Թուրքիայի ոսկերիչները Ռուսաստանի բարձր մաքսատուրքերից խուսափելու համար նախընտրում են Հայաստանում արհեստանոցներ բացել և արտադրությունը տեղափոխել այնտեղ։
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, ոսկերիչներին Հայաստանը գրավում է ինչպես էժան աշխատուժի, այնպես էլ հայտնի վարպետների առկայությամբ։
Վերջին օրերին ոսկերիչների շրջանում ամենաքննարկվող թեման Հայաստան և Իրան տեղափոխվելն է։
Իրանը նոր բացված շուկա է, որը գրավում է Թուրքիայի ոսկերիչներին, և նրանք շուկայում տեղ գրավելու համար արդեն Իրանում ցուցահանդեսների են մասնակցում։
Մյուս կողմից, թեև Ռուսաստանը Թուրքիայից ներմուծվող ոսկու համար արգելք չի սահմանել, սակայն 42% կազմող մաքսատուրքը թուրք ոսկերիչներին դժվար իրադրության մեջ է դնում։
Թուրքական հայտնի Քափալըչարշըի (Փակ շուկա) ոսկերիչներն այդ խնդրի լուծումը Հայաստան տեղափոխվելու մեջ են տեսնում։
Հայաստան տեղափոխված ոսկերիչների գերակշիռ մասը Թուրքիայի հայերն են։ Նրանց գրավում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հայտնի է լավ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով։
Բացի այդ, Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից միացել է Եվրասիական տնտեսական միությանը, և ոսկու արտահանումը Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ավելի հեշտ է։
Քափալըչարշըում զբոսաշրջիկների թվի նվազումը ևս ոսկերիչների այս որոշման վրա ազդեցություն է ունեցել։