Ամերիկյան հայտնի eBay առցանց խանութում անցած 7 ամսվա ընթացքում վաճառքի է հանվել 454 մարդկային գանգ, որոնց գինը տատանվել է 1 ցենտից մինչև 5.500 դոլարի սահմաններում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, տեղեկանալով, որ կայքում իրականացվում է մարդկային գանգերի զանգվածային վաճառք, eBay-ի տնօրինությունն արգելք է սահմանել մարդկային մարմնի որևէ մասի վաճառքի հարցում: Այժմ կայքում հնարավոր է վաճառել միայն մազեր:
Աղբյուրը մանրամասնում է, որ առավել շատ մարդկային գանգերի վաճառքով զբաղվել են Կալիֆոռնիա նահանգի բնակիչները:
Նշվում է, որ վաճառքի հանված գանգերը եղել են ոչ միայն հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշներ, այլև` դատաբժշկական փորձաքննության օբյեկտներ: