Yahoo ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մարիսա Մայերը զրկվել է 2 միլիոն դոլար պարգևատրումից՝ հաքերների կողմից օգտատերերի էջերը կոտրելու հետ կապված դեպքի պատճառով: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներքին հետաքննության մասին զեկույցը:
Ընկերության տնօրենների խորհուրդը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ բարձրագույն ղեկավարությունը չի տեղեկացրել օգտատերերին, որ նրանց էջերը կոտրվել են 2014 թվականին: Նշվում է, որ հաքերային հարձակումն անդրադարձել է ավելի քան 1 միլիարդ օգտատիրոջ: Սկանդալի պատճառով ընկերությունը կորցրել է մոտ 350 միլիոն դոլար:
«Մայերին չի վճարվի ամենամյա պարգևատրումը և բաժնետոմսերի տեսքով պոտենցիալ պարգևատրումը, որովհետև Yahoo-ի հետաքննությունը պարզել է, որ նրա կառավարման խումբը չափազանց դանդաղ է արձագանքել 2014 թվականին հայտնաբերված հարձակումներից մեկին»,- ասված է գործակալության հաղորդագրությունում՝ վկայակոչելով Yahoo-ի տնօրենների խորհրդի որոշումը:
Բացի այդ, հետաքննության ֆոնին ընկերության գլխավոր իրավաբանական խորհրդատու Ռոնալդ Բելը հեռացվել է, քանի որ նրա բաժինը չի կարողացել միջոցներ ձեռնարկել: