Կառավարությունը ՀՀ էներգետիկ շուկայի ազատականացման որոշում է կայացրել, ինչը փորձագիտական մակարդակում քննադատության է արժանացել: Tert.am-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով թեմային նկատեց, որ 2017 թվականի ամառվանից սկսած ՀՀ էներգետիկ քաղաքականությունը հակասում է ազատականացման գաղափարին:
Նա մանրամասնեց, որ լիբերալ մոդելի պարագայում շուկան կարգավորում են տնտեսավորող սուբյեկտները, իսկ պետությունն օրենսդրական համապատասխան դաշտ է մշակում, իսկ պրոտեկցիոնիզմի դեպքում պետությունը հանդիսանում է շուկայի գլխավոր դերակատարը: Վահե Դավթյանը նկատեց, որ մինչ այս գործել է պրոտեկցիոնիստական մոդելը: Էներգետիկ փորձագետը շեշտեց՝ ազատականացումը ենթադրում է բազային մի քանի սկզբունքների կիրառում, որոնցից ամենակարևորն այն է, որ մի ընկերությունը չունենա մենաշնորհային դիրք:
«Ազատական շուկայում մեկ տնտեսվարող իրավունք չունի զբաղվել էլէներգիայի գեներացիայով, փոխանցումով ու բաշխումով, իսկ ՀՀ-ում հակառակ պատկերն է: Մենք տեսնում ենք, որ մեկը մյուս հետևից մի շարք առաջնային նշանակության էներգետիկ օբյեկտների կառավարումը տրվում է մեկ օբյեկտի՝ «Տաշիր գռուպ»-ին: Առկա գլխավոր հակասությունը նրանում է կայանում, որ ՀՀ-ում առկա է մեկ տնտեսվարող սուբյեկտ, որը փորձում է միանգամից 3 գործառույթներն էլ իրականացնել: Արդեն իսկ Տաշիր գրուպին պատկանում է ՀԷՑ-ը, վերջերս կոնցեսոին կառավարման սկզբունքով հանձնվեց բարձրավոլտ էլեկտրացանցերն, ինչն արդեն էլէներգիայի փոխանցման գործառույթն է: Սրան զուգահեռ «Տաշիր գրուպ»-ը ՀՀ-ում այսօր իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են էլէներգիայի գեներացմանը, մասնավորապես շինարարական աշխատանքներ է իրականացնում Դեբեդ գետի վրա՝ 76 մեգավատանոց ՀԷԿ է կառուցվում»,- ասաց նա՝ հավելելով, որ Տաշիր գրուպը հետաքրքրվում է նաև արևային էներգիայիով:
Վահե Դավթյանի խոսքով՝ ՀՀ էներգետիկ համակարգը ստեղծելու ժամանակ նախատեսվում էր, որ մեր երկիրը լինի Էներգետիկ ավելցուկ ունեցող, որպեսզի էներգիա արտահանի տարածաշրջանի մյուս երկրներին: Նա նկատեց, որ ՀՀ ժամանակին Անդրկովկասում առաջատար էր էլէներգիա արտահանելու ծավալներով, ավելին՝ ժամանակին նախատեսվում էր, որ արտահանում լինի Սիրիա, Իրաք:
«Ազատականացման մոդելը ենթադրում է, որ նույն տնտեսվարող սուբյեկտը, որն իրականացնում է 3 գործառնություներ, կարող է ավելի էժան էլէներգիա գնել Վրաստանից և վաճառել այն ՀՀ-ում: Արդեն իսկ նմանատիպ քայլեր ձեռնարկվում են, որ Վրաստանի ՀԷԿ-ում արտադրվող ավելի էժան էլէներգիան վաճառվի ՀՀ շուկայում: Սա բխում է համապատասխան տնտեսվարողի՝ Տաշիր գրուպի շահերից: Իհարկե, զուտ բիզնես տրամաբանության մեջ սա ընդունելի է, սակայն կվնասի երկրներին, որոնք էներգետիկ ռեսուրսը կարող էին օգտագործել, որպես աշխարհաքաղաքական խաղաքարտ»,- նշեց Վահե Դավթյանը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ ՀՀ էներգետիկ բալանսի 42 տոկոսն ապահովում է Ատոմակայանը, և դիտարկելով մեր տարածաշրջանը, էներգետիկ ոլորտի ազատականացումը մեզ համար խնդիրներ չի՞ առաջացնի, փորձագետը պատասխանեց, թե ինքը նույնիսկ տեսականորեն այս վտանգը չի տեսնում:
«Էներգետիկ համագործակցություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չկա, կարող է լինել այն ժամանակ, երբ կունենան հարաբերություններ: Ֆուտբոլային դիվանագիտության ամենաթեժ փուլում, երբ արդեն սկսեցին խոսել ցյուրիխյան արձանագրությունների մասին, ՀՀ և Թուրքիայի արձանագրություններն այն էր, որ ՀՀ-ից էլէներգիա արտահանվի Թուրքիա, նույնիսկ կնքել էին համապատասխան պայմանագրեր: Էներգետիկ ոլորտը միշտ կլինի առաջին ոլորտներից մեկը, որը կդիտարկվի, երբ կրկին վերանայվի հայ-թուրքական հարաբերությունները: Այս պահին հարցը գտնվում է զուտ քաղաքական տիրույթում, ներկայիս աշխարհաքաղական պայմաններից ելնելով՝ նման վտանգ չկա»,– ասաց նա:
Էներգետիկ փորձագետը հավելեց, թե որոշակի մտավախություն կա Վրաստանի հետ կապված, քանի որ Վրաստանում էներգետիկ ոլորտի բարեփոխումների արդյունքում նվազել է ՀԷԿ-երի արտադրած էլէներգիայի արժեքը: Նա չբացառեց, որ ՀՀ տնտեսվարող սուբյեկտները կարող են նախընտրել էլէներգիա ձեռք բերել Վրաստանից, իսկ նախկինում ՀՀ–ն ապահովում էր Վրաստանում սպառվող էլէներգիայի 15 տոկոսը։
Դիտարկմանը, որ եթե պետությունն էներգետիկ ենթակառուցվածքների մի մասին իր ձեռքում պահեր, հնարավո՞ր է այս խնդիրներին չբախվեինք, Դավթյանը պատասխանեց, թե էներգետիկ համակարգի մասնավորեցման համար պատճառաբանել են, թե «Տաշիր գրուպն» ունի համապատասխան փորձ և մեկ համակարգը նույն կառուցում միավորելն ավելի արդյունավետը կլինի: Միևնույն ժամանակ նա ասաց, թե կարող է համաձայնել այն տեսակետի հետ, որ էներգետիկ որոշ ենթակառուցվածքներ պետք է լինեին պետության ղեկավարման ներքո:
«Ակնկալվում էր, որ էներգետիկ ոլորտում ներդրումներ կլինեն, արդյունքում տեսանք, որ 2017թ. ամռանը գրավադրվեց ՀԷՑ-ի 70 տոկոսը՝ 160 մլն դոլար վարկ ստանալու համար, որից մոտ 100 մլն–ը տրամադրվելու է ՀԷՑ-ի նախկին պարտքերը մարելուն: Այո՛, վարկերը մասնավորինն է, սակայն, օրինակ, բարձրավոլտ էլ ցանցերի համար նախատեսված վարկային միջոցները անդրադառնալու են ամբողջ համակարգի վրա: Մինչդեռ դրանք Հայաստանը կապում են Վրաստանի, Իրանի ու Արցախի հետ, այսինքն` այն ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով այն, որ մեր էներգետիկ համակարգում ներգրավված վարկերի ծավալը մոտենում է 1 մլրդ դոլարի, 2021-22 թթ. պետք է սկսվի մարվել, հակառակ դեպքում ստացվում է, թե երկու տարվա ընթացքում պետք է բոլոր վարկերը մարվեն, սա կհանգեցնի սակագնի բարձրացման, քանի որ գեներացվող ու մատակարարվող էներգիայի ինքնարժեքը կբարձրանա»,- եզրափակեց փորձագետը։