Սուպերմարկետներում ու խանութներում վերջին տասն օրում ծխող սպառողները նկատել են ծխախոտի գների բարձրացում:
«Ո՞րն է պատճառը» հարցին ի պատասխան խանութներից մեկի վաճառողը բավականին տարօրինակ պատճառաբանություն ներկայացրեց, թե ոչ միայն ծխախոտը, այլև ամեն ինչ՝ սննդամթերքից մինչև տեխնիկա թանկանալու է, պայմանավորված հուլիսի մեկից՝ գազի սակագնի էժանացմամբ:
«Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկության իսկությունը, սակայն նշեց, որ դա պայմանավորված է ծխախոտի արտադրանքի վրա տարածված «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխություններով, որոնք արդեն ուժի մեջ են մտել:
Իսկ թանկացումները, համաձայն կազմակերպության մոնիտորինգի, եղել են 8-15 տոկոսի սահմաններում: Ամենաշատը՝ 50 դրամով թանկացել է Parliament-ը՝ 800 դրամից դառնալով 850:
«Թանկացումները եղել են վերջին տասը օրերին, մենք ամբողջական շուկան չենք ուսումնասիրում, մասնակի ենք արել, որովհետև խանութներում ծխախոտի երկու խմբաքանակներ են՝ հին, որ ներկրվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, և նոր: Դրա համար ամբողջությամբ այս շուկայի ուսումնասիրությանը ձեռնամուխ կլինենք այն ժամանակ, երբ միայն նոր խմբաքանակները կլինեն»,-ասաց Բաբկեն Պիպոյանը: