Եվրոյի գոտուց անդամ երկրների դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությունն արժութային միության ստեղծողների լուրջ սխալն է եղել: Այդ մասին BBC-ին հայտնել է եվրոպական միասնական արժույթի հիմնադիրներից մեկը՝ պրոֆեսոր Օտմար Իսինգը:
Նրա խոսքով՝ Հունաստանի, Պորտուգալիայի և Իտալիայի նման երկրների տնտեսական անկայունությունը Եվրամիության ներսում լուրջ անհավասարակշռություն է ստեղծում:
Եվրոպական կենտրոնական բանկի նախկին առաջատար տնտեսագետ Իսինգը նաև նշել է բացասական տոկոսադրույքների ազդեցությունը և աճող քաղաքական ճնշման պատճառով կենտրոնական բանկերի խոցելիությունը:
BBC-ին տված հարցազրույցում պրոֆեսորն ընդգծել է, որ եվրոգոտու հիմնական խնդիրները կառուցվածքային դժվարություններն են և հասարակության կողմից արժութային միության նկատմամբ աճող դժգոհությունը: