Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր՝ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանն անդրադառնալով նախաձեռնությանը, ասաց, որ սա այն եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծմանը, կապ ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրատնտեսական հարաբերությունները:
Դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի համար Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը կարևոր է:
«Հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»,- ասաց նա:
Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման միջոցառման կազմակերպիչներից Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանն էլ ասաց, որ նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել ստարտափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով «հրեշտակ ներդրողների» ցանց:
«Հրեշտակ ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,- ասաց նա:
Սեդա Մուրադյանը մատնանշեց, որ շատ հրեշտակ ներդրողներ չեն հանրայնացնում իրենց գործունեությունը, և նրանց հետ կապ հաստատելը նաև պաշտոնական մակարդակում շատ բարդ է: Իրենք էլ, նրա խոսքով, այսօրվա միջոցառման միջոցով հարթակ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափերի կայացմանը:
«Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և մեր նպատակն է ներդնել այս կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև՝ խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»,- ասաց նա:
Նշենք, որ վերոնշյալ միջոցառումը կազմակերպվել է ՀԼԱ-ի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի, Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային «Էնջել լաբսի»-ի համագործակցությամբ Երևանում: