ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել, ինչի կապակցությամբ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ պարզաբանում ներկայացնել։
«Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8% աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետև դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20% անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30% անկում (տես՝ http://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում նշված միտումների պարագայում նկատվել են նաև գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:
Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը և դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:
Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2 % անկման պարագայում դիտվել է նաև ճյուղի իրացման գների ինդեքսի -2 % անկում (տես` http://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաև սեզոնի տեղաշարժով պայմանավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել»,-ասվում է պարզաբանման մեջ։
Նախարարությունը ներկայացրել է գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար և 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները):