Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեկնաբանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը չչեղարկելը:
Ինչպես հայտնում է թուրքական Haberler.com կայքը, Պուտինը հիշեցրել է Էրդողանին, որ 2015թ.-ին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո «կյանքը կանգ չի առել», և հարաբերությունների ճգնաժամային շրջանում ռուս ֆերմերները գտել են թուրքական լոլիկի այլընտրանքը. շատերը լուրջ վարկային ներդրումներ են արել տեղական լոլիկ աճեցնելու համար:
Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերներն ըմբռնումով կմոտենան այս իրավիճակին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
↧
Պուտինը մեկնաբանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը չչեղարկելը
↧