Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի Kitty Hawk բրենդի արտադրած թռչող մեքենաներն այս տարվանից հասանելի կլինեն վաճառքի համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ թռչող մեքենաները կկոչվեն Kitty Hawk: Դրանք կլինեն էլեկտրական ու կկշռեն մոտ 100 կգ: Թռչող մեքենան օդում կկարողանա առավելագույնը զարգացնել 40 կմ/ժ արագություն:
Դրանց առավելություններից մեկն այն կլինի, որ թռչող մեքենաները վարել սովորելու համար կպահանջվեն հաշված րոպեներ:
Նշենք, որ առայժմ ներկայացվել է միայն Kitty Hawk-ի նախնական մոդելը, որը կարող է առավելագույնը բարձրանալ 10 մ-ի վրա:
Աղբյուրը նկատում է, որ նախնական մոդելն այդքան էլ նման չէ մեքենայի: Սակայն վաճառքում հայտնվելիք մոդելը նման կլինի սովորական մեքենայի։