Ամանորյա խաղալիքների ու հարդարման, դեկորատիվ պարագաների (ժապավեններ, տոնական լույսեր, արձանիկներ և այլն) շուկայում նախորդ տարվա նույնն ժամանակահատվածի համեմատ նկատվել է որոշակի գնանկում` մոտ 5 տոկոսի չափով: Սակայն այս տարվա սեպտեմբերի նկատմամբ , երբ չի եղել ամանորյա պարագաների պահանջարկ, կա մոտ 10-15 տոկոսի թանկացում:
Սրանք «Պաշտպանված և իրազեկ» սպառող հասարակական կազմակերպության տվյալներն են, որոնք ամեն տարի իրականացվում են`տարբեր շուկաներում նախատոնական թանկացումները և կամ էժանացնումներն արձանագրելու մոնիտորինգի համար:
ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքներն իրականացվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղալիքների և ամանորյա հարդարման ապրանքների շուկաները ենթակա են մոնիտորինգի տարեկան 2 անգամ` ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին և յուրաքանչյուր տարվա ավարտին, ներառյալ նախատոնական օրերն ու տոները:
«Որպեսզի կարողանանք դեկտեմբերին վերլուծություններ իրականացնելիս ունենալ` 2 արդյունք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և նույն տարվա կտրվածքով: Ինչո՞ւ, որովհետև կուրսով պայմանավորված, հնարավոր են փոփոխություններ:
Ինչ վերաբերում է տոնածառներին ու ամանորյա հարդարման պարագաներին, ապա գները գրեթե նույնն են նախորդ տարվա համեմատ: Ուղղակի նախորդ տարվա համեմատ ավելի շատացել են ավելի էժան ապրանքները:
«Բայց խնդիրն այն է, որ կա իդենտիֆիկացման խնդիր` նույն ապրանքի՞ հետ գործ ունենք, թե ոչ: Օրինակ` մենք տեսնում ենք պայմանական ապրանք, որն արժե 30 հազար դրամ, հաջորդ օրը տեսնում ենք` 35 000 կամ 25 000 դրամանոց ապրանք: Բայց դա արդյո՞ք լրիվ նույնն ապրանքն է` նույն երկրի արտադրության և նույն որակի, այստեղ խնդիր է առաջանում»,-ասում է սպառողների շահերը պաշտպանող կազմակերպության նախագահը:
Բայց,քանի որ սպառողը միջինացված է գնումներ կատարում, Պիպոյանն արձանագրում է, որ գները մնացել են նույնը,և ավելին` մատչելի տեսականին շուկայում շատացել է:
Հատկապես գնանկումը նկատվում է նախորդ տարվա սեզոնային գույներն ու թրենդներ ներկայացնող ապրանքներում, իսկ մնացած դեպքերում կամ բալանսավորված կայուն գներ են, կամ թանկացել են 10-15 տոկոսով: Գումարած այն փաստը, որ Հայաստանում այս շուկայում տարին տարվա վրա էլ ավելի է ավելանում տեսականին:
Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ ամանորյա հարդարանքների շուկան այն ոլորտն է, որտեղ չկան մենաշնորհներ, և այս մեծ տեսականին հենց դրանով է պայմանավորված: Փոքր-քիչ այլ է վիճակը կոնկրետ տոնածառի խաղալիքների մասով, որտեղ ըստ նրա` կան մի քանի մեծ խաղացողներ, որոնք էլ կարգավորում են շուկան: