Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Աթամբաևը կարող է քանդել ԵԱՏՄ-ն. Աստանայի և Բիշքեքի միջև առևտրային պատերազմ է հասունանում. НГ

$
0
0

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեկնել է կարճատև արձակուրդ, ինչպես հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը, մինչև 2040 թվականը կայուն զարգացման ազգային ռազմավարությունը մշակելու համար: Այնուամենայնիվ, Աթամբաևի աշխատանքային դադարի իրական պատճառ են դարձել Ղազախստանի հետ սահմանին առկա խնդիրները, որոնք չեն լուծվում, ինչպես նաև Տալասում սրված իրավիճակը, որտեղ կիրակի բողոքի հերթական հանրահավաքն է կայացել: Փորձագետների կարծիքով՝ այս իրադարձությունները հղի են ներքաղաքական իրավիճակի սրացմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Ղրղզստանի դուրս գալով, գրում է Независимая Газета-ն:


Տալասում հանրահավաքի մասնակիցները պահանջել են նախագահից ներողություն խնդրել իրենց հասցեին հնչած մեղադրանքների համար: Աթամբաևն ավելի վաղ նրանց մեղադրել էր հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Օմուրբեկ Բաբանովին աջակցող ակցիաներ կազմակերպելու համար:


Տալասցիները նաև պահանջել են իշխանություններից կարճ ժամկետներում լուծել Ղրղզստան-Ղազախստան սահմանին հերթերի խնդիրը: Նրանց պահանջներին են միացել երկրի ամբողջ տարածքից բեռնատարների վարորդներ, որոնք մնացել են Ղազախստանի հսկիչ-անցակետերում: Ղրղզստանի ձեռնարկատերերը հսկայական կորուստներ են կրում՝ օրեր տևող հերթերի պատճառով:


Սահմանին խցանումներն առաջացել են Ղազախստանի կողմից ղրղզական արտադրանքի խստացված ստուգումների պատճառով: Կիրակի Ալմաթիում Ղազախստանի սանիտարական ծառայությունները խանութներից և պահեստներից առգրավել և ոչնչացրել են 127,8 կգ ղրղզական պանիր, որոնք իբր չեն համապատասխանում նորմերին: Այժմ սահմանին արգելափակված է մնում ամբողջ ղրղզական գյուղատնտեսական արտադրանքը, որոնցում հայտնաբերվել են «վնասատու միջատներ»:


Ղազախստանի կողմից սահմանին հսկողությունը խստացնելուց հետո, Աթամբաևը 12 երկրների դեսպաններից հավատարմագրեր ստանալու արարողությանը հայտարարել է, որ հիասթափվել է ԵԱՏՄ-ից:


Նա նաև նշել է, որ հարկավոր է փնտրել այլ տրանսպորտային միջանցքներ, որ հարկավոր է արագացնել Թուրքմենստան, այնուհետ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին ելքով Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան ավտոճանապարհի կառուցումը՝ շրջանցելով Ռուսաստանն ու Ղազախստանը: Աթամբաևի տրամադրվածությունը կարճ ժամանակ անց արտահայտվել է նաև հրամանագրում, որի համաձայն Ղրղզստանում նոյեմբերի 7-ին նշվելու է պատմության և նախնիների հիշատակի օրը՝ նվիրված 1916 թվականի ազգային-ազատագրական շարժման և 30-ական թվականների ռեպրեսիաների զոհերին:


Մոսկվան կտրուկ է արձագանքել: ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը նշել է, որ այդ հրամանագիրը նման է երեսին թքելուն և որպես պատասխան քայլ առաջարկել է չեղարկել Ղրղզստանի քաղաքացիների՝ հայրենիքում ստացած վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում օգտագործել թույլատրող օրենքը:


Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում երկրի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են, այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Աթամբաևը հայտարարել է, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։


Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>