Երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի մասին գրքի առաջին հրատարակության մեջ արված տպագրական սխալը, նախնական տվյալներով, կարող է ավելի քան 20 000 եվրո եկամուտ բերել:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» պատմվածքի առաջին թողարկման ժամանակ տեքստում սխալ է թույլ տրվել: Այժմ այդ տպագրական սխալով հազվագյուտ օրինակն աճուրդով վաճառքի կհանեն: Նախնական գնահատումներով` հրատարակումը կվաճառվի 23 000 եվրոյով:
Այդ նմուշը հայտնի վեպի 500 օրինակներից մեկն է, որոնք թողարկվել են տպագրական սխալով՝ 53-րդ էջում: Հոգվարթսում սովորելու համար անհրաժեշտ պարագաների ցուցակում, որը ստանում է Հարի Փոթերը, երկու անգամ է կրկնվում 1 wand արտահայտությունը (1 կախարդական փայտիկ)` ցուցակի սկզբում և վերջում: Հետագա հրատարակումների ժամանակ այդ տպագրական սխալը վերացվել է:
Bonhams տան կազմակերպած աճուրդը կանցկացվի Լոնդոնում, նոյեմբերի 9-ին: