Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Պահպանողական վարքագիծ ենք նախատեսել ընթացիկ ծախսերի մասով և ավելի ագրեսիվ քաղաքականություն՝ կապիտալ ծախսերի մասով. Վարդան Արամյան

$
0
0

Վերջին տարիներին մեր երկիրն արտաքին աշխարհից շոկերի, ցնցումների ենթարկվեց, և մենք 2017-ին հարկադրաբար պահպանողական բյուջե ներկայացրինք ԱԺ-ի քննարկմանը, 2018թ. բյուջեն դրա տրամաբանական շարունակությունն է, պահպանողական՝ ընթացիկ ծախսերի մասով:

Այս մասին ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում՝ անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի հիմնական և մակրոտնտեսական ցուցանիշներին:  

«Մենք պետք է զարկ տանք տնտեսական աճին: 2018թ. բյուջեն նախագծվել է այնպես, որ ավելի ուժեղանան տնտեսական հենքերը: Եթե մենք հավակնում ենք 5 տոկոս միջին տնտեսական աճ ունենալ, այնպես չէ, որ դա միանգամից իրագործվեց: Պետք է կատարել գործողություններ, որպես ոսկե կանոն, աշխարհում ընդունված նորմ է, որ պետությունն իրականացնում է կապիտալ ծախսեր»,- տեղեկացրել է նախարարը:

Նրա պարզաբանմամբ՝ կապիտալ ծախսերն ուղղվում են ենթակառուցվածքներին, շինարարությանը, ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրագծերն ու ոռոգման համակարգերն ամբողջությամբ պետք է վերանորոգվեն: Ըստ Վարդան Արամյանի՝ մասնավորը երբեք ոռոգման համակարգերի մեջ ներդրումներ չի անի:

«Եթե ուզում ենք ծրագրեր իրականացնել, որ գյուղատնտեսության ոլորտում խթանենք ներդրումները, այսինքն՝ մարդիկ նոր համակարգերով կամ միջազգային պրակտիկայում մրցունակ գյուղատնտեսությամբ զբաղվեն, բնականաբար պետք է ինչ-որ բանով օժանդակենք: Այնպես չէ, որ եթե վարկային տոկոսը 9 տոկոսային կետով սուբսիդավորենք՝ համակարգն ամբողջությամբ նորմալ կաշխատի»,-վստահեցրել է ֆինանսների նախարարը:

Նրա գնահատմամբ՝ որպեսզի փողերն արդյունավետ օգտագործվեն, անհրաժեշտ է լավ ենթակառուցվածքային համակարգեր, ոռոգման համակարգեր ունենալ:

«Օրինակ՝ ուզում ենք տուրիզմը զարգանա: Այն տեղերում, որտեղ ունենք մշակութային ժառանգություն և ենթադրենք պետք է հյուրանոցներ կառուցվեն, հյուրանոցներ չեն կառուցվի, եթե ենթակառուցվածքները լավ վիճակում չլինեն: Եթե կառուցվի, այնտեղ այցելուներ պետք է լինեն, որպեսզի տնտեսական կյանքը զարգանա: Տնտեսական կյանքի զարգացման հետևանքով դյուրին է դառնում ավելի բարձր տնտեսական աճ ունենալը», -ասել է նա։

2018թ. բյուջեի փոփոխությունների մասին խոսելիս՝ Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ շուրջ 100 մլրդ-ով աճեցնում են եկամուտները և շուրջ 100 մլրդ-ով՝ ծախսերը:

«Մենք ավելի պահպանողական վարքագիծ ենք նախագծել ընթացիկ ծախսերի մասով և ավելի ագրեսիվ քաղաքականություն՝ կապիտալ ծախսերի մասով: Նաև կարևոր գաղափարախոսություն ենք դրել՝ պաշտպանական նպատակներին ուղղված մեր ծախսերն ենք վերանայել: Պաշտպանական ոլորտին ուղղված մեր ծախսերը շուրջ 28 մլրդ դրամով ավելացել են, որովհետև մեր երկրին անհրաժեշտ է կայուն տնտեսական աճ, իսկ որպեսզի դա լինի, մենք պետք է տարածաշրջանում ունենանք անվտանգություն: Եթե վաղը, մյուս օրը օտարերկրյա ներդրողը գա մեզ մոտ բիզնես սկսելու, նա երկու կարևոր հանգամանք է հաշվի առնելու. առաջինը՝ ներդրումների վերադարձելիությունը, երկրորդը՝ կայունությունը»,-ընդգծել է նախարարը:

Նրա խոսքով՝ չի լինի մի ներդրող՝ ներքին և արտաքին, որ կսկսի նոր նախաձեռնություններ, վարկ կվերցնի, որ ընդլայնի իր արտադրությունը, եթե տեսնի, որ կան ռիսկեր իր ներդրումների հետ չգալու մասով: Դրա համար տարածաշրջանային, այդ թվում՝ մեր անվտանգության համար անհրաժեշտ է, որ պաշտպանական ոլորտին ուղղենք համապատասխան միջոցներ:

«Միջնաժամկետ ծախսերի ծրագրում մենք այս գաղափարախոսությունն ենք որդեգրել, որ հետայսու ՀՆԱ-ի մեջ պաշտպանական ոլորտի 4 տոկոս ծախսը երաշխավորված է լինելու, և այս սցենարով ենք շարժվելու առաջ»,-ասել է Վարդան Արամյանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>