ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումներին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացման, այդ թվում՝ Անկարային C-400 համալիրների մատակարարումներին»,- հայտարարել է դեսպանը:
Թուրք դեսպանը նշել է նաև, որ Անկարային ռուսական C-400 համալիրների մատակարարումների հարցում առաջընթաց կա, և տեխնիկական խորհրդակցությունները լավ են ընթանում:
«Կա առաջընթաց, տեխնիկական խորհրդակցություններն ընթանում են դրական ուղղությամբ, շփումները շարունակվում են»,- հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրվել է Անկարային ռուսական համալիրների մատակարարման մասին պայմանագիրը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու համար:
ՌԴ զինտեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերության` «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չի կարող մեկնաբանել Թուրքիայի հետ գործարքի մանրամասները:
Գործակալությունը նշում է, որ այդ գործարքն ազդարարում է, որ Թուրքիան երես է թեքում ՆԱՏՕ-ից, որի հետ համագործակցել է ավելի քան վեց տասնամյակ: