Ավտոարդյունաբերության ոլորտի ակտիվ մասնակիցները, հավանաբար, քաջատեղյակ են «Հետկանչ» կամ, այսպես կոչված, «Հատուկ մատուցվող ծառայություն» տերմիններին, որը կազմակերպվում է խոշոր ավտոարտադրողների կողմից:
Ի՞նչ է «Հետկանչ»-ը և ի՞նչ է իրենից ներկայացնում վերջինիս ընթացակարգը:
Երբեմն ավտոարտադրողներն իրենց գործարանում արտադրված մեկ կամ մի քանի ավտոմեքենաների որոշ թերություններ են բացահայտում, որոնք հետագա շահագործման ընթացքում կարող են հանգեցնել որոշակի խնդիրների: Քանի որ ընկերությունները պատասխանատվություն են կրում իրենց կողմից հաճախորդներին վաճառված ավտոմեքենաների համար, այդ իսկ պատճառով դրանք կազմակերպում են «Հետկանչ»՝ տվյալ անսարքությունների վերացմանն ուղված աշխատանքներ անցկացնելու նպատակով:
Այսպիսով, «Հետկանչ»-ն իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի ժամանակ ետ են վերադարձվում անսարքություն ունեցող մեքենաները` ստուգման կամ որոշակի մասի փոխարինման նպատակով: Տվյալ գործընթացը թույլ է տալիս կանխարգելել հետագա խնդիրների առաջացումը: «Հետ կանչված» ավտոմեքենաների վերանորոգումը կատարվում է անվճար, նույնիսկ եթե ավտոմեքենաները գտնվում են երաշխիքային ժամկետից դուրս:
Ավտոմեքենաների էլեկտրոնային համակարգերի բարելավման և կատարելագործման նկատառումներով «Հետկանչ»-երի քանակն, ինքնըստինքյան, սկսում է ավելանալ: Օրինակ՝ վերջին «Հետկանչ»-ը կապված էր «Tesla» էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող խոշոր կազմակերպության հետ: Ապրիլի 24-ին հաստատված տեղեկության համաձայն՝ տվյալ ընկերությունը հետ է կանչել «Tesla S» և «Tesla X» մոդելներից հիսուներեք հազար ավտոմեքենա:
Ըստ վերջին վիճակագրության՝ խոշոր և հայտնի կազմակերպությունները նույնպես կատարում են իրենց արտադրանքների «Հետկանչ»: Օրինակ «BMW» ավտոարտադրող ընկերությունը 2017թ-ի փետրվարին ետ է կանչել i3 մակնիշի երեք հազար ութ հարյուր ավտոմեքենա: Պատճառն ավտոմեքենայի լրացուցիչ բաքի արտահոսքի հավանականությունն էր:
2017թ-ի փետրվարին «Lamborghini» ավտոարտադրող ընկերությունը ետ է կանչել հինգ հազար ինը հարյուր էլեկտրական ավտոմեքենա, ինչի համար հիմք էր հանդիսանում մեքենայում հրդեհի բռնկման հավանականությունը:
2016թ-ի մարտին «Volkswagen» և «Porsche» ընկերությունները ետ են կանչել մոտավորապես ութ հարյուր հազար ավտոմեքենա: «Հետկանչ» -ի պատճառը տվյալ դեպքում «Touareg» և «Cayenne» մակնիշի ավտոմեքենաների արգելակման ոտնակների հնարավոր անսարքությունն էր:
2016թ-ի հունվարին «Volkswagen» ավտոարտադրող ընկերությունը ետ է կանչել «VW Caddy» մակնիշի քսանմեկ հազար ավտոմեքենա, որի պատճառն էր կապոտի բացման հետևանքով շարժիչի միացման հավանականությունը:
2015թ-ի նոյեմբերին «Tesla» ընկերությունը ետ է կանչել բոլոր Model S մակնիշի մեքենաները (90 000 հատ): Այս դեպքում պատճառն առջևի նստատեղի անվտանգության գոտու անսարքության հավանականությունն էր:
Հավանաբար նկատեցիք, որ վերոնշյալ օրինակներում առանցքային էին «հնարավոր» կամ «հավանական» արտահայտությունները: Սա վկայում է այն մասին, որ անսարքությունը հնարավոր և հավանական է, բայց ոչ պարտադիր:
Եվ այսպես, «Հետկանչ»-ը մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս արտադրողին անել հնարավոր ամեն ինչ սպառողին հավանական խնդիրներից զերծ պահելու համար: Տրանսպորտային միջոցների «Հետկանչ»-ը սովորական գործընթաց է դարձել ժամանակակից աշխարհում:
Նրանք, ովքեր սերտորեն հետևում են ավտոմոբիլային արդյունաբերության զարգացմանը, նկատած կլինեն, որ տվյալ ցուցակը իր մեջ չի ներառում «Takata» ընկերությանը, որը զբաղվում է ավտոմեքենաների անվտանգության բարձիկների արտադրությամբ: Առաջին «Հետկանչ»-ի դեպքը, կապված «Takata» ընկերության կողմից արտադրված անվտանգության բարձիկների հետ, գրանցվել է երկու տարի առաջ: Յուրաքանչյուր հինգերորդ ավտոմեքենան աշխարհում հագեցած է նշված ապրանքանիշի անվտանգության բարձիկներով: Դա մի համաճարակ էր, որն անդրադարձավ գրեթե բոլոր տրանսպորտային միջոցների վրա: Այս կապակցությամբ «Հետկանչ» են կազմակերպել այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են «BMW», «Toyota», «Nissan», «Honda», «Mazda», «Fiat Chrysler» ընկերությունները: Վերջինս մոտավոր հաշվարկով ետ է կանչել չորս միլիոնից ավել տրանսպորտային միջոց: 2017թ-ի մարտին «Toyota» ընկերությունը հայտարարեց «Հետկանչ» -ի երկրորդ ալիքի մասին:
Քանի որ Toyota բրենդը շատ սիրված է Հայաստանում, կա մեծ հավանականություն, որ շահագործվող «Toyota» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները կարող են հայտնվել ետ կանչված ավտոմեքենաների ցանկում: Այդ պատճառով ենթադրում ենք, որ տվյալ տեղեկությունը կհետաքրքրի Հայաստանյան հասարակությանը: Մենք կապ հաստատեցինք «Toyota» ընկերության պաշտոնական ներկայացուցչի հասարակության հետ կապերի բաժնի կառավարչի հետ: Վերջինս հաստատեց որոշ մակնիշի մեքենաների ետ կանչվելու փաստը:
Ստորև ներկայացված է «Toyota» ընկերության պաշտոնական ներկայացուցչի հասարակության հետ կապերի բաժնի մեկնաբանությունը տվյալ հարցի շուրջ.
«Մենք կցանկանայինք հստակեցնել, որ «Հետկանչ» ասվածը մեծամասամբ չի ենթադրում անսարքության պարտադիր առկայություն: Դրա նպատակն է հնարավոր անսարքության կանխարգելումը: Կցանկանայի նշել, որ «Toyota» ընկերությունում «Հետկանչ» ծառայությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»:
Այն պահին, երբ դիստրիբյուտորը ստանում է հաստատված տեխնիկական տեղեկություն ետ կանչված ավտոմեքենաների վերաբերյալ, որոնք վաճառվել են պաշտոնական ներկայացուցիչների կողմից, տեղեկությունը ակնթարթորեն փոխանցվում է տեղական ներկայացուցիչներին, որոնք էլ իրենց հերթին կապ են հաստատում մեքենաների սեփականատերերի հետ: Այնուհետև զբաղվում են «Հետկանչ»-ի կազմակերպման ընթացակարգը իրականացնելով: Պետք է նշել նաև, որ ներկայացուցիչը կարող է կապ հաստատել մեքենայի սեփականատիրոջ հետ այն պարագայում, երբ ունի վերջինիս կոնտակտային տվյալները: Հետևաբար, շատ կարևոր է տեղեկացնել ներկայացուցչին կոնտակտային տվյալների փոփոխության մասին:
Կցանկանայի նաև նշել, որ «Toyota»-ն հսկայական քայլ է արել՝ ուղղված ավտոմեքենաների ստուգման գործընթացի արագացմանը: Հատուկ ծրագիր է մշակվել, որը թույլ է տալիս մեր հաճախորդներին ստուգել իրենց ավտոմեքենաների ներկայիս կարգավիճակը:
Ավտոմեքենայի սեփականատերը, այցելելով ընկերության պաշտոնական www.toyota.am/vincheck կայք էջը և մուտքագրելով հատուկ VIN կոդը, կարող է իրազեկվել իր ավտոմեքենայի՝ ետ կանչված ավտոմեքենաների ցանկում գտնվելու մասին:
Այն հաճախորդները, որոնք ավտոմեքենան ձեռք են բերել օգտագործված ավտոմեքենաների շուկայից կամ մեկ այլ երկրից, տեղեկություն ստանալու նպատակով պետք է vincheck@toyota-caucasus.com էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեն նամակ՝ նշելով VIN կոդը:
Քանի որ ետ կանչված ավտոմեքենաների ցանկը պարբերաբար թարմացվում է, Toyota-ն խորհուրդ է տալիս «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաների սեփականատերերին ժամանակ առ ժամանակ ստուգել իրենց տրանսպորտային միջոցները:
VIN կոդի առկայության դեպքում ավտոմեքենայի սեփականատերը պետք է կապ հաստատի Հայաստանում «Toyota»-ի պաշտոնական ներկայացուցչի հետ:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ «Հետկանչ»-ը ենթադրում է աշխատանքի անվճար իրականացում և որոշ մասերի փոխարինում՝ համաձայն կազմակերպության տեխնիկական փաստաթղթերի: