Հեղինակավոր Forbes ամսագրի տվյալներով՝ ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ընտանիքներից մեկը՝ Քարդաշյան-Ջեներ ազդեցիկ կլանը, 1 տարում՝ 2015թ. հունիսից-2016թ. հունիս, վաստակել է 122.5 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է իրապատում շոուների աստղերի շրջանում:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Keeping Up with the Kardashian շոուի մասնակիցների շարքում ամենաշատը վաստակել է 36-ամյա Քիմ Քարդաշյանը՝ 51 մլն դոլար: Պարբերականը նկատում է, որ նման բարձր ցուցանիշի համար սեքսուալ հայուհին մեծ մասամբ պարտական է սոցկայքերում ունեցած տասնյակ միլիոնավոր հետևորդների բանակին, որը պատրաստ է ձեռք բերել այն ամենը, ինչ Քարդաշյանը գովազդում է:
Հայտնի է, որ հեռուստաստղի եկամտի 40%-ն ապահովել է Kim Kardashian: Hollywood բջջային հավելվածը:
Հետաքրքրական է նաև, որ տվյալ ժամկետում Քարդաշյանն իր ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից, 17.5 մլն դոլարով ավելի գումար է վաստակել:
Վաստակած գումարի մեծության չափով Քարդաշյանին հաջորդում է ամենափոքր քույրը՝ 19-ամյա Քայլի Ջեները, որը կոսմետիկ պարագաների շարքի շնորհիվ աշխատել է 18 մլն դոլար:
Քսանմեկամյա սուպերմոդել Քենդալ Ջեները եզրափակում է լավագույն եռյակը՝ 17 մլն դոլար ցուցանիշով: Հայտնի է, որ բարեկազմ գեղեցկուհին միլիոններ է վաստակել Victoria's Secret, La Perla և Calvin Klein Underwear ընկերությունների հետ համագործակցության շրջանակում:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ Քարդաշյան-Ջեներ կլանի մյուս անդամները՝ Քրիս Ջեները, Քորթնի և Քլոե Քարդաշյանները, 1 տարում վաստակել են 11.5, 10 և, համապատասխանաբար, 15 մլն դոլար:
Մինչդեռ Քեթլին Ջեներն ու Ռոբ Քարդաշյանն ընդհանրապես չեն ներառվել ցուցակում՝ վաստակած գումարի քիչ քանակության պատճառով: