Հոկտեմբերի սկզբին Լաս Վեգասում 64-ամյա ամերիկացի Սթիվեն Փեդոքի կողմից իրականացված զանգվածային սպանդից հետո արձանագրվել է դեպի քաղաք զբոսաշրջիկների հոսքի նվազում: Բացի դրանից`59 մարդու մահվան պատճառ դարձած հարձակման հետևանքով նվազել են այն ընկերությունների արժեթղթերի գները, որոնք ԱՄՆ-ում խաղատներ ու հյուրանոցներ ունեն:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին ասվում է Morgan Stanley ներդրումային բանկի նոր հրապարակված հետազոտությունում: Մասնագետների կարծիքով՝ Փեդոքի իրագործած ոճրագործության բացասական ազդեցությունը Լաս Վեգասի շուկայի վրա կպահպանվի առնվազն կես տարի:
Ոլորտի փորձագետների կանխատեսման համաձայն՝ Լաս Վեգասում կատարված ողբերգությունը 4-6%-ով կնվազեցնի հյուրանոցների ու խաղատների տերերի եկամուտը: Եթե Morgan Stanley-ի կանխատեսումը ճիշտ լինի, ապա Նևադա նահանգը միայն խաղային բիզնեսի ոլորտում կկրի 40 մլն դոլարի վնաս:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սթիվեն Փեդոքը Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում գտնվող իր համարից կրակ է բացել ներքևում համերգին մասնակցող մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել 59, վնասվածներ ստացել 500-ից ավելի մարդ: Փեդոքի ոճրագործության դրդապատճառների մասին դեռևս տեղեկություն չկա: