Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Արցախում իրավիճակի սրացմամբ պայմանավորված ՀԲ-ն չի փոփոխել 2016թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը. Լորա Բեյլի

$
0
0

Լորա Բեյլին մեջտեղում


Համաշխարհային բանկը չունի որևէ գնահատական՝ կապված տնտեսական վիճակի վատթարացման հետ, որը կարող է պայմանավորված լինել ԼՂՀ-ում իրավիճակի սրմամբ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք կանխատեսում, որ պատերազմական իրավիճակի սրումը կանդրադառնա ՀՀ-ի տնտեսական աճի վրա:


Միաժամանակ նա նշեց, թե իրենց փորձն այլ երկրների հետ ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների երկարատևության դեպքում դա ազդեցություն է ունենում ընդհանուր վստահության վրա, որն էլ իր հետևանքն է ունենում ուղղակի օտարերկրյա ներդրումների վրա: 


«Սակայն նման ազդեցություն մենք դեռևս չենք նկատում: Ուզում ենք նաև ասել, որ խոր ափսոսանք ենք ապրում նման իրավիճակի համար, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ հայ ընտանիքները և համայնքները հայտնվել են խիստ դժվարին կացության մեջ»,-ասաց նա և հայտարարեց, որ Համաշխարհային բանկը ծրագրային որևէ գործունեություն չի դադարեցնում Հայաստանում:


Լորա Բեյլին նշեց, որ կոնկրետ իրենք Ղարաբաղում չունեն որևէ ծրագիր, բայց մյուս կողմից ունեն ծրագրեր, որոնք օժանդակում են առողջապահությանը, գյուղատնտեսությանը Հայաստանի սահմանային շրջաններում՝ Սյունիք, Տավուշ և այդ գործունեությունները չեն դադարեցվել:


Անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին՝ նա նշեց, որ դիտարկելով առաջին երեք ամիսները՝ տնտեսության աճն ավելի դինամիկ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում է գրանցվել: Բայց նշեց, որ պետք է հաշվի առնել, որ առաջին եռամսյակը լուրջ սեզոնայության տարբերակ է կրում, ուստի չեն կարող ասել, որ մյուս ամիսներին էլ կարձանագրվի տնտեսական ակտիվություն: Ըստ այդմ էլ նա նշեց, որ այս պահին ՀԲ-ն որևէ փոփոխության չի ենթարկել 2016թ.-ի 2,2 տոկոս ՀՀ-ի տնտեսության աճի  կանխատեսումը:


Լորա Բեյլին նշեց թե գազի սակագնի նվազումը տնտեսության զարգացման համար էական ազդեցություն չի ունենա, չնայած բնականաբար իր ազդեցությունը կունենա սպառողների վրա և այն ծախսերի, որ կատարում են տնտեսվարողները: Նա նշեց, որ ընդհանուր տնտեսության մեջ էլ գազի սակագինը փոքր մասն է կազմում ծախսերի համար, որ ընկերությունները կատարում են:

 

Ըստ նրա՝ իրենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ՀՀ-ից կատարվող արտահանումների վրա և շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ այն, որ ՌԴ-ի և ԵՏՄ-ի վրայից պատժամիջոցները վերացվեն առաջիկա 3-6 ամիսների ընթացքում: «Դա շատ ավելի մեծ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-ասաց նա:

 

Լորա Բեյլին նաև նշեց, որ անցյալ տարի լավ տարի էր գյուղատնտեսության համար, բայց ի հակառակ դրան՝ այս տարի մարտին վատ եղանակներ եղան, որը կարող է բացասական անդրադառնալ բերքի արտադրության վրա: «Շարունակելու ենք հետամուտ լինել, պարզել, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,-ասաց նա: 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles