Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Գնի նվազումը պայմանավորված է մրցակցության խորացմամբ. այժմ ՌԴ-ից շաքարավազ է ներմուծում 23 ընկերություն. ՏՄՊՊՀ պաշտոնյա

$
0
0

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը շաքարավազի գների նվազումը պայմանավորում է միջազգային գների փոփոխությամբ, ինչպես նաև մրցակցության խորացմամբ, քանի որ նոր ընկերություններ են ի հայտ եկել, որոնք ՌԴ-ից պատրաստի շաքարավազ են ներկրում:

Նա Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ 2016 թվականի ապրիլ ամսից սկսած՝ միջազգային շուկաներում շաքարավազի գների շարունակական աճ է նկատվել և կազմել է շուրջ 44 տոկոս:

«Դա կարևոր և էական բարձրացում է՝ հաշվի առնելով, որ մեր երկրում շաքարավազ արտադրվում է Բրազիլիայից ներմուծված հումքից, ուստի միջազգային շուկայում գնային փոփոխությունները կարող են հանգեցնել նաև մեր երկրում գների բարձրացման: Գնային բարձրացումները շարունակվել են մինչև 2017 թվականի ապրիլ ամիսը, որից հետո միջազգային շուկայում գները սկսել են նվազել»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ հաշվի առնելով, որ շաքարավազի հումքի ներմուծումները որոշակի պարբերականությամբ են իրականացվում և որոշակի ժամանակային ազդեցություն կա շաքարի միջազգային գների և տեղական գների մասով՝ հանձնաժողովը 2016 թվականի օգոստոսից ամենամսյա կտրվածքով ուսումնասիրություն է իրականացրել` համադրելով շաքարավազի ձեռքբերման գները և վաճառքի գները և գնագոյացման հաշվարկներ են կատարվել, որպեսզի գնի չհիմնավորված բարձրացում չլինի:

«Ուսումնասիրության ժամանակահատվածում ՀՀ-ում վաճառքի գները բարձրացել են 9-10 տոկոսով և շաքարավազի առավելագույն գինը կազմել է 390 դրամ: Այսինքն` այն պարագայում, երբ միջազգային շուկայում գների էական տատանում է տեղի ունենում և բարձրացումը կազմել է 44 տոկոս, մեր երկրում շաքարավազի գներն ավելի քիչ են բարձրացել, գնային տատանումները եղել են ավելի սահուն և կտրուկ գնային ցնցումներ չեն եղել»,-ասաց նա և նշեց, որ շարունակելու են ուսումնասիրությունները:

Գնել Ավետիսյանը նշեց, որ այնուհետև՝ 2017 թվականի հունիսից սկսած մեր երկրում շաքարավազի գները սկսել են նվազել և այս պահի դրությամբ ավելի ցածր են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վաճառքի գները: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին շաքարավազի գինը 360-370 դրամ էր, իսկ այժմ այն կազմում է 350 դրամ:

Պաշտոնյան հայտնեց, որ հետագա ամիսներին շուրջ 9-10 տոկոսով շաքարավազի գները նվազումը պայմանավորած է եղել ձեռքբերման գների նվազմամբ:

«Եթե մենք նայենք միջազգային շուկայի տենդեցները, ապա ապրիլից նվազեցում կա: Ապագայի հետ կանխատեսումները ճիշտ չեն, քանի որ գնագոյացման մեջ բավականին շատ գործոններ կան և միայն ձեռքբերման գները չէ, որ վերջնական գին են որոշում: Գնային նվազեցումները ապրիլից մինչ հիմա 20-25 տոկոս է միջազգային շուկայում, և դա ամենևին չի նշանակում, որ մեր երկրում նույն չափ շաքարավազի գները պետք են նվազեն, քանի որ կան գործարանային, լրացուցիչ, վերադիր ծախսեր և միայն այդ ծախսերով պայմանավորված է վերջնական գինը ձևավորվում»,-ասաց նա:

Գնել Ավետիսյանը հայտնեց, որ վերջին ժամանակաշրջանում մենք դրական միտումներ ենք արձանագրում նաև շաքարավազի շուկայում կապված մրցակցության խորացման և նոր տնտեսվարողների ի հայտ գալով:

«ԵՏՄ անդամակցությունից հետո մեր երկրում հայտնվել են նոր ընկերություններ, որոնք սկսել են պատրաստի շաքարավազ ներմուծել Ռուսաստանից: Եթե նախկինում ՌԴ-ից ներմուծում էին 10 ընկերություններ, ապա վերջին ժամանակահատվածում այդ թիվը կրկնապատկվել է, և այս պահի դրությամբ Ռուսաստանից ներմուծում են 23 ընկերություններ»,-ասաց նա և հայտնեց, որ 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պատրաստի շաքարավազ, ինչը շուրջ 10 անգամ ավելի է նախորդ տարիների ցուցանիշներից:

Նրա խոսքով, այսպիսով, շուկայում շաքարավազի հումք և շաքարավազ ներմուծողների թիվը շուրջ 40 է, որոնցից 23-ը`ԵՏՄ-ից: Շաքարավազի տարեկան Հայաստանի սպառման ծավալները 2016 թվականին շուրջ 60 հազար տոննա են կազմում, իսկ նախկին տարիներին 90 հազար տոննա է կազմել:

Ինչ վերաբերում է մենաշնորհային դիրքին և նոր ընկերությունների համար բարենպաստ մրցակցային դաշտին, ապա ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետն ասաց, որ նշված փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակումներ չկան և ընկերություններն իրենք են որոշում, թե որտեղից ինչ ապրանք ներմուծել:

«Մենք կատարել ենք համապատասխան ուսումնասիրություն, և նոր ընկերությունների ի հայտ գալու միտումը նկատվում է ոչ միայն շաքարավազի, այլև այլ սպառողական ապրանքների գերակշիռ մասում: Մեր ուսումնասիրությունները ևս մեկ անգամ փաստում են, որ բարձր կենտրոնացված ապրանքներում մուտքի սահմանափակումներ, խոչընդոտներ չկան, և շատ ընկերություններ ներմուծումներ են կատարում, թեև ծավալները քիչ են»,-ասաց նա:

Ըստ նրա, եթե մենաշնորհային դիրք ունեցողները խոչընդոտներ առաջացնեին, ապա ներմուծողների թիվն այդքան չէր աճի:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>