Գյուղատնտեսական տարին շատ հաջող էր սկսվել, բայց պարզապես վաղ գարնան ցրտահարությունը զգալի վնաս հասցրեց գյուղատնտեսություններին, և անկախ ցրտահարության հասցրած վնասի չափից մենք պետք է առանձնակի մոտեցում ցույց տանք յուրաքանչյուր տնտեսությանը, կոնկրետ լուծումներ առաջարկենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով ցրտահարության հետևանքներին:
«Հերթական հարվածը հասցվեց գյուղատնտեսությանը, գյուղացիներին: Մենք ինչ-որ աջակցություն պետք է ցուցաբերենք՝ դա կլինի որոշակի զեղչեր ոռոգման համակարգի հետ կապված, վճարների ժամկետների ուշացման, միգուցե պարարտանյութի հարցում որոշակի զիջումների գնանք, յուրահատուկ մոտեցում պետք է ցույց տանք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելու կառավարության հնարավորություններին, ապա Լյովա Խաչատրյանը նշեց, որ չպետք է նայել հնարավորություն ունենալ-չունենալուն: «Եթե գյուղացին չկարողանա իր ծառը ջրել, որովհետև փող չունի, իսկ ծառը սկսում է բերք տալ հինգ- տասը տարի հետո, հետևաբար մենք կկորցնենք ծառի ապագա տասը տարվա բերքը»,-ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուրին անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի:
Նա նկատեց, որ թեև Հայաստանը բարձր ռիսկային գոտում է գտնվում, սակայն յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն մի միավոր է, և եթե կտրվում է իր բերքից, հայտնվում է անելանելի իրավիճակում:
Անդրադառնալով գյուղացիական ապահովագրության համակարգի անհրաժեշտությանը և դրա իրատեսական լինելուն՝ պատգամավորն ասաց.«Դրա անհրաժեշտությունը վաղուց կա, բայց որքանով այն կանդրադառնա առանց այդ էլ մեր թանկ գյուղացիական տնտեսությունների վրա»,-ասաց նա:
Նա նկատեց, որ եվրոպական երկրներում, որտեղ գյուղատնտեսությունն ոչ այնքան ռիսկային է, պետությունը զգալի սուբսիդիաներ է հատկացնում, քանի որ ունի հնարավորություն և գյուղատնտեսական ապահովագրական ծախսը մեծ ազդեցություն չի ունենում ինքնարժեքի վրա: Նա նշեց, որ մեզ մոտ շատ ընկերություններ չեն գնա ապահովագրական քայլի, քան որ Հայաստանը բարձր ռիսկային գոտում է, իսկ պետության աջակցությունը շատ փոքր է և ապահովագրությունը կանդրադառնա գյուղացիական մթերքների ինքնարժեքի վրա, որն այնուհետև չի լինի մրցունակ:
↧
Պետք է առանձնակի մոտեցում ցույց տալ յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը. Լյովա Խաչատրյան
↧