Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ հարաբերությունների նման լարված փուլում շատ դժվար կլինի աշխատել Թուրքիայի հետ՝ տնտեսական համագործակցության ու աջակցության հարցերի շրջանակներում:
Ինչպես հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ Շոյբլեն նաև նշել է, որ այդ մասին պատրաստվում է ասել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հետ առաջիկայում սպասվելիք հանդիպմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Գերմանիայի ֆինանսների նախարարը նաև հայտարարել է, որ թուրք քաղաքական գործիչների հանդեպ գործի դրված ճնշումների միակ նպատակը Թուրքիային բռնած ուղուց հետ կանգնեցնելն է:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ:
↧
Նման պայմաններում Թուրքիայի հետ աշխատելը շատ դժվար կլինի. Գերմանիայի ֆիննախ
↧