Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացումը բավարար չէ առկա բոլոր խնդիրները վերացնելու համար, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
«Մենք մեր ռուս գործընկերների հետ ցանկացած բանակցության ժամանակ շեշտում ենք, որ այս հարցն ամենակարևորն է: Մենք արդեն փոխանցել ենք նրանց, որ Ռուսաստանի կողմից արված քայլերը բավարար չեն առկա խնդիրներն ամբողջովին լուծելու համար», - ասել է Զեյբեկչին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա սառույցը դեռևս ամբողջությամբ չի հալվել:
Զեյբեկչին մանրամասնել էր, որ մինչճգնաժամային շրջանում թուրքական միրգ-բանջարեղենի մի շարք տեսակների արտահանումը ՌԴ դեռևս շարունակում է արգելված մնալ, այդպես անցյալ տարի Թուրքիան կորցրել է 450 մլն դոլարի միրգ-բանջարեղեն Ռուսաստան արտահանելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
↧
ՌԴ սահմանած տնտեսական պատժամիջոցների մասնակի չեղարկումը բավարար չէ առկա խնդիրները վերացնելու համար. թուրք նախարար
↧