Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ հինդուիզմի հետևորդները շուտով հնարավորություն կունենան Գանգես գետի սրբազան ջուրը ստանալ փոստային առաքման միջոցով:
Ինչպես նշում է china.org.cn կայքը, երկրի հեռահաղորդակցային կապի ու տեխնոլոգիաների հարցերով նախարար Ռավի Շաքար Պրասադն ասել է, որ Հնդկաստանում բնակվող 960 մլն-ից ավելի հետևորդները մոտ ապագայում կկարողանան համացանցով գետի սրբազան տեղերից ջուր պատվիրել, ինչից հետո փոստային ծառայությունը կառաքի այն:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2.525 կմ երկարությամբ Գանգեսը, որն աշխարհում 3-րդ ամենամեծ գետն է, ինչպես նաև ամենակեղտոտներից մեկը, սկիզբ է առնում Հիմալայներում և հոսելով հասնում է Բանգլադեշ:
Հինդուիզմի շատ հետևորդներ հավատում են, որ Գանգեսի սրբազան ջրերով կարող են մաքրել իրենց մեղքերը: