Իրաքի իշխանությունները հայտարարել են, թե ապացույցներ ունեն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ձուկ վաճառելու բիզնես են սկսել, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Իշխանությունների տվյալներով՝ զինյալները ստիպված են եղել եկամտի նոր աղբյուրներ գտնել այն բանից հետո, երբ մարտերի ընթացքում կորցրել են նավթի բազմաթիվ հանքերի վերահսկողությունը։
Մինչ այդ նավթի վաճառքն ԻՊ-ի համար եկամտի հիմնական աղբյուր էր համարվում։
Reuters գործակալության հավաստմամբ՝ զինյալների եկամուտների ամենամեծ մասն այժմ էլ նավթի վաճառքից է ստացվում։ Եկամուտների նվազումն ԻՊ-ի անդամները որոշել են կանխել ջրային ռեսուրսների հաշվին։
Իրաքի իշխանությունները պնդում են, որ Բաղդադից հյուսիս գտնվող լճերից ձուկ որսալը զինյալներին ամեն ամիս միլիոնավոր դոլարների եկամուտ է ապահովում։ Բացի այդ, ջիհադականները հարկեր են սահմանել քրիստոնյաների համար և տուրքեր են ստանում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք ապրանք բերելու համար։
Չնայած դրան՝ խմբավորման ընդհանուր եկամուտը մի քանի անգամ նվազել է։ Եթե անցյալ տարի այն կազմել է տարեկան 3 մլրդ դոլար, ապա այժմ ԻՊ-ի ամենամսյա եկամուտը գնահատվում է 56 մլն դոլար։