Ադրբեջանի Կենտրոնական բանկի ներկայացրած վերջին հաշվետվությունում նշվում է, որ երկրի բանկերի կողմից բնակչությանը վաճառված զուտ դոլարային արժույթի ծավալը կրճատվել է` կազմելով 79 մլն դոլար:
Ինչպես նշում է «Թրենդ» գործակալությունը, եվրոյի կանխիկացման գործողությունները կրճատվել են 3.5 անգամ` կազմելով 69 մլն եվրո:
ԿԲ-ի ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա կանխիկ արժույթի նկատմամբ պահանջարկի անկման հետևանքով բանկերի կողմից ներկրվող արտարժույթի ծավալները 6.2 անգամ նվազել են` 2015թ. առաջին եռամսյակում գրանցված տվյալների համեմատ։
Ըստ հաշվետվության՝ 2016թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Ադրբեջանի արժութային շուկայում իրականացված գործողությունների 82%-ը դոլարային է եղել: Մինչդեռ մնացած 18%-ն իրականացվել է այլ արժույթներով:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` դոլարային գործողությունների ծավալը կրճատվել է 2.8, եվրոյինը` 2.7 անգամ: Ընդհանուր առմամբ, 2015թ. հունվար-մարտ ամիսների համեմատ` Ադրբեջանում արժութային շուկայի ծավալը կտրուկ կրճատվել է»,-նշվում է փաստաթղթում: