Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նոր մանրամասներ է հրապարակել լրատվամիջոցների կողմից «Ադրբեջանական լվացքատուն» կնքված աղմկահարույց գործի վերաբերյալ:
Ի՞նչ է «Ադրբեջանական լվացքատունը»
Պարզվում է՝ Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ապօրինի ֆինանսական սխեմա է իրականացրել, որի միջոցով ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:
2012-2014թթ. ընթացքում փոխանցվել է 2.9 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամեն օր Ադրբեջանից միջինը 3 մլն դոլար է փոխանցվել: Ընդհանուր առմամբ, արվել է ավելի քան 16.000 փոխանցում ՝ տարբեր արժույթներով:
Թեև այդ գումարների ծագման աղբյուրը միշտ չէ, որ պարզ է, սակայն միանշանակ է, որ դրանք փոխանցվել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, նախարարությունների, ինչպես նաև վերջերս սնանկության մասին հայտարարած Ադրբեջանի միջազգային բանկի հետ կապված ընկերությունների կողմից:
Կանխիկ գումարը փոխանցվել է բրիտանական 4 օֆշորային ընկերությունների (Hilux Services, Polux Management, Metastar Invest , LCM Alliance) միջոցով: Այնուհետև գումարը ծախսվել է տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում:
Ինչպե՞ս է դա արվել
Արևմուտքի ֆինանսական համակարգի գրագետ օգտագործման միջոցով: Դանիայի խոշորագույն բանկը (Danske) վճարումներն իրականացրել է Էստոնիայում գտնվող փոքր մասնաճյուղի միջոցով, ինչը կասկածի տեղիք չի տվել: Բացի այդ, սխեմայի կազմակերպիչներն օգտվել են Մեծ Բրիտանիայում ընկերությունների գործունեության վերահսկման համակարգի թույլ կողմերից: Հետաքրքրական է, որ սխեմայում ներգրավված 4 բրիտանական օֆշորային ընկերությունների սեփականատերերի մասին որևէ տեղեկություն չկա: Ավելի ուշ Danske-ն խոստովանել է, որ իր մասնաճյուղի միջոցով արվող կասկածելի փոխանցումների մասին իմացել է միայն 2014թ. ու անմիջապես տեղեկացրել իշխանություններին՝ հետագա քայլերը թողնելով նրանց:
Ովքե՞ր էին «Ադրբեջանական լվացքատնից» գումար ստացողները
Մի շարք հայտնի եվրոպացի գործիչներ: Նրանցից մեկը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեն է: Ի դեպ, նա ԵԽԽՎ-ի այն պատվիրակներից մեկն էր, որը 2013թ. դեմ է քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող զեկույցին: Արտահոսած տեղեկությունների համաձայն՝ Վոլոնտեն Ալիևի վարչակազմին դատապարտող փաստաթղթին դեմ քվեարկելու համար ստացել է 2 մլն դոլար: Բացի այդ, պաշտոնյայի անունը շոշափվում է, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտության» սկանդալում, որը ևս կապված է Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի դիվանագետներին կաշառելու հետ: Այլ բարձրաստիճան կաշառք ստացողների թվում է գերմանացի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, որի հաշվին ադրբեջանական կողմը 819.500 եվրո է փոխանցել: Հայտնի է, որ երկրում կայացած վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Լինթները որպես դիտորդ Ադրբեջան է այցելել ու հետո արձանագրել, որ ընտրական գործընթացն իրականացվել է «գերմանական չափանիշերի» համաձայն: Դրա դիմաց նա Բաքվից ստացել է 61.000 եվրո:
Ովքե՞ր են ադրբեջանցի շահառուները
Նրանց մեծ մասը մայրաքաղաք Բաքվից են, օրինակ՝ երկրի ամենահարուստ ու ազդեցիկ ընտանիքներից մեկը՝ Մամադովները: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամադովին ու նրա որդուն: Շահառուներից են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Օրհան Սուլթանովն ու Անգլոադրբեջանական ընկերակցության բարձրաստիճան անդամ Ջովդաթ Գուլիևը, որոնց պնդմամբ՝ Ադրբեջանից իրենց հաշվին փոխանցվող գումարներն օրինական աշխատանքի դիմաց են:
Որտեղի՞ց են արտահոսել «Ադրբեջանական լվացքատան» մասին տեղեկությունները
Արտահոսքն ապահովել է դանիական Berlingske պարբերականը, որը բոլոր մանրամասներով կիսվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող լրագրողական նախագծի, The Guardian պարբերականի և այլ մեդիա գործընկերների հետ: