Նավթի մեկ բարելը պետք է առնվազն 65 դոլար արժենա, որպեսզի ներդրումներ բերի տվյալ ոլորտ և երաշխավորի հետագա մատակարարումները: Նման կարծիք է հայտնել Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բին Սալեհ ալ-Սադան:
Ինչպես փոխանցում է The New York Times-ը` քաթարցի նախարարը, որը ներկա պահին ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) նախագահն է, չի բացառել նաև նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցությունների վերսկսումը` խոշորագույն արտահանողների մասնակցությամբ:
Ալ-Սադան նախազգուշացրել է, որ 2014-ից ի վեր շարունակվող գնանկման հետևանքով վտանգ է առաջացել հետագա մատակարարումների համար:
«Նավթային շուկան վերականգնվում է դանդաղ, բայց հաստատուն կերպով: Բարեբախտաբար, հիմնարար գործոնները ցույց են տալիս, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ», - ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը արդեն փորձ արվել է սառեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն վերջին պահին Սաուդյան Արաբիան հրաժարվել է միանալ համաձայնագրին` այդ որոշումը բացատրելով բանակցություններին իր տարածաշրջանային մրցակցի` Իրանի բացակայությամբ: