համար խիստ կարևոր է, որ խորհրդատվական ընկերությունները լինեն Հայաստանում և զբաղվեն գիտելիքի փոխանցմամբ, օգնեն ճշտորեն ձևավորել կառույցներ և ինստիտուտներ, որոնք հնարավորություն կտան ապահովել մեր երկրի զարգացումը»,-ասաց նա և նշեց, որ սա նաև հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին ակտիվ մասնակցել այլ երկրներում տեղի ունեցող մրցույթներին, և արդեն կա այդպիսի փորձառություն:
ICA-ի հիմնադիր, IBF ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Անդրեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա միջազգային խորհրդատվական միության չորրորդ տարեկան կոնֆերանսն է: Նա նշեց, որ Միությունը կազմված է ամբողջ աշխարհը ներկայացնող շուրջ 60 կազմակերպություններից, և այս տարի արդեն հյուրընկալվել են Հայաստանում:
«Գաղափարը եղել է մի կողմից միջազգային ընկերությունների միջև, մյուս կողմից՝ յուրաքանչյուր երկրի տեղական ընկերությունների միջև ավելի սերտ համագործակցություն հիմնելը, որի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել գործունեության արդյունավետությունը, ինչը կօգնի շահել ավելի շատ տենդերներ՝ մասնավորապես միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենք աշխատում են շատ ընկերությունների հետ և մասնավորապես համարում են, որ «Ամերիան» շատ լավ է պատրաստված է և արդեն իսկ շահել է բազմաթիվ տենդերներ տարբեր երկրներում:
«Բոլոր երկրներում կան ընկերություններ, որոնք շատ լավ են պատրաստված, կան ոչ այնքան լավ պատրաստվածները, և մեր նպատակը միջազգային մակարդակի վրա համագործակցության զարգացումն է, որպեսզի ընկերությունները միջազգային փորձն իրենց երկրում ներդնեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե որոնք են հաջողության 3 գաղտնիքները, Ֆրեդերիկ Անդրեն ասաց, որ պետք է համարձակ լինել, համագործակցել բոլորի հետ և երրորդ՝ փորձել կրեատիվ լինել:
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այս կառույցը բավականին մեծ թափով աճող կառույց է:
«Դա մի հարթակ է, որը թույլ է տալիս ձևավորել վստահություն և հիմնական գաղափարն է, որ չփորձել հորինել հեծանիվ, այլ փորձել օգտագործել տարբեր երկրների գիտելիքները և ավելի մրցունակ լինել»,-ասաց նա և նշեց, որ իրենք արդեն այս կառույցի օժանդակությամբ բավական ակտիվ մասնակցում են թե՛ հայաստանյան գործառույթներին՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, հանրային սեկտորի բարեփոխումների ոլորտներում, թե՛ արտասահմանում ունեն հաջողված ծրագրեր: Նա նշեց, որ այս կառույցի միջոցով փորձում են ընդլայնել իրենց աշխարհագրությունը:
Տիգրան Ջրբաշյանը գտնում է, որ «Ամերիա»-ն այսօր եզակիներից է Հայաստանում, որը ունի հավատարմագրում գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կառույցների կողմից:
«Այստեղ կարևոր հանգամանք է պատմությունը, երկրորդը՝ մասնագետներն են: Ես կարծում եմ, որ Հայաստանի լրջագույն խնդիրը պրոֆեսիոնալ աշխատակազմի բացակայությունն է, մենք պետք է կարողանանք ձևավորել այն աշխատուժը, որը մրցունակ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային հարթակներում, իսկ այդպիսի մասնագետները քիչ են»,-ասաց նա նշեց, որ երրորդ կարևոր հանգամանքը տեխնոլոգիաներն են:
↧
Միջազգային խորհրդատվական միության տարեկան համաժողովը՝ Երևանում. հյուրընկալ կողմը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է
↧