Հայաստանում ձեռնարկվում են նոր միջոցառումներ՝ ուղղված հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը, ավանդական և նոր շուկաներում հանրայնացմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը՝ հայտարարելով, որ Ծաղկաձորում կոնյակի փառատոն կանցկացվի:
«Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն կբերի տնտեսական աճի: Կոնյակի փառատոնը, միանշանակ, մեծ դեր կունենա տնտեսական զարգացմանը ծրագրի իրականացման գործում»,- ասաց Խզմալյանը:
Նրա խոսքով՝ փառատոնն այնպես է նախագծվել, որ այն բազմակողմանի զարգացած ծրագիր լինի: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, սակայն ակնկալվում է 25 հազար մասնակից:
«Վերջերս Մոսկվայում կազմակերպվեց մեծ շնորհանդես՝ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու, որտեղ մենք ներկայացանք տարբեր ապրանքներով: Այժմ մենք ներկայացնելու ենք Հայաստանի ամենամեծ պրոդուկտը՝ կոնյակը, որի օգնությամբ զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրենք Հայաստանի վրա»,- շարունակեց Խզմալյանը:
«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը նշեց, որ փառատոնն անցկացվում է վարչապետի հովանու ներքո, միաժամանակ նկատեց, որ պետական մարմիններից իրենք ֆինանսական աջակցություն չեն ստանում:
Նրա խոսքով՝ վարչապետի աջակցությունը փառատոնի կարգավիճակը բարձրացնում է:
«Հատուկ տաղավարներ են պատվիրվել հենց կոնյակի փառատոնի համար, որոնք համապատասխանում են փառատոնների անցկացման չափանիշներին: Նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա, որին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություններ»,- ընդգծեց Կարապետյանը:
Բանախոսները գտնում են, որ Հայաստանում կարելի է զարկ տալ զբոսաշրջության ոլորտին:
Նրանք մատնանշեցին, որ Հայաստանը գրավիչ է նաև իր անվտանգ լինելով. «Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանը բավականին անվտանգ է, ինչը գրավում է զբոսաշրջիկներին»:
Խոսելով փառատոնի ֆինանսավորման մասին՝ բանախոսները նշեցին, որ աջակցություն ունեն տարբեր կազմակերպությունների կողմից, որոշների հետ էլ բանակցությունները շարունակվում են, ներդրվում են նաև անձնական միջոցներ:
↧
Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ է իր անվտանգությամբ. զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ (տեսանյութ)
↧