Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

2017-ը տնտեսական առումով ավելի թեթև է լինելու. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

$
0
0

 

2017-ը տնտեսական առումով ավելի թեթև է լինելու` համեմատած նախորդ տարիների հետ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին  հայտարարեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նախորդ տարիներին, ըստ տնտեսագետի, Հայաստանը գտնվում էր խիստ բացասական արտաքին տնտեսական, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ։ Մինչդեռ հիմա, նրա խոսքով, Ռուսաստանի տնտեսությունում որոշակի դրական տեղաշարժ է սպասվում` հաշվի առնելով Համաշխարհային բանկի կանխատեսումները։

«Իհարկե, մենք փոքր տնտեսություն ենք, բայց համաշխարհային տնտեսության բացասական երևույթներն անմիջապես անդրադառնում են մեզ վրա։ Այդ բացասական ազդեցության հետևանքներից մեկն արտասահմանյան ներդրումների կտրուկ նվազումն էր, մինչդեռ այս տարի դրական միտում է ակնկալվում։ Ռուսաստանում 2,5–3  տոկոս աճի արձանագրման դեպքում այդ երկրի տնտեսական զարգացումները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա», – նշեց Ասատրյանը։

Խոսելով Հայաստանի արտաքին պարտքի ծավալների աճի մասին՝ Ասատրյանը նշեց, որ մինչև տարվա վերջ արտաքին պարտքի ծավալը կհասնի մինչև $6 մլրդի։ Տնտեսագետի գնահատմամբ, սակայն, այս թիվն ինքնին մտահոգիչ չէ։

«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` ամենազարգացածները, ավելի մեծ ծավալի պարտք ունեն։ Հայաստանի ողբերգությունն այն է, որ վերջին տարիների ընթացքում արտաքին պարտքն ավելացել է մոտ 300%-ով, սակայն երկրի ՀՆԱ–ն չի աճել»,- ասաց տնտեսագետը։

Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ տնտեսական իրավիճակում զգալի առաջընթաց կարելի է ապահովել միայն քաղաքական համակարգում փոփոխությունների միջոցով։

Նրա խոսքով՝ չի կարող քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում տնտեսական մրցակցություն լինել։ «Համակարգային փոփոխությունների առանցքը, իհարկե, քաղաքական փոփոխություններն են, և շատ բան կախված է նրանից, թե գալիք ընտրությունների ժամանակ իշխանությունն ինչ կեցվածք կընդունի», – ամփոփեց Ասատրյանը։  





Հակոբ Կարապետյան


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>