Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն այսօր հանձնարարել է խորհրդակցություններ սկսել Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու ստեղծման համաձայնագրի կնքման համար։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այդ մասին հաղորդել է ԵԱՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։
«Կարևոր որոշումն այն է, որ հանձնարարական է տրվել միասնական բանակցային պատվիրակությանը ոչ պաշտոնական խորհրդակցություններ սկսել Իրանի հետ՝ առևտրի ժամանակավոր համաձայնագրի կնքման համար»,-ասել է նա։
Նիկիշինան ընդգծել է, որ դեռ պաշտոնական մանդատ չի տրվել բանակցությունների անցկացման համար, և դա տալիս են միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները։
«Եթե մեր զեկույցն այնքան դրական լինի, որ նախագահները պաշտոնական բանակցությունների համար մեզ մանդատ տան, ապա, այդկերպ, այս գործընթացն արդեն հոկտեմբերից պաշտոնական բնույթ կստանա»,-ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ապրանքային ինչ խմբեր կարող են լինել ԵԱՏՄ-ի և Իրանի հնարավոր համաձայնագրում, Նիկիշինան հայտարարել է, որ ներկայում ձևավորվում են արտահանման համար հետաքրքրություն առաջացնող ապրանքների խմբերը։