20-րդ դարի ամենահայտնի հոլիվուդյան դերասաններից մեկին՝ Փոլ Նյումանին պատկանած հազվագյուտ Rolex ժամացույցը Phillips Auctioneers-ի կողմից հանվել է աճուրդի ու վաճառվել ռեկորդային 17.8 մլն դոլարով՝ չնայած փորձագետները կանխատեսել էին այն վաճառել 1.3 մլն-ով: Հայտնի է, որ սա աճուրդով երբևէ վաճառված ամենաթանկ ձեռքի ժամացույցն է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լեգենդար դերասանը Rolex Cosmograph Daytona ժամացույցը նվեր էր ստացել կնոջից՝ Ջոան Վուդվորդից (1968թ.): Նյումանը 15 տարի շարունակ ամեն օր կրել է ժամացույցը, բայց հետո այն նվիրել է դստեր ընկերոջը՝ Ջեյմս Կոքսին՝ նկատելով, որ երիտասարդը ժամացույց չունի:
Տարիներ անց Կոքսն ու Նյումանի դուստրը բաժանվել են, բայց դա չի խանգարել նրանց լավ ընկերներ մնալ: Հետագայում նրանք որոշել են ժամացույցն աճուրդի հանել ու ստացված գումարը տրամադրել Նյումանի անվան հիմնադրամին, որը զբաղվում է բնապահպանական նախագծերով:
Պողպատից, կաշվից պատրաստված ժամացույցի վրա դերասանի կնոջ խնդրանքով փորագրվել է՝ «Զգո՛ւյշ վարիր»:
Նման գրության պատճառն այն է, որ Նյումանը տաղանդավոր դերասան լինելուց բացի հաջողակ ավտոմրցարշավորդ էր ու այդ ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Սակայն կինը միշտ անհանգստանում էր՝ մտածելով, որ Նյումանը կարող է վթարի ենթարկվել:
Հավելենք, որ Փոլ Նյումանը հեղինակավոր «Օսկար» մրցանակի է արժանացել 1986թ.՝ «Փողի գույնը» ֆիլմում ունեցած դերակատարման համար: Նա մահացել է 83 տարեկանում (2008թ.):