Ամերիկյան Faraday Future ընկերությունը, որը մտադիր է մրցակցել էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla Motors-ի հետ, պաշտոնապես ներկայացրել է իր առաջին մոդելը՝ 1050 ձիաուժ հզորությամբ էլեկտրական քրոսովերը:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը ստացել է FF 91 անվանումը, և դրա նախնական պատվերներն արդեն ընդունվում են՝ չնայած, որ մեքենայի գինը դեռևս չի հրապարակվել: Սակայն հայտնի է, որ պատվեր տալու համար հարկավոր է վճարել 5.000 դոլար:
Նշվում է, որ մեքենան կարողանում է մի լիցքավորմամբ անցնել 700 կմ տարածություն: Քրոսովերի երկարությունը 5.2 մ է, լայնությունը՝ 2.28մ, բարձրությունը՝ 1.59 մ: Այն 100կմ/ժ արագություն է զարգացնում 2.39 վայրկյանում, ինչը գերազանցում է Ferrari 488 GTB-ի ցուցանիշը:
Քրոսովերը համալրված է ուլտրաձայնային տվիչներով, տեսախցիկներով, LIDAR օպտիկական հեռաչափով, ինքնակառավարման համակարգով, ինչպես նաև 4 էլեկտրական շարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը 1050 ձիաուժ է:
Մեքենան կարող է ինքնուրույն կայանվել ու մոտենալ վարորդին, ինչպես նաև ավտոմատ ճանաչել նրա դեմքը:
Քրոսովերը հավաքվելու է Նևադայում: Առաջին պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան 2018թ.: