Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկիրն անպայման կմեծացնի Թուրքիայի հանդեպ տնտեսական ճնշումը՝ շարունակելով պայքարել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Ինչպես հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Մերկելն այս մասին խոսել է կանցլերի ընտրություններին ընդառաջ իր գլխավոր մրցակից Մարտին Շուլցի հետ հեռուստաբանավեճի ընթացքում:
Նույն եթերի ժամանակ Մարտին Շուլցը հայտարարել է, որ եթե նա հաղթի ընտրություններում՝ կաշխատի նպաստել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների ամբողջական դադարեցմանը:
Նշենք, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը՝ քաղաքական հայացքների պատճառով:
Կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: