Այսօր Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները կգնահատեն Եվրասիական տնտեսական միության գործունեության միջանկյալ արդյունքները, գրում է Независимая Газета-ի հոդվածագիր Վիկտորիա Պանֆիլովան։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են այն մասին, որ միությունն այնքան հաջող չի ստացվել, ինչպես այն պլանավորում էին, իսկ սովորական քաղաքացիների հույսերը՝ ազատ տեղաշարժի վերաբերյալ, չարդարացան:
Նիստի շրջանակում պետությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրային համագործակցության հեռանկարները: Նման համագործակցության (նախևառաջ՝ Չինաստանի հետ) ընդլայնման նախաձեռնող է հանդես եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Վեհաժողովին կընդունվի ԵԱՏՄ-ի և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» ծրագրի զարգացման համակցման կոնցեպտը: Օրերս կոնցեպտը և մոտեցումները հավանության են արժանացել ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստի ժամանակ:
Հիասթափությունը սկսվել է նկատվել ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներում, չնայած դրա մասին պաշտոնյաները բարձրաձայն չեն խոսում, գրում է հեղինակը։ Անցած տարի ԵԱՏՄ-ի համար բարդ տարի է եղել՝ համաշխարհային տնտեսության ռեցեսիան, նավթի գների անկումը, Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում ազգային արժույթների արժեզրկումը, ինչպես նաև՝ հակառուսական տնտեսական պատժամիջոցները: Որպես արդյունք՝ նվազել է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը: Ինչպես նշել է Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսիմ Սատպաևը, Ղազախստանի տեսանկյունից Ռուսաստանը չափազանց շատ է տարվել աշխարհաքաղաքական խաղերով և չի ցանկանում զբաղվել տնտեսական զարգացմամբ, ՌԴ-ի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը Ղազախստանի համար «վերջին կաթիլն» է դարձել: Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ի ներսում նույնպես նոր կոնֆլիկտներ ու տարաձայնություններ կան՝ Ղազախստանի և Ղրղզստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև: Դիվանագիտական սկանդալ է առաջացել Ղազախստանի և Հայաստանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերի պատճառով:
«Այս խնդիրների կույտն արդեն հոգնեցրել է Աստանային, և նա շեշտը դնում է Չինաստանի հետ համագործակցության վրա»,- ասել է Սատպաևը: