Հնդկաստանը որոշել է բոյկոտել Պեկինում ընթացող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովը, հայտնում է lenta.ru-ն՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը հղումով:
«Համախմբող նախագծերը պետք է իրականացվեն այն տարբերակներով, որոնք հարգում են ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,— նշվում է երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պեկինի առաջարկած նախագծում խոսվում է պակիստանա-չինական տնտեսական միջանցքի մասին, որը պետք է անցնի Հնդկաստանի և Պակիստանի համար վիճահարույց Գիլգիտ Բալտիստան տարածքով:
«Ոչ մի երկիր չի համաձայնի մի նախագծի հետ, որն անտեսում է իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն առնչվող կարևորագույն խնդիրները»,-նշվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Պեկինում մայիսի 14-15-ն ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համագործակցության համաժողովը, որին մասնակցում է 29 երկրի ղեկավար՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
2013 թվականին Չինաստանը հայտարարել էր տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որը ներառում է 2 հիմնական ուղղություն՝ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին և ծովային «Մետաքսի ճանապարհը»։ Խոսքն Արևելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարումների համար առևտրային միջանցքի ստեղծման մասին է։